Գլխավոր տեղեկություն
Համար
N 330
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.1997-20.09.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997

040.0330.09.08.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
9 օգոստոսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 1997 թ. N 330
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարևորությունը փախստականների հիմնահարցերի լուծման գործում և փախստականների բնակարանների հաշվառման ու բաշխման մեկ միասնական համակարգ ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և հերթագրման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
օգոստոսի 9-ի N 330 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելու, ինչպես նաև նրանց բնակելի տարածություն հատկացնելու կարգը:

2. Սույն կարգով բնակարանային ֆոնդ հասկացությունը ներառում է փախստականների համար ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության, այլ միջազգային կազմակերպությունների և պետությունների հատկացրած միջոցների հաշվին և այլ եղանակներով կառուցվող բնակելի մակերեսը:

3. Երևան քաղաքում բնակվող և սույն կարգով հաշվառված փախստականներին բնակելի մակերես հատկացվում է Երևան քաղաքի սահմաններից դուրս, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան չի սահմանված:

4. Բնակարանի կարիք ունեցող փախստականներին բնակելի տարածություն հատկացվում է հետևյալ կարգով` մեկ ընտանիքին առանձին բնակարան:

5. Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը, բնակելի տարածությունների հատկացման հերթականության որոշումը, ինչպես նաև բնակելի տարածության հատկացումն իրականացվում են հրապարակայնության պայմաններում:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը կից ստեղծվում է փախստականներին բնակարաններ հատկացնող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով), որի կազմի մեջ կարող են մտնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, տվյալ մարզի և համայնքի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակի ներկայացուցիչը, փախստականների շահերը ներկայացնող հասարակական, բարեգործական կազմակերպությունների լիազորած անձինք:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն իրականացվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի` սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:

7. Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն փախստականները, որոնք ներկայացրել են հաշվառման վերցվելու մասին դիմում, բնակարանային պայմանների մասին համապատասխան տեղեկանք և ժամանակավորապես բնակվում են`

դպրոցներում,

մանկապարտեզներում,

ժամանակավոր կացարաններում,

վթարային, խարխուլ տներում, բարաքներում, նկուղային շենքերում և բնակության համար ոչ պիտանի շինություններում ու այլ վայրերում,

ազգականների մոտ,

ապօրինի զբաղեցրած բնակարաններում,

հանրակացարաններում,

հյուրանոցներում,

վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդի տներում`

ենթավարձակալությամբ:

8. Հաշվառման է վերցվում այն փախստականը, որը սահմանված կարգով ճանաչվել է փախստական` անկախ տվյալ բնակավայրում փաստացի բնակվելու ժամկետից և գրանցման առկայությունից:

9. Սույն կարգը չի տարածվում այն փախստականի և նրա ընտանիքի անդամի վրա, որոնք իրենց նախկին մշտական բնակության վայրում (այլ պետության տարածքում) իրենց բնակարանը փոխանակել են Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ բնակարանի հետ կամ ստացել են բնակարան, կամ սեփականության իրավունքով ձեռք են բերել բնակարան:

10. Հաշվառվել կարող է ընտանիքի միայն մեկ անդամը, ընդ որում, հաշվառվող անձը որոշվում է ընտանիքի չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:

11. Փախստականները հաշվառման վերցվելու մասին դիմումը ներկայացնում են սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ըստ փաստացի բնակության վայրի: Դիմումի մեջ նշվում է, թե ընտանիքի քանի անդամ (այդ թվում` նաև անչափահաս) է վերցվում հաշվառման: Դիմումն ստորագրում են ընտանիքի բոլոր չափահաս անդամները:

Անհրաժեշտության դեպքում սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հարցումով դիմումին կցվում են բժշկական հիմնարկից, սանէպիդկայանից տրված և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Դիմումները գրանցվում են բնակարանի կարիք ունեցող փախստականների դիմումների հաշվառման ընդհանուր մատյանում (N 1 հավելված):

12. Դիմումներ ներկայացրած փախստականների բնակարանային պայմանները մանրակրկիտ ստուգում է սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների առնվազն 3 անձից բաղկացած խումբը (որի կազմում կարող են ընդգրկվել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ) և կազմում համապատասխան ակտ (N 2 հավելված):

13. Հաշվառման վերցվելու մասին փախստականների դիմումները նրանց բնակարանային պայմանների ստուգման ակտերի և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում (անհրաժեշտության դեպքում` դիմողների ներկայությամբ) սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:

Փախստականները հաշվառման են վերցվում սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի որոշմամբ, որի ընդունմանը կարող են մասնակցել արհմիութենական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիմողներն ընդունված որոշման մասին գրավոր տեղեկացվում են մեկշաբաթյա ժամկետում:

14. Հաշվառման վերցված փախստականների ազգանունները գրանցվում են սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման մատյանում (N 3 հավելված), որը պետք է լինի համարակալված, ժապավինված և սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կնիքով վավերացված:

15. Հաշվառման վերցված յուրաքանչյուր փախստականի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Գործում գտնվող փաստաթղթերի ցուցակն ստորագրում են հաշվառման վերցված փախստականները:

Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված անձանց ազգանունների դիմաց նշված համարներին:

Փախստականներին բնակելի տարածություն հատկացնելուց հետո հաշվառման գործերը պահվում են տասը տարի ժամանակով` որպես խիստ հաշվետվության փաստաթղթեր, որից հետո դրանք ոչնչացվում են սահմանված կարգով:

16. Բնակարանի կարիք ունեցող հաշվառված փախստականները, որոնք ժամանակավոր կացարան են ստացել այլ մարզի տարածքում, հաշվառման են վերցվում նոր բնակավայրում` հաշվի առնելով նախկին բնակության վայրում նրանց հաշվառման վերցնելու ժամկետը:

17. Այն դեպքում, երբ հաշվառման վերցված փախստականը մշտական բնակության է մեկնում այլ պետություն, նրա փոխարեն հաշվառման է վերցվում նրա ընտանիքի անդամներից մեկը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանի կարիք ունեցող համարվելու հիմքերը:

Հաշվառման վերցված փախստականի մահվան դեպքում, եթե պահպանվել են նրա ընտանիքը բնակարանի կարիք ունեցող համարվելու հիմքերը, նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

18. Փախստականները բնակարանային հաշվառումից հանվում են`

ա) բնակարանով ապահովվելու դեպքում.

բ) ամբողջ ընտանիքով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այլ պետություն մշտական բնակության փոխադրվելու դեպքում.

գ) բնակարանի կարիք ունենալու մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում.

դ) երկրորդ անգամ հատկացված բնակարանից հրաժարվելու դեպքում:

Սույն կետի «ա», «գ» և «դ» ենթակետերի համաձայն փախստականին հաշվառումից հանելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին ներկայացնում է միջնորդագիր` նախարարության կողմից տրվող կոմունալ վարձի փոխհատուցումները դադարեցնելու համար: Հաշվառումից հանում են սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները, որի մասին տեղեկացվում են մարզի սոցիալական պաշտպանության բաժինը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

Հաշվառումից հանելու հարցի առաջացման դեպքում փախստականը հրավիրվում է նիստին, որտեղ որոշվում է նրան հաշվառումից հանելու հարցը: Անհարգելի պատճառով նիստին փախստականի չներկայանալը չի կարող խոչընդոտել հարցի լուծմանը: Ընդունված որոշման մասին փախստականին տեղեկացվում է գրավոր:

19. Սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, նրանց ներկայացմամբ` համապատասխան մարզպետարաններում, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանում յուրաքանչյուր տարվա համար մինչև հունվարի 31-ը կազմվում են հաշվառման վերցված փախստականների ցուցակները (NN 4 և 5 հավելվածներ)` ըստ կարիքավորության աստիճանի հետևյալ խմբավորմամբ`

արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների,

առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունքից օգտվողների,

ընդհանուր հիմունքներով բնակարանի կարիք ունեցողների:

Նշված հերթացուցակները մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից հաստատվում են 15 օրվա ընթացքում և դրանց մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, մյուսը` պահվում մարզպետարանում, Երևանում` Երևանի քաղաքապետարանում:

20. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում համապատասխան հանձնաժողովը մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից ստացված հերթացուցակների հիման վրա կազմում է արտահերթ, առաջնահերթ և ընդհանուր հիմունքներով հանրապետական հերթացուցակներ (NN 6 և 7 հավելվածներ):

Հանձնաժողովի կազմած հանրապետական ցուցակները մարզային տեղեկատվության միջոցներով հրապարակվում են մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը:

 

 III. ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

21. Հաշվառման վերցված փախստականներին բնակելի տարածություններ հատկացվում են հանրապետական հերթացուցակին համապատասխան` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամանով:

22. Բնակելի տարածությունների հատկացման հերթականությունը որոշելիս հաշվի են առնվում փախստականի Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, սոցիալական ռիսկի աստիճանը, բնակելի տարածությամբ նրա ապահովվածության աստիճանը.

