Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-613
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4095 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2005 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հուլիսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4095 AM զարգացման վարկի համաձայնագրում (Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, իրավակիրառական պրակտիկայի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի հուլիսի 20-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է:

Ըստ համաձայնագրի` Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ի (մինչև 2004 թ. մայիսի 1-ը կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»` քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

Համաձայնագրի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի և փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնի և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները` 2004 թվականի մայիսի` «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման» ուղեցույցների 1-ին և 4-րդ բաժիններին և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան:

Համաձայնագիրն ունի վեց հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր», «Հավելված 5. Հատուկ հաշիվ» և «Հավելված 6. Ծրագրի Ա.1.բ, Ա.2. և Գ մասերի ընթացակարգերը, ժամկետները և պայմանները»:

2. Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուի փոքր և միջին ծավալի գյուղական ձեռնարկությունների զարգացմանը` մեծացնելով ֆերմերների և գյուղական ձեռներեցների` շուկա մուտք գործելու կարողությունը, խթանելով գյուղական վայրերում շուկայական կողմնորոշում ունեցող մասնավոր և պետական ներդրումները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից, «Մաս Ա. Աջակցություն փոքր գյուղական ձեռնարկություններին», որը ներառում է ԳՖԿ գյուղական ֆինանսական ծառայությունների հզորացումը, ՄՖՀ-ների տեղական կարողությունների զարգացման համար խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, շրջանառու կապիտալի և երկարաժամկետ ներդրումային կապիտալի տրամադրումը, շուկայի մատչելիության մեծացման և արտադրողների ու վերամշակողների միջև կապերի ամրապնդման համար դրամաշնորհների տրամադրումը, «Մաս Բ. Աջակցություն ֆերմերային տնտեսության զարգացմանը», որը ներառում է ապակենտրոնացված գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի հզորացումը, խորհրդատվական համակարգի հստակեցումը, տեխնոլոգիաների գնահատումը և տարածումը, գյուղական վայրերում աջակցության շրջանակների ընդլայնումը, Վարկառուի սերմերի և տնկիների շուկայի հզորացումը, «Մաս Գ. Համայնքների տնտեսական զարգացում», որը ներառում է համայնքային գրասենյակների օգնությամբ համայնքների տնտեսական զարգացման պլանի մշակումը և համայնքի տնտեսական զարգացման պլանում ընդգրկված համայնքային առաջնահերթ ներդրումների ֆինանսավորման համար դրամաշնորհների և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը, «Մաս Դ. Ծրագրի իրականացում», որը ներառում է Ծրագրի արդյունավետ իրականացման համար աջակցությունը ԾԻԳ-ին:

Նախատեսվում է Ծրագիրն ավարտել 2009 թվականի նոյեմբերի 30-ին:

3. Ըստ համաձայնագրի` Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման նպատակով համաձայնագրում նշված ժամկետներում և պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել տասներեք միլիոն երեք հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR 13.300.000) համարժեք գումար:

Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի տարբեր ուղղություններ` աշխատանքներ, ապրանքների ձեռքբերում, վերապատրաստում, խորհրդատվական ծառայություններ, գործառնական ծախսեր ԳՖԿ-ի համար, ԳԱՀԿ-ների և Վարկառուի սերմերի գործակալության համար միջոցներ և այլն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ 13,3 մլն SDR վարկային միջոցների ավելի քան 6 միլիոնը նախատեսվում է տրամադրել որպես դրամաշնորհ, որի բաշխումը չպետք է խտրական իրավիճակ առաջ բերի:

Վարկի փակման օրը 2010 թ. մայիսի 31-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից:

Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.

- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել պարտավճար` տարեկան 0.5% տոկոսադրույքով,

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված և չվճարված գումարներից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար` տարեկան 0.75% տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին, սկսած 2015 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2045 թվականի հունիսի 15-ը, մարել վարկի հիմնական գումարը,

- ԾԻԳ-ի միջոցով պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը` պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները և սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ,

- վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,

- Ընկերակցության համար ընդունելի ժամկետներով և պայմաններով բացել նախնական ավանդով Ծրագրի հաշիվ` 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով,

- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների ծախսերի 10 տոկոսը, ապրանքների ծախսերի 20 տոկոսը, ԳՖԿ-ի համար խորհրդատվական ծառայությունների և աճող գործառնական ծախսերի 50 տոկոսը` մինչև 2007 թ. դեկտեմբերի 31-ը և 80 տոկոսը` այդ ժամկետից հետո, ԳԱՄԿ-ների, ԳԱՀԿ-ների և Վարկառուի սերմերի գործակալության համար խորհրդատվական ծառայությունների և աճող գործառնական ծախսերի 25 տոկոսը` մինչև 2007 թ. դեկտեմբերի 31-ը և 65 տոկոսը` այդ ժամկետից հետո:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թ. հուլիսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4095 AM զարգացման վարկի համաձայնագրում (Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


4 հոկտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ-613

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան