ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1946 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 նոյեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1946 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան ստորագրվել է 1946 թ. փետրվարի 13-ին` Նյու Յորքում: Կոնվենցիան, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 104 և 105 հոդվածների վրա, նպատակ ունի ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքում այդ կազմակերպության և նրա պաշտոնյաների համար ապահովել այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք թույլ կտան արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները:
2. Կոնվենցիայով ՄԱԿ-ին վերապահվում է իրավաբանական անձի կարգավիճակ: Իր այդ կարգավիճակում այս կազմակերպությունը կարող է կնքել պայմանագրեր, ձեռք բերել և տնօրինել գույք, հանդես գալ դատարանում:
Կոնվենցիան անձեռնմխելիություն է տրամադրում ՄԱԿ-ի շինություններին, ակտիվներին, գույքին և արխիվներին, քանի դեռ ՄԱԿ-ը կամավոր չի հրաժարվում այդ անձեռնմխելիությունից:
3. Կոնվենցիայի մասնակից պետություններն ստանձնում են ֆինանսական պարտավորություններ` կապված ՄԱԿ-ը, նրա արխիվները, եկամուտներն ու գույքը` ուղղակի հարկերից, կազմակերպության հրատարակումները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար ներմուծվող և արտահանվող ապրանքները մաքսատուրքերից ազատելու հետ: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև հարկումից ազատել ՄԱԿ-ի պաշտոնյաների աշխատավարձերը, կոնվենցիայով նախատեսված դեպքերում մաքսատուրքերից ազատել նրանց կողմից ներմուծվող ապրանքները:
4. Կոնվենցիային համապատասխան` ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքում անձեռնմխելիությունից և արտոնություններից օգտվում են.
- ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները` ՄԱԿ-ի գլխավոր և օժանդակ մարմիններում և նրանց կողմից հրավիրված խորհրդաժողովներում,
- ՄԱԿ-ի պաշտոնյաները` Գլխավոր քարտուղարի կողմից սահմանված ցանկին համապատասխան,
- ՄԱԿ-ի կողմից գործուղված փորձագետները:
5. Կոնվենցիայով արտոնությունները և անձեռնմխելիությունները Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչներին տրամադրվում են ոչ թե անձնական շահերի, այլ ՄԱԿ-ի հետ կապված իրենց գործառույթների անկախ իրականացման համար: ՈՒստի, ըստ կոնվենցիայի, անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է զրկել իր ներկայացուցչին անձեռնմխելիությունից, երբ, անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և դրանից զրկելը կարող է տեղի ունենալ առանց վնասելու այն նպատակին, որի համար տրվել է անձեռնմխելիությունը:
6. Կոնվենցիայի համաձայն ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին տրամադրվող արտոնությունները և անձեռնմխելիությունները չեն կիրառվում ներկայացուցչի և այն պետության իշխանությունների միջև հարաբերություններում, որի քաղաքացին է նա հանդիսանում, կամ որի ներկայացուցիչն է հանդիսանում, կամ հանդիսացել է:
7. Մասնակից պետությունները պարտավորվում են ճանաչել նաև ՄԱԿ-ի կողմից իր պաշտոնյաներին տրվող անցագրերը և նրանց մուտքի արտոնագրեր տրամադրել արագացված կարգով:
8. Սույն կոնվենցիայի 18-րդ բաժնի գ) կետի դրույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել վերապահմամբ, ըստ որի` այդ դրույթները չեն տարածվում ՀՀ քաղաքացիների վրա:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1946 թ. փետրվարի 13-ին Նյու Յորքում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|