Բնակարանները հատկացվում են արտահերթության, առաջնահերթության և ընդհանուր հերթի ցուցակներին համապատասխան:

23. Արտահերթության ցուցակում ընդգրկվում են այն ընտանիքները, որոնց`

ա) բնակելի տարածությունն աղետի հետևանքով դարձել է ոչ պիտանի.

բ) խնամքի տակ կա (կան) երկկողմանի ծնողազուրկ երեխա (երեխաներ):

24. Առաջնահերթության ցուցակում ընդգրկվում են`

ա) պատերազմի հաշմանդամների ու զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված ռազմիկների (պարտիզանների) ընտանիքները և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձինք.

բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները.

գ) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս, մարդկային կյանք փրկելիս զոհված անձանց ընտանիքները.

դ) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները.

ե) մինչև 8 տարեկան երկվորյակ երեխաներ ունեցող ընտանիքները:

25. Սույն կարգի 23-րդ և 24-րդ կետերում նշված ցուցակներում չընդգրկված փախստականները հերթագրվում են ընդհանուր ցուցակում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներգաղթելու տարեթիվը, ընտանիքի անդամների թիվը` հետևյալ հերթականությամբ`

ա) վթարային ու խարխուլ տներում, նկուղներում, բարաքներում և բնակության համար ոչ պիտանի այլ շինություններում, ինչպես նաև սահմանված կարգով նախկինում հատկացված, բայց բնակության համար ոչ պիտանի ճանաչված այլ բնակելի տարածություններում բնակվողները.

բ) դպրոցներում, մանկապարտեզներում բնակվողները.

գ) ժամանակավոր այլ կացարաններում բնակվողները.

դ) ազգականների մոտ բնակվողները.

ե) ապօրինի զբաղեցրած բնակարաններում բնակվողները.

զ) հանրակացարաններում բնակվողները.

է) հյուրանոցներում բնակվողները.

ը) վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդի տներում` ենթավարձակալությամբ բնակվողները:

26. Արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող փախստականներին բնակելի տարածություն հատկացնելուց հետո տվյալ տարվա մնացած բնակարանային ֆոնդը բաշխվում է հետևյալ կարգով` բնակարանային ֆոնդի 60 տոկոսը` առաջնահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցողներին, 40 տոկոսը` ընդհանուր հիմունքներով բնակարան ստանալու իրավունք ունեցողներին:

Սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաշվառման մատյանները, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և հանրապետական հերթացուցակները պահվում են որպես խիստ հաշվետվության փաստաթղթեր, որոնցում ուղղումներ կատարելն արգելվում է:

 

IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

27. Բնակարանային ֆոնդի բաշխման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

28. Բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:

29. Մինչև բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշման ընդունումը հանձնաժողովը սույն կարգին համապատասխան ստուգում է փախստականների բնակարանային պայմանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել այլ փաստաթղթեր:

30. Փախստականը բնակելի տարածություն ստանալուց հետո պարտավոր է նախկին զբաղեցրած ժամանակավոր կացարանը մեկամսյա ժամկետում հանձնել շինության համապատասխան սեփականատիրոջը:

31. Փախստականների բնակեցման համար նախկինում հատկացված ազատվող բնակելի տարածությունները, ինչպես նաև սույն կարգի համաձայն հատկացված, սակայն չսեփականաշնորհված բնակարաններն ազատվելու դեպքում դրանք ի պահ են հանձնվում տեղական ինքնակառավարման մարմիններին` բնակարանի կարիք ունեցող հերթագրված փախստականներին սահմանված կարգով հատկացնելու համար:

32. Բնակելի տարածությունը փախստականին հատկացվում է մեկ մարդու համար 5 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս, եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև հաշվառման վերցված և բնակարան հատկացնելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, որը հաստատվում է համապատասխան բժշկական տեղեկանքով:

Ընտանիքին մեկից ավելի բնակարան հատկացնելիս հնարավորության դեպքում բնակարանները տրվում են նույն մուտքում և նույն հարկում (մեկ հարկանի առանձնատների դեպքում` իրար կողքի):

Որոշ ծանր քրոնիկական հիվանդություններով տառապող անձանց հատկացվում է լրացուցիչ բնակելի մակերես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակարանները հատկացվում են ելնելով հետևյալ հաշվարկից`

1 սենյականոց բնակարանը` մինչև 3 անդամից բաղկացած ընտանիքներին.

2 սենյականոցը` 4-5 անդամից բաղկացած ընտանիքներին.

3 սենյականոցը` 5-ից ավելի անդամներից բաղկացած ընտանիքներին:

Առանձին դեպքերում միայնակ փախստականներին իրենց համաձայնությամբ կարող է բնակելի մակերես հատկացվել ընդհանուր կոմունալ հարմարություններով բնակարաններում: Այդ դեպքում մեկ անձի համար հատկացվում է 9 քառ. մետր բնակելի մակերեսից ոչ պակաս բնակելի տարածություն:

 

 V. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՈՒՄԸ

 

33. Բնակարան հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը կամ դրա կողմից լիազորված անձը փախստականի հետ կնքում է բնակարանի հատկացման պայմանագիր (N 8 հավելված):

34. Բնակարանի հատկացման պայմանագրի մեջ գրվում են այն փախստականի ազգանունը, անունը և հայրանունը, որին հատկացվել է բնակարանը, նրա ընտանիքի անդամների ազգանունները, անունները և հայրանունները, ծննդյան տարեթվերը և ազգակցական կապը:

Փախստականը բնակարանի հատկացման պայմանագիրը կնքում է անձամբ կամ նրա լիազորագրով` իր ընտանիքի անդամներից մեկը:

35. Փախստականը պարտավոր է պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում զբաղեցնել իրեն հատկացված բնակարանը:

Բնակարանի նախնական զբաղեցման համար (մինչև բնակարանի հատկացման պայմանագրի կնքումը) հիմք է հանդիսանում փախստականին բնակարան հատկացնելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը:

36. Բնակարանի հատկացման պայմանագրի մեկ օրինակը հանձնվում է փախստականին` նրա կողմից սույն կարգի 30-րդ և 35-րդ կետերի պահանջները կատարելուց հետո:

37. Փախստականին բնակարանի հատկացման պայմանագրի հանձնումը հանձնաժողովի որոշմամբ կարող է հետաձգվել, եթե փախստականը չի կատարել սույն կարգի 30-րդ և 35-րդ կետերի պահանջները:

Հետաձգման մասին որոշումն ընդունվում է, եթե նշված կետերի պահանջները փախստականը խախտել է հարգելի պատճառներով: Այդ դեպքում հանձնաժողովը նշված պահանջների կատարման համար կարող է սահմանել մինչև 15-օրյա լրացուցիչ ժամկետ:

Բնակարանի հատկացման պայմանագիրն անվավեր համարելու մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ`

ա) ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում ընտանիքի փաստացի կազմին, որի անդամներին հատկացվում է բնակելի տարածություն.

բ) ի հայտ են գալիս այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել տվյալ փախստականին բնակելի տարածություն հատկացնելու հարցի որոշման վրա և որոնք նախկինում հայտնի չեն եղել հանձնաժողովին.

գ) ընտանիքն ամբողջ կազմով 6 ամսից ավելի ժամանակով անհարգելի պատճառով չի բնակվում հատկացված բնակարանում:

38. Փախստականներին բնակելի տարածություն հատկացնելու կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

(մարզի անվանումը)

 

(սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի անվանումը)

NN 
ը/կ
Ազգանունը,
անունը,
հայրանունը
Հասցեն Ընտանիքի անդամների
թիվը հաշվառման պահին
Դիմումի ստացման
տարեթիվը
Ծանոթագրություն

Դիմողի
ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

     

 

 

 

 

       

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

Ա Կ Տ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

__________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

բնակվում է ____________________________________________________ հասցեում ___________________________________________________________________

1. Հանձնաժողովը հետևյալ կազմով` __________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

__________________ 199 թ. ստուգել է բնակարանային պայմանները և պարզել`

 

ա) զբաղեցրած բնակարանային տարածությունը ___________________________________ ___________________________________________________________________

(սենյակների թիվը, դրանց բնակելի մակերեսը, հարկը, օժանդակ տարածությունները և այլն)

 

բ) բնակելի տարածությունը պատկանում է ______________________________________ ___________________________________________________________________

(տեղական ինքնակառավարման մարմնին, գերատեսչությանը և այլն)

_________________________________________________________________


գ) տան, բնակելի տարածության համառոտ բնութագրությունը __________________________ ___________________________________________________________________

(քարե, փայտե, խարխուլ, վթարային, բնակելի տարածությունը` առանձին, ընդհանուր, սենյակը` մեկուսացված, կից և այլն)

 

դ) տան, բնակարանի, սենյակի բարեկարգությունը _________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

 

ե) տվյալ բնակելի տարածությունում բնակվում են.

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Ազգակցական կապը դիմողի հետ Երբվանից է տվյալ բնակարանում Երբ և ինչի հիման վրա է զբաղեցրել տվյալ
բնակելի տարածությունը
Աշխատանքի վայրը, պաշտոնը

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ տվյալներ_____________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

3. Բնակարանային պայմաններն ստուգող խմբի եզրակացությունը ________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

Բնակարանային պայմաններն

____________________________________

ստուգող խմբի անդամներ

____________________________________

____________________________________

 

Խմբի անդամների ստորագրությունները

հաստատում եմ`
Սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի տնօրեն

__________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ. 

 

____ __________ 199  թ.

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

(մարզի անվանումը)

____ __________ 199 թ.

 

(սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի անվանումը)

 

NN
ը/կ
Ազգանունը,
անունը,
հայրանունը
Դիմումի համարը Գործի համարը

Տվյալ բնակարանում փաստացի բնակվելու ժամանակը

Ընտանիքի անդամների թիվը հաշվառման պահին

Զբաղեցված բնակտարածության հասցեն և համառոտ բնութագրությունը

Հաշվառման վերցվելու մասին որոշման համարը և ամսաթիվը Հերթացուցակի տեսակը Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

     

 

 

 

 

           

 

 ____ __________ 199 թ.

Սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի տնօրեն 
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ

 

(մարզի անվանումը)

 

Հերթացուցակի տեսակը (արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ընտանիքի անդամների թիվը հաշվառման պահին

Զբաղեցված բնակտարածության հասցեն և համառոտ բնութագրությունը

Բնակարանային պայմանների ստուգման ակտի համարը

Հաշվառման վերցվելու մասին որոշման համարը և ամսաթիվը

Նշում բնակտարածության հատկացման մասին

 

Գործի համարը

1

2

3

4

5

6

7

8

       

 

 

 

 

     

 

 ____ __________ 199 թ.

Սոցիալական ծառայության
տարածքային կենտրոնի տնօրեն 
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

«Հաստատում եմ»

Մարզպետ ______

__ _______ 199 թ.

 

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿԸ

199 թ.

 

(մարզի անվանումը)

 

Հերթացուցակի տեսակը (արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)

 

NN
ը/կ
Ազգանունը,
անունը,
հայրանունը

Տվյալ
բնակարանում փաստացի բնակվելու ժամանակը

Ընտանիքի անդամների թիվը հաշվառման պահին Զբաղեցված բնակտարածության հասցեն և համառոտ բնութագրությունը Հաշվառման վերցվելու մասին որոշման համարը և ամսաթիվը

Նշում բնակտարածության հատկացման մասին

Գործի
համարը

Հերթացուցակը ներկայացնող սոցծառայության տարածքային կենտրոնի անվանումը

1

2

3

4

5

6

7

8

9

      

 

 

 

         

 

 

 Մարզի սոցիալական պաշտպանության

___ ____________ 199 թ.

 

 

«Հաստատում եմ»

ՀՀ սոցիալական ապահովության
նախարար ___________

___ ________ 199  թ.

 

 

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

 Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՅՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀԱՏԿԱՑՆԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հերթացուցակի տեսակը __________________________________________

(արտահերթ, առաջնահերթ, ընդհանուր հիմունքներով)

 

NN
ը/կ
Ազգանունը,
անունը,
հայրանունը
Սահմանված հերթի համարը Գործի համարը Ընտանիքի անդամների թիվը հաշվառման պահին Զբաղեցված բնակտարածության
հասցեն և համառոտ բնութագրությունը

Հատկացվող բնակտարածության սենյակների թիվը, բնակելի մակերեսը(քառ. մ)

Հատկացվող բնակելի տարածության հասցեն

Մարզպետարանը, քաղաքապետարանը(քաղ. Երևան)

Հանձնաժողովի որոշման համարը և տարեթիվը (բնակարանի հատկացման վերաբերյալ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

     

 

 

 

 

            

 

Հանձնաժողովի նախագահ _________________

 

Անդամներ

1._______________________

2._______________________

3._______________________

4._______________________

5._______________________

6._______________________

 

 

«Հաստատում եմ»

ՀՀ սոցիալական ապահովության
նախարար ___________

___ ________ 199  թ.

 

 

 

 

 

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՅՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆ

199  թ.

