Գլխավոր տեղեկություն
Համար
N 404
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
05.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1995 թվականի N 404

 

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ 1995 թվականի հուլիսի 1-ից գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպական-իրավական բոլոր տեսակների ձեռնարկությունները, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները կամավոր հիմունքներով ապահովագրում են իրենց գույքը` Հայբաժնետերպետապի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած ապահովագրական այլ ընկերությունների միջոցով:

2. Հաստատել գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպական-իրավական բոլոր տեսակների ձեռնարկությունների, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գույքի կամավոր ապահովագրության օրինակելի կանոնները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
հուլիսի 5-ի N 404 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպական-իրավական բոլոր տեսակների ձեռնարկությունների, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների (այսուհետև` ձեռնարկություն) գույքի կամավոր ապահովագրության (այսուհետև` ապահովագրություն) պայմաններն ու կարգը:

2. Ապահովագրության ենթակա են գույքի հետևյալ տեսակները`

գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սպասվելիք բերքը (բացի բնական խոտհարքներից և արոտավայրերից).

խաղողի, պտղահատապտղային և մյուս բազմամյա տնկարկները, ծառերն ու թփերը.

խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները, այծերը` 6 ամսական, խոզերը, մուշտակավոր գազանները և ճագարները` 4 ամսական, տնային և ձվատու ցեղի թռչունները` 5 ամսական, իսկ թռչնաֆաբրիկաներում բրոյլերային և արտադրության թռչունները` մեկ ամսական հասակից, ձիերը, մեղվաընտանիքները.

շենքերը, կառույցները, հաղորդիչ կայանքները, գյուղատնտեսական տեխնիկան, ուժային, բանող և այլ միջոցները, արտադրանքը, հումքը, նյութերը և մյուս ապրանքանյութական արժեքները:

Ապահովագրության է ենթակա նաև այլ ձեռնարկություններից ու կազմակերպություններից սահմանված կարգով վարձակալված գույքը:

 

II. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

3. Դաշտային մշակաբույսերի և բազմամյա տնկարկների բերքն ապահովագրվում է կարկուտի, տարափի, փոթորկի, հրդեհի, ցրտահարվելու, երաշտի, ջրհեղեղի և կարանտին հիվանդությունների ու վնասատուների հետևանքով ոչնչանալու կամ վնասվելու դեպքում:

4. Պտղահատապտղային, խաղողի և մյուս բազմամյա տնկարկները, ծառերն ու թփերն ապահովագրվում են սառնամանիքների, տվյալ վայրի համար անսովոր առատ ձյան, երաշտի, ջրհեղեղի, փոթորկի, մրրիկի, կարկուտի, փլուզման, պայթյունի, ստորգետնյա ջրերի ներգործության, կայծակնահարության, հրդեհի, կարանտին հիվանդությունների, վնասատուների հետևանքով դրանց լրիվ կամ առանձին ծառերի (թփերի) ոչնչացման դեպքում:

5. Կենդանիներն ապահովագրվում են հիվանդությունների, տարերային աղետների, հրդեհի հետևանքով նրանց անկման կամ հարկադիր սպանդի դեպքում: Ապահովագրական դեպքերի թվին են դասվում նաև անասնաբույժի ցուցումով ապահովագրության պայմաններով նախատեսված պատճառների կամ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների հետևանքով կենդանիների հարկադիր մորթը:

Մատղաշ կենդանիները, որոնք չեն հասել սույն կանոնների 2-րդ կետում նշված հասակին, ապահովագրվում են տարերային աղետների, հրդեհի և էլեկտրական հոսանքի ներգործության հետևանքով անկման կամ հարկադիր մորթի դեպքում:

6. Տոհմային վկայագիր ունեցող խոշոր եղջերավոր անասուններն ապահովագրվում են նաև դժբախտ պատահարների դեպքում:

7. Շենքերը, կառույցները, հաղորդիչ կայանքները, գյուղատնտեսական տեխնիկան, տրանսպորտային միջոցները, արտադրանքը, հումքը, նյութերը և մյուս ապրանքանյութական արժեքները կարող են ապահովագրվել հրդեհի, կայծակնահարության, պայթյունի, ջրհեղեղի, երկրաշարժի, փոթորկի, տարափի, գետնի նստվածքի, կարկուտի, սողանքի, տվյալ վայրի համար անսովոր ցրտերի և առատ ձյան, տարերային աղետների պատճառով էլեկտրական հոսանքի դադարեցման, ստորգետնյա ջրերի ներգործության, վթարի, այդ թվում տրանսպորտային միջոցների, ջեռուցման, ջրմուղ-կոյուղու ցանցի վթարի հետևանքով ոչնչանալու կամ վնասվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հրդեհի կամ տարերային աղետի անակնկալ սպառնալիքի կապակցությամբ անհրաժեշտ է եղել դրանք քանդել կամ փոխադրել նոր վայր:

 

III. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ապահովագրության պայմանագրերը կնքվում են երկու օրինակից` մեկ տարի ժամկետով: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ապահովագրված են համարվում ցանքի (տնկման) օրվանից մինչև բերքահավաքի ավարտը:

9. Ապահովագրության պայմանագրեր չեն կարող կնքվել`

եթե կենդանիները հիվանդ են կամ հետազոտման ժամանակ բրուցելյոզի ու լեյկոզի նկատմամբ տվել են դրական հակազդում.

եթե վարակիչ հիվանդությունների նկատմամբ սահմանված է կարանտին, բացառությամբ այն կենդանիների, որոնք տվյալ հիվանդությամբ չեն վարակվում.

այն շենքերի, կառույցների և մնացած գույքի համար, որոնք գտնվում են կիսաքանդ կամ փլուզման ենթակա վիճակում:

10. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և բազմամյա տնկարկների բերքն ապահովագրվում է լրիվ արժեքի չափով: Գյուղատնտեսական մշակաբույսերի 1 հեկտարի բերքի արժեքը որոշվում է ելնելով տվյալ տնտեսության վերջին 5 տարիների միջին բերքատվությունից և պետական գնման կամ տվյալ տարվա շուկայական գներից:

11. Ապրանքանյութական արժեքների և կենդանիների գնահատումը կատարվում է ելնելով հաշվեկշռային արժեքից:

Բազմամյա տնկարկների, շենքերի և այլ հիմնական միջոցների արժեքը որոշվում է ելնելով հաշվեկշռային արժեքից (հաշվի առնելով դրանց մաշվածությունը):

12. Ապահովագրության պայմանագրով գույքի դիմաց հաշվարկված վճարները մուծվում են միանվագ` կանխիկ կամ անկանխիկ ձևով:

13. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների գույքի կամավոր ապահովագրության տարեկան հաշվարկային մուծումների դրույքաչափերը սահմանվում են համաձայն սույն կանոնների հավելվածի:

14. Ապահովագրական ընկերության կողմից ապահովադրին մատուցած լրացուցիչ ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով:

15. Ապահովագրության պայմանագրերը, որոնցով վճարվել են ապահովագրական հատուցումներ, գործում են մինչև ապահովագրության գումարի լրիվ հատուցումը, որից հետո ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարում է, և այդ մասին հայտնվում է ապահովադրին:

16. Ապահովադիրը պարտավոր է գրավոր հաղորդել և ապահովագրական ընկերությանը ներկայացնել`

գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ոչնչանալու (վնասվելու), ինչպես նաև կենդանիների հիվանդանալու մասին` ոչնչանալու և հիվանդությամբ վարակվելու օրվանից 3 օրվա ընթացքում.

մնացած գույքի ոչնչանալու մասին` 2 օրվա ընթացքում.

ապահովագրական պատահարի հետևանքով վնասված գույքի` հակահրդեհային կանոններին խիստ համապատասխան պահպանման մասին.

ձեռնարկության լուծարման մասին.

գույքի ոչնչացման կամ վնասման չափը որոշելու համար իրավասու մարմինների կողմից կազմված փաստաթղթերը:

Բերքի, գույքի և կենդանիների կորստի կամ վնասվելու մասին անհրաժեշտ է անմիջապես հայտնել ներքին գործերի մարմիններին:

17. Ապահովադիրը պարտավոր է պահպանել ապահովագրական պատահարից հետո մնացած ամբողջ գույքը (վնասված և չվնասված վիճակում)` մինչև ապահովագրական ընկերության ներկայացուցչի ներկայանալը:

18. Ապահովագրական ընկերությունը հաղորդումն ստանալուց հետո անմիջապես տեղում հանձնաժողովի միջոցով կազմակերպում է փորձաքննություն, զննում տեղանքը, ստուգում վնասված կամ ոչնչացված գույքը և կազմում համապատասխան ակտ:

Ապահովագրական ընկերությունն ապահովագրական պատահարի մասին հաղորդումը և վնասը հաշվարկելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո պարտավոր է 10 օրվա ընթացքում կազմել սահմանված ձևի ակտ:

19. Ապահովագրական հատուցման վճարումը կատարում է ապահովագրական ընկերությունը` նշված ակտը կազմելուց և իրավասու մարմիններից անհրաժեշտ փաստաթղթեր ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ապահովագրական ընկերությունն ապահովադրին վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ապահովագրական հատուցման գումարի 0.5 տոկոսի չափով:

20. Գյուղատնտեսական մշակաբույսերի գծով վնասի չափը որոշվում է տարեվերջին` բերքահավաքն ավարտելուց հետո:

21. Կենդանիների անկման դեպքում վնասի չափը որոշվում է ելնելով հաշվեկշռային արժեքից, իսկ կենդանիների հարկադիր սպանդի ենթարկվելու դեպքում` հաշվի առնելով սննդի համար պիտանի մսի և մուշտակավոր գազանների ու ճագարների մորթիների իրացումից ստացված գումարը: Կենդանիների հիվանդության և անկման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման պատճառների մասին եզրակացություն տալիս են անասնաբուժական ծառայությունները:

22. Կենդանիների անկման մասին ակտերով, առանց անասնաբուժական ծառայությունների եզրակացության, ապահովագրական հատուցում վճարվում է, եթե ստույգ որոշվել է կենդանիների անկումը հրդեհից, տարերային աղետներից և դժբախտ դեպքերից:

23. Հիմնական միջոցների կազմի մեջ մտնող գույքի լրիվ ոչնչացման դեպքում վնասի չափը որոշվում է նրա արժեքից հանելով մաշվածությունը, ավելացնելով ապահովագրական պատահարից հետո գույքը փրկելու և կարգի բերելու հետ կապված ծախսերը և հանելով պիտանի մնացորդների արժեքը: Հիմնական միջոցների մասնակի վնասվելու դեպքում վնասի չափը որոշվում է վերականգնման (վերանորոգման) արժեքի տոկոսային հարաբերության կամ միավորների միասնական գները կիրառելու եղանակով: Վերանորոգման նախահաշիվները կարող են կազմվել համապատասխան իրավասու կազմակերպությունների կողմից: Այլ կազմակերպություններից և ձեռնարկություններից վարձակալած հիմնական միջոցների կազմի մեջ մտնող գույքի վնասման դեպքում հատուցումը կատարվում է սեփականատիրոջը կամ նրա համաձայնությամբ` վարձակալին:

24. Ապահովագրված գյուղատնտեսական մշակաբույսերը, կենդանիները և մյուս գույքը ապահովագրական պատահարների հետևանքով ոչնչանալու (վնասվելու) դեպքում տվյալ շրջանի (քաղաքի) ապահովագրական ընկերության կողմից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, կազմվում է սահմանված ձևի ակտ: Եթե գույքը կամ կենդանիներն ապահովագրված են այլ շրջանում, ապա ակտը բոլոր փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է այն ապահովագրական ընկերությանը, որը կնքել է ապահովագրության պայմանագիրը:

25. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու ապահովագրական գումարի հատուցումը, եթե ապահովադիրը, հնարավորություն ունենալով հանդերձ, սահմանված ժամկետում չի հաղորդել գյուղատնտեսական մշակաբույսերի, բազմամյա տնկարկների, կենդանիների և գույքի ոչնչանալու կամ վնասվելու մասին, որի պատճառով հնարավոր չէ որոշել վնասի փաստացի չափը:

26. Ապահովագրական հատուցում չի վճարվում, եթե`

գույքի վնասվելը կամ ոչնչանալը տեղի է ունեցել ապահովադրի դիտավորյալ գործողության (անգործության) հետևանքով.

ապահովադիրը չի կատարել անասնաբույժի ցուցումը անբուժելի հիվանդ կամ դժբախտ պատահարի ենթարկված կենդանու վերաբերյալ.

եթե տարերային աղետի փաստը չի հաստատվել հիդրոմետ ծառայության կողմից:

27. Եթե ապահովագրված գույքի ոչնչանալը կամ վնասվելը տեղի է ունեցել երրորդ անձի կողմից հանցագործություն կատարելու հետևանքով, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով քրեական գործ է հարուցված, ապա ապահովադրին ապահովագրական հատուցման վճարումը կարող է կատարվել քրեական գործի քննության ընթացքում կամ նրա ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Եթե դատարանի դատավճռի (վճռի) համաձայն վնասի փոխհատուցումը կատարվել է վնասը պատճառած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, ապա ապահովադիրը ապահովագրական հատուցում չի ստանում:

29. Գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների վնասվելու դիմաց ապահովագրական հատուցման վճարումը կատարվում է վնասի 70 տոկոսի չափով, իսկ շինությունների և բազմամյա տնկարկների վնասվելու դիմաց` վնասի 100 տոկոսի չափով:

30. Վճարված ապահովագրական հատուցման գումարի սահմաններում վճարող ապահովագրական ընկերությանն է անցնում ռեգրեսիվ պահանջի իրավունքը:

31. Ապահովագրական հատուցումը ապահովադրին վճարվում է բանկային հիմնարկներում նրա հաշվին գումարը փոխանցելու միջոցով:

32. Ապահովադիրը, որը նախորդ 3 և ավելի տարիների ընթացքում անընդմեջ ապահովագրել է և չի ստացել ապահովագրական հատուցում, նոր ժամկետի համար ապահովագրության պայմանագիր կնքելիս օգտվում է ապահովագրական վճարների մինչև 40 տոկոսի չափով արտոնությունից:

33. Ապահովագրության պայմանագրերից բխող վեճերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են դատարանի կամ պետական արբիտրաժի կողմից:

 

Հավելված
գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող
կազմակերպական-իրավական բոլոր տեսակների
ձեռնարկությունների, գյուղացիական և
գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների
գույքի կամավոր ապահովագրության
օրինակելի կանոնների


Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ

 

Ապահովագրության ենթակա գույքի անվանումը

Դրույքաչափը
(տոկոս)

1

2


Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ապահովագրության
գծով համախառն բերքի լրիվ արժեքից
  
աշնանացան հացահատիկային մշակաբույսերի
գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն
մշակաբույսերի
կտավատի
շաքարի ճակնդեղի (գործարանային և կերի)
ծխախոտի
կերային մշակաբույսերի
տեխնիկական և այլ մշակաբույսերի (խորդենի,
արևածաղիկ և այլն)
կարտոֆիլի և բաց բնահողի բանջարեղենի
բանջարաբոստանային մշակաբույսերի
բանջարային մշակաբույսերի սերմերի
բոստանային մշակաբույսերի սերմերի
փակ բնահողում մշակաբույսերի
հնդավոր ծառատեսակների
մերձարևադարձային, ցիտրուսային և այլ
մշակաբույսերի
կորիզավոր ծառատեսակների
ընկուզենու
խաղողի
տնկարանների
ծաղիկների


17
14

24
9
7
16
14

13
18
7
20
1.5
28

19
30
22
16
6
14


Գյուղատնտեսական կենդանիների, ընտանի թռչունների, մեղվաընտանիքների, մուշտակավոր գազանների, ճագարների ապահովագրության գծով (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կենդանիների հաշվեկշռային արժեքից, բանող անասունների գծով` հաշվի առնելով բանեցվածությունը)


խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, այծեր
խոզեր
ձիեր, ավանակներ
մուշտակավոր գազաններ, ճագարներ
տնային թռչուններ
մեղվաընտանիքներ


0,5
0,3
1
8
6
3


Շենքերի, կառույցների, փոխանցման կայանքների, ուժային, բանող և այլ մեքենաների, փոխադրամիջոցների, սարքավորումների, գույքի, բազմամյա տնկարկների ապահովագրության գծով (լրիվ հաշվեկշռային արժեքից, հաշվի առնելով մաշվածությունը, իսկ արտադրանքի, հումքի և նյութերի ապահովագրության գծով` տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ դրանց արժեքից)

շենքեր, կառույցներ, փոխանցման կայանքներ, ուժային,
բանող և այլ մեքենաներ, փոխադրական միջոցներ,
սարքավորումներ
արտադրանք, հումք, նյութեր
բազմամյա տնկարկներ


0,6


0,2
0,3