ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 1995 թվականի N 329
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՌԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միասնական համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի ժամանակավոր կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 1995/96 ուսումնական տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնել բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգը` ըստ նրանց պատրաստվածության աստիճանի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի
1. Բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգի (այսուհետև` եռաստիճան համակարգ) հիմնական խնդիրներն են`
պատրաստել հասարակության զարգացման պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ` ժողովրդական տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների համար.
ապահովել կրթության անընդհատությունն ու հաջորդականությունը:
2. Եռաստիճան համակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:
3. Եռաստիճան համակարգն ընդգրկում է`
ա) առաջին աստիճանը, որի քառամյա ուսումնառության ընթացքում ուսանողներն ստանում են հիմնարար գիտելիքներ ընդհանուր մասնագիտական առարկաներից, ինչպես նաև ձեռք են բերում որոշակի գիտական պաշար` տնտեսագիտության, իրավագիտության, պատմության, բարոյագիտության, հոգեբանության, բնապահպանության (էկոլոգիայի) և սոցիոլոգիայի բնագավառների գծով, ինչպես նաև անհրաժեշտ մասնագիտական ունակություններ` ստացած գիտելիքները համապատասխան բնագավառում և արտադրության կազմակերպման գործում կիրառելու համար.
բ) երկրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ընդհանուր մասնագիտական առարկաների հատուկ խորացված դասընթացներ և լրացուցիչ մասնագիտական առարկաներ, ձեռք են բերում տվյալ նեղ մասնագիտության գծով անհրաժեշտ խոր գիտելիքներ.
գ) երրորդ աստիճանը, որի երկամյա ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում ինքնուրույն գիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներ, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու հմտություններ և ունակություններ:
4. Բարձրագույն ուսումնական հաստատություններում եռաստիճան համակարգի յուրաքանչյուր աստիճանում ուսուցումը կազմակերպվում է ըստ մասնագիտությունների անվանացանկի սահմանված կարգով հաստատված դրանց որակավորման բնութագրերի առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների:
5. Եռաստիճան համակարգի առաջին աստիճանի մասնագետի (բակալավրի) որակավորում ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են ավագ դպրոցների, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների շրջանավարտները` սահմանված կարգով ընդունելության քննություններ հանձնելուց և մրցույթով անցնելուց հետո:
Եռաստիճանի համակարգի երկրորդ աստիճանի ավագ մասնագետի (մագիստրոսի) և երրորդ աստիճանի հետազոտողի որակավորումներ ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում համապատասխանաբար առաջին և երկրորդ աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող շրջանավարտները կամ համապատասխան բուհի ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորության կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի առկայության, բուհի կողմից սահմանված շեմային պայմանների բավարարման դեպքում` մրցութային հիմունքներով:
6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության առաջին և երկրորդ աստիճանների ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի ընդհանուր քանակը պահպանվում է պետական պատվերով և ըստ վճարովի ուսուցման տեղերի, իսկ երրորդ աստիճանինը` միայն պետական պատվերով:
7. Բարձրագույն ուսումնական հաստատության առաջին և երկրորդ աստիճանների ուսումնառությունն ավարտվում է սահմանված կարգով պետական քննությունների հանձնմամբ և ավարտական աշխատանքի (նախագծի) պաշտպանությամբ, երրորդ աստիճանի ուսումնառությունը` միայն սահմանված քննությունների հանձնմամբ:
8. Բարձրագույն ուսումնական հաստատության եռաստիճան համակարգի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է տվյալ մասնագիտության գծով համապատասխան աստիճանի որակավորում և սահմանված նմուշի ավարտական վկայական (դիպլոմ):
9. Երրորդ աստիճանի շրջանավարտները, ձեռք բերելով հետազոտողի որակավորում, իրավունք են ստանում բուհի գիտական խորհրդի որոշմամբ ուսումնառությունը ևս մեկ տարի շարունակելու և պաշտպանելու գիտական ատենախոսություն: