Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-397
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2002 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2002 թ. նոյեմբերի 5-ին Երևանում` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը` «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի` իրեն պատկանող 100%-ը (դրան համապատասխան գույքային համալիրը) Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու նպատակով: Կողմերի միջև այդ գույքի համաձայնեցված արժեքը կազմում է 3,37 միլիոն ԱՄՆ դոլար:

2. Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկերն այս միջոցով մարելու իրավական հիմք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական վարկեր տրամադրելու վերաբերյալ սույն արձանագրության 4 հոդվածում նշված` նախկինում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված առանձին համաձայնագրերով նախատեսված այն ընդհանուր դրույթը, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերն ու հաշվարկված տոկոսները գույք տրամադրելու միջոցով մարելու հնարավորություն:

3. Հայաստանի Հանրապետության` Ռուսաստանի Դաշնությանը վճարվելիք պետական պարտքը հիմնականում գոյացել է արձանագրության 4 հոդվածում նշված` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրերով տրամադրված պետական վարկերի գումարներից:

4. Արձանագրությունը բաղկացած է 9 հոդվածներից, որոնցով կարգավորվում է գույքի փոխանցման, հանձնման, ընդունման, սեփականության իրավունքի գրանցումը հավաստող փաստաթղթերը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու ընթացակարգերի իրականացման, հետագա ֆինանսատնտեսական, արտադրական գործունեության ու պատրաստի արտադրանքի արտահանման, ինչպես նաև արձանագրության մեկնաբանման ու կիրառման, ուժի մեջ մտնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը:

5. Արձանագրությամբ նշված փակ բաժնետիրական ընկերությունն ստանում է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կարգավիճակ` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Վերոհիշյալից հետևում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և որպես պետական պարտք ձևակերպված միջոցները փոխակերպվում են օտարերկրյա ներդրումների` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:


Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-397

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան