Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-264
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ 1983 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 նոյեմբերի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Դատապարտյալների փոխանցման մասին 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մահտեսյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիայի նպատակն է կողմ պետությունների տարածքում մյուս կողմերի դատապարտված քաղաքացիների` իրենց քաղաքացիության պետությունում պատիժը կրելու համար փոխանցման հնարավորության ապահովումը:

Կոնվենցիայի նպատակների համար կոնվենցիայով սահմանվում են «դատապարտում», «դատավճիռ», «Դատապարտող պետություն», «Կատարող պետություն» հասկացությունները:

Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում, որպեսզի պայմանավորվող պետություններից մեկի տարածքում ազատազրկման դատապարտված օտարերկրյա քաղաքացին պատիժը կամ դրա չկրած մասը կրի իր քաղաքացիության պետության տարածքում:

2. Համաձայն կոնվենցիայի` դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

ա) տվյալ անձը Կատարող պետության քաղաքացի է,

բ) դատավճիռը վերջնական է,

գ) փոխանցման մասին խնդրանքն ստանալու պահին պատիժը կրելու համար դատապարտյալին մնացել է առնվազն վեց ամիս ժամկետ կամ պատժի ժամկետն անսահմանափակ է,

դ) փոխանցումը համաձայնեցված է դատապարտյալի հետ կամ երկու Կողմերից որևէ մեկը, ելնելով դատապարտյալի տարիքից, ֆիզիկական կամ հոգեկան վիճակից, անհրաժեշտ է համարում փոխանցումը համաձայնեցնել նրա օրինական ներկայացուցչի հետ,

ե) գործողությունը կամ անգործությունը, որի համար դատավճիռ է կայացվել, հանցագործություն է համարվում ըստ Կատարող պետության օրենսդրության կամ այդպիսին կհամարվեր, եթե հանցագործությունը կատարվեր այդ պետության տարածքում,

զ) Դատապարտող և Կատարող պետությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել փոխանցման վերաբերյալ:

3. Բացառիկ դեպքերում Կողմերը կարող են համաձայնության գալ փոխանցման վերաբերյալ, եթե նույնիսկ դատապարտյալի կողմից պատիժը կրելու ժամկետն ավելի պակաս է, քան դա նախատեսված է կոնվենցիայի 3 հոդվածով:

Կոնվենցիան սահմանում է դատապարտյալներին կոնվենցիայի առկայության մասին տեղեկություն տրամադրելու կարգը, դատապարտյալների փոխանցման հետևանքները Դատապարտող և Կատարող պետությունների համար և այլն:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, որպես Կատարող պետություն հանդես գալու դեպքում, հոգալ կոնվենցիայի իրականացման ժամանակ առաջացած ծախսերը, բացառությամբ` Դատապարտող (պատիժ նշանակող) պետության տարածքում առաջացած ծախսերի:

5. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի դիմումում (13 կետ) Հայաստանը պարտավորվել է. «անդամակցությունից հետո երկու տարվա ընթացքում ստորագրել և վավերացնել Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան (ընթացակարգը սահմանված է կոնվենցիայի 18 հոդվածով), ինչպես նաև մեկ տարվա ընթացքում լուծել ազատազրկման վայրերի ենթակայության փոփոխության հետ կապված հարցերը»:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կոնվենցիայի 19 հոդվածով դրան միանալու ընթացակարգ` առանց լրացուցիչ արձանագրության, որն ստորագրվել է 1997 թ. դեկտեմբերի 18-ին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Դատապարտյալների փոխանցման մասին 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


24 նոյեմբերի 2000 թվականի
ՍԴՈ-264

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան