Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (07.02.2007-29.05.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 փետրվարի 2007 թ.

թիվ 1

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 51 ԵՎ 81 ՄԱՍԵՐԻ ՄԱՍԻՆ

(պաշտոնական պարզաբանումը հետ է կանչվել 2024 թվականի մայիսի 29-ին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված N 15.4-07/362-24 գրության համաձայն)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, քննարկելով Հայաստանի բանկերի միության, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների դիմումները և հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) պարզաբանում է.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 51 մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով։

Օրենքի նույն հոդվածի 81 մասի համաձայն՝ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով։

Օրենքի 3-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ է համարվում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառությունը կամ վարկը։

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ։

Նման կարգավորման առկայության պարագայում բանկերն ու վարկային կազմակերպությունները Խորհրդին են ներկայացրել հետևյալ երեք հարցադրումները.

ա. հիփոթեքային վարկերը կամ փոխառությունները սպառողական են, թե ոչ,

բ. բանկերը և վարկային կազմակերպությունները կարո՞ղ են թողարկել վճարային, մասնավորապես, վարկային քարտեր, որոնցով պարտավորություններն արտահայտված են արտարժույթով,

գ. գյուղատնտեսական վարկերը կամ փոխառությունները համարվում են սպառողական, թե՞ ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ։

1. Անդրադառնալով առաջին հարցին՝ Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգում ի հայտ է եկել, և ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից օգտագործվում է «հիփոթեքային վարկ» անվանմամբ նոր ֆինանսական գործիքը։ Թեև Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալն էապես աճում է1, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության որևէ օրենքով սահմանված չէ «հիփոթեքային վարկ» հասկացությունը2։ Նման իրավիճակում ֆինանսական համակարգի մասնակիցներն ու նրանց հաճախորդները էապես դժվարանում են հիփոթեքային վարկերը սպառողական վարկերից տարանջատել։

Հաշվի առնելով հիպոթեքային վարկի հասկացությունը օրենքներով սահմանված չլինելու հանգամանքը, ինչպես նաև ֆինանսական համակարգում շփոթմունք չառաջացնելու և Հայաստանում հիփոթեքային վարկերի շուկան զարգացնելու անհրաժեշտությունը՝ Խորհուրդը կարևորում է այս բնագավառի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումը և օգտագործումը՝ մինչև դրանց հիման վրա Հայաստանում համապատասխան օրենքների ընդունումն ու ներդրումը։

Եվրամիության օրենսդրությունը ուսումնասիրելիս պարզվեց, որ գոյություն ունի սպառողական վարկերի վերաբերյալ համապատասխան ԵՄ դիրեկտիվ3, որը ոչ միայն տալիս է սպառողական վարկի հասկացությունը, այլև նշում է այն վարկերի տեսակները, որոնք սպառողական չեն։ Մասնավորապես, համաձայն նշված դիրեկտիվի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, այն վարկային պայմանագրերը, որոնք նպատակաուղղված են հողի կամ առկա, կամ նախագծված շենքի ձեռքբերման, կամ վերանորոգման, կամ վերակառուցման համար, չեն դասվում սպառողական վարկերի շարքին։ Հաշվի առնելով, որ թե Հայաստանում և թե միջագգային պրակտիկայում «հիփոթեքային վարկ» տերմինը հիմնականում կիրառվում է անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման կամ վերակառուցման ֆինանսավորման դեպքում, կարելի է եզրակացնել, որ նշված դիրեկտիվի մեջբերված դրույթը վերաբերում է հիփոթեքային վարկերին։

Հաշվի առնելով նշվածը՝ Խորհուրդը պարզաբանում է, որ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերը սպառողական վարկեր4 չեն։ Այդ իսկ պատճառով Օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի պահանջները չեն տարածվում հիփոթեքային վարկերի վրա այնքան ժամանակ, քանի դեռ «հիփոթեքային վարկ» կամ «փոխառություն» հասկացությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված չէ։

2. Անդրադառնալով երկրորդ հարցին՝ Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգի» 19.2 կետի՝ ֆիզիկական անձ քարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, մտավոր աշխատանքի արդյունքների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով, իսկ նույն կարգի 22.2 կետի համաձայն՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ իրավաբանական անձ) քարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված անկանխիկ հաշվարկների, այդ թվում՝ գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց հաշվարկային, վարկային քարտերով վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։ Դա նշանակում է, որ վճարումը վճարային քարտով կատարելու դեպքում ապրանքի արժեքը գանձվում և քարտային անդորրագրի (սլիպի) վրա նշվում է բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով՝ անկախ թողարկված վճարային քարտի արժույթից։

Հայաստանում նման մեխանիզմի առկայության պարագայում, վճարային, մասնավորապես, վարկային և հաշվարկային քարտերով կատարվող գործարքները համապատասխանում են Օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի պահանջներին, թեկուզև վարկային և հաշվարկային քարտերով կատարված գործարքներով քարտապանի պարտավորությունը բանկի հանդեպ և վարկային կամ հաշվարկային քարտով քարտապանին տրամադրված լիմիտը արտահայտված լինեն արտարժույթով։

3. Անդրադառնալով երրորդ հարցին՝ Խորհուրդը եկավ հետևյալ եզրահանգման.

Հայաստանում ներկայումս տրամադրվող գյուղատնտեսական վարկերն ու փոխառությունները հիմնականում ուղղված են գյուղական բնակավայրերում զբաղվածության և գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտների ավելացմանը։ Նման պայմաններում այն վարկերն ու փոխառությունները, որոնք տրամադրվում են գյուղատնտեսական վարկային ակումբներին, գյուղացիական տնտեսություններին կամ գյուղատնտեսական գործունությամբ զբաղվող անձանց՝ նրանց գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման նպատակով, չեն կարող համարվել սպառողական վարկեր կամ փոխառություններ։ Այդ իսկ պատճառով Օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի պահանջները չեն տարածվում սույն պարբերությունում նշված վարկերի ու փոխառությունների վրա։ Այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ գյուղատնտեսական վարկ կամ փոխառություն տրամադրող անձինք մինչև ֆինանսավորման տրամադրումը ֆինանսավորվողից ճշտեն ֆինանսավորման նպատակը և այն նշեն ֆինանսավորման (վարկային) գործում։

 

_______________________

1 2006 թվականի արդյունքներով հիփոթեքային վարկերի ծավալը Հայաստանում կազմել է մոտ 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծավալի աճը մոտ 110 %:

2 Թեև մի քանի օրենսդրական ակտերում (ինչպիսին է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը) օգտագործվում է «հիփոթեքային վարկ» տերմինը, սակայն չի սահմանվում դրա հասկացությունը:

3 COUNCIL DIRECTIVE of 22 December 1986 for the approximation of the laws, regulations and administrative provisions of the Member State concerning consumer credit (87/102/EEC):

4 Հատկանշական է նաև, որ հիփոթեքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է որպես ուրույն ինստիտուտ:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 15
Երևան