Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-399
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի ՀՆ-1634 թվակիր դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2002 թ. նոյեմբերի 5-ին` Երևանում: Դրանով փաստորեն առարկայացվում են այն պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ստանձնել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» համաձայնագրով:

2. Հայկական կողմը պարտավորվում է.

ա) Ռուսական կողմին ի սեփականություն փոխանցել «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` իրեն պատկանող 100 տոկոսը (գույքային համապատասխան համալիրը),

բ) փոխանցվող գույքի համաձայնեցված արժեքի (56,29 միլիոն ԱՄՆ դոլար) համապատասխան գումարը համարել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ներդրում` տրամադրելով «Մարս» փակ բաժնետիրական ընկերությանը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ,

գ) արտոնել Ռուսաստանի Դաշնությանը նշված գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման, սեփականության կազմակերպաիրավական ձևն առանց որևէ սահմանափակման փոփոխելու իրավունք,

դ) ազատել փոխանցվող գույքը բոլոր պարտքերից, ծանրաբեռնվածություններից և երրորդ անձանց իրավունքներից,

ե) ճանաչել «Մարս» ՓԲԸ-ի և նրա իրավահաջորդի սեփականության իրավունքը գիտատեխնիկական գործունեության արդյունքների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ,

զ) տրամադրել «Մարս» ՓԲԸ-ին և նրա իրավահաջորդին կանոնադրական գործունեության իրականացման իրավունքը հաստատող փաստաթղթեր, ստեղծել բարենպաստ պայմաններ ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու համար, երաշխավորել օրինական ճանապարհով ստացած իր դրամական միջոցների անարգել օգտագործումը, արտարժույթով փոխարկումն ու Ռուսաստանի Դաշնություն փոխանցելը:

3. Արձանագրությունում սահմանվում են գույքի հանձնման և ընդունման, գույքի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության սեփականության իրավունքի գրանցման կարգը և ժամկետները: Հստակեցվում է նաև Կողմերի միջև կնքված այն միջկառավարական համաձայնագրերի ցանկը, որոնցով տրամադրված պետական վարկերի հաշվին կնվազեցվի Ռուսաստանի Դաշնության հանդեպ Հայաստանի Հանրապետության պարտքի չափը:

Համաձայնագրի սահմանադրականության տեսակետից հարկ է կարևորել` ա) որ պետությունը փոխանցում է Ռուսական կողմին «Մարս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սոսկ իր մասը, բ) նախատեսում է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, գ) գործում է իր միջազգային պարտավորությունների շրջանակում` մի շարք պետությունների կառավարությունների հետ կնքված` ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին պայմանագրերում նախատեսված իրավական ռեժիմին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Մարս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-399