 

NN
ը/կ
Ազգանունը,
անունը,
հայրանունը
Հերթացուցակի տեսակը Հերթացուցակի համարը Գործի համարը

Մարզպետարանը, քաղաքապետարանը(քաղ. Երևան)

Ընտանիքի անդամների թիվը հաշվառման պահին Զբաղեցված բնակտարածության
հասցեն և համառոտ բնութագրությունը
Հատկացվող բնակտարածության սենյակների թիվը, բնակելի մակերեսը(քառ. մ) Հատկացվող բնակարանի հասցեն Հանձնաժողովի
որոշման համարը
և տարեթիվը
(բնակարանի հատկացման վերաբերյալ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

     

 

 

 

 

             

 

Հանձնաժողովի նախագահ _________________

 

Անդամներ

1._______________________

2._______________________

3._______________________

4._______________________

5._______________________

6._______________________

 

 

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետությունում
բնակարանի կարիք ունեցող փախստականների
հաշվառման և բնակելի տարածությունների
հատկացման կարգի

 

 

 

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Սույն պայմանագիրը կնքված է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության

(այսուհետև` ֆոնդատեր) և ________________________________________

փախստականի ընտանիքի անդամի միջև (այսուհետև` վարձակալ)

Հասցեն`

____________________________________________________
____________________________________________________

 

Ֆոնդատերը ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա վարձակալին հատկացնում է______________________________


քառ. մետր մակերեսով բնակելի տարածություն:

Տան հասցեն`

________________________________________________
________________________________________________

 

(հատակագիծը և գծագրերը կցվում են):

 

Վարձակալի ընտանիքի անդամները`

1. ____________________________________________________________

2. ____________________________________________________________

3. ____________________________________________________________

4. ____________________________________________________________

5. ____________________________________________________________

6. ____________________________________________________________

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Ֆոնդատերը վերահսկում է բնակելի տարածության օգտագործման սահմանված կանոնները.

 2. Ֆոնդատերը պարտավորվում է իր հաշվին կատարել տան հիմնանորոգումը:

 

II. ՎԱՐՁԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Վարձակալը պարտավորվում է տունն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում իր ընտանիքի բոլոր անդամների հետ սահմանված կարգով զբաղեցնել հատկացված բնակելի տարածությունը:

2. Վարձակալը պարտավորվում է մուծել կոմունալ ծառայությունների վարձը` սահմանված կարգով հաստատված սակագներով:

3. Նախքան հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելը վարձակալը պարտավորվում է նախկինում զբաղեցրած ժամանակավոր կացարանը (վագոն-տնակ` հողամասի հետ, եթե փախստականին հատկացված հողամասում տուն չի կառուցվել) հանձնել կացարանի տնօրինությանը (համայնքի տնօրինությանը) և այդ մասին գրավոր հայտնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությանը:

4. Վարձակալի ընտանիքի բոլոր անդամները մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում պարտավոր են դրա մասին գրավոր տեղեկացնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությանը և տունը հողամասի հետ հանձնել ֆոնդատիրոջը` այլ փախստական ընտանիքի հատկացնելու համար:

Վարձակալի ընտանիքի բոլոր անդամների ժամանակավորապես (բայց ոչ ավելի, քան 6 ամիս) այլ բնակավայր մեկնելու դեպքում վերջիններս պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությանը:

5. Վարձակալը պարտավորվում է ապահովել բնակելի տարածության պահպանումը, պահպանել բնակելի տարածության օգտագործման, տան հողատարածքի պահպանման կանոնները, օգտագործել տունն ըստ նշանակության, պահպանել տան շինարարական հարմարությունները` համաձայն հատակագծի, և որևէ շինարարական փոփոխություն կատարելու դեպքում այն համաձայնեցնել ֆոնդատիրոջ հետ:

6. Վարձակալը պարտավորվում է իր հաշվին կատարել տան ընթացիկ վերանորոգումը:

7. Վարձակալը իրավունք ունի իրեն հատկացված բնակելի տարածությունը հանձնելու ենթավարձակալության կամ այլ օգտագործման, բնակության տալու այլ անձանց` համաձայն ՀՀ օրենսդրության:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն պայմանագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով:

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ________________________________

Սույն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը ձեռք է բերում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք:

 

 IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Եթե վարձակալը և նրա ընտանիքի բոլոր անդամները 6 ամսից ավելի ժամանակով անհարգելի պատճառով չեն բնակվում հատկացված բնակարանում, ապա նրանք սահմանված կարգով կորցնում են բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը:

2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

 

Ֆոնդատեր


(ստորագրություն)

Վարձակալ (ստորագրություն)

 

Կ.Տ