Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-313
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

21 օգոստոսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի ֆինանսական համագործակցության մասին 2001թ. ապրիլի 11-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2001թ. ապրիլի 11-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջև ֆինանսական համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը:

2. Համաձայնագիրն իրավական հիմք է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ, համաձայնագրի Կողմերի ընտրությամբ, այլ վարկառուների համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից վարկեր ստանալու համար: Սույն համաձայնագրի հիման վրա նախատեսվում է մինչև տասնհինգ միլիոն գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկի տրամադրում:

Համաձայնագրում առանձնացված են այն ծրագրերը, որոնց իրականացմանն են նպատակուղղվելու տրամադրվող վարկային միջոցները: Ընդ որում, նախատեսված է, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը փոփոխելու հնարավորություն:

Սույն համաձայնագրի հիման վրա տրամադրվող վարկային միջոցների օգտագործման կարգն ու պայմանները կանոնակարգվելու են Վերականգնման վարկերի բանկի և վարկառուների միջև կնքվելիք պայմանագրերով:

3. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` սույն համաձայնագրով նախատեսված պայմանագրերի կնքման և իրականացման հետ կապված հարկերից ու պետական այլ վճարումներից Վերականգնման վարկերի բանկին ազատելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարկերի կամ դրամաշնորհների տրամադրման դեպքում պարտավորվում է նաև ապահովել Գերմանական