Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-396
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2002 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, ուսումնասիրելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Սույն արձանագրությունն ստորագրվել է 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի հուլիսի 17-ի համաձայնագրի (2002 թվականի նոյեմբերի 5-ի արձանագրությամբ մտցված փոփոխություններով) կատարման նպատակով:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- փոխանցել Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` իրեն պատկանող 100 տոկոսը (գույքային համապատասխան համալիրը): Գույքի` Կողմերի միջև համաձայնեցված արժեքը կազմում է 2,75 միլիոն ԱՄՆ դոլար,

- տրամադրել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն ու նրա իրավահաջորդին`

ա) լիցենզիա և կանոնադրական գործունեության իրականացման իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր,

բ) օրինական ճանապարհով ստացած իր դրամական միջոցներն ազատ օգտագործելու, դրանք արտարժույթով անարգել փոխարկելու, Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու իրավունք,

գ) ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք` ոչ պակաս բարենպաստ պայմաններում, քան այն պայմաններն են, որոնք տրամադրվում են ինչպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, այնպես էլ երրորդ պետության իրավաբանական անձանց` գիտատեխնիկական գործունեության և արդյունաբերական արտադրության ոլորտում,

- ազատել մաքսային տուրքերի գանձումից «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և երրորդ երկրներ, ինչպես նաև նշված բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից արտադրական գործունեության մեջ օգտագործվող սարքավորումների, նյութերի, գույքի, տեխնոլոգիական և գիտատեխնիկական բնույթի ծառայությունների ներմուծումը:

3. Արձանագրությամբ նախատեսվում են նաև դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, տարաձայնությունների լուծման, դրա ուժի մեջ մտնելու կարգը և պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում ստորագրված արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 նոյեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-396

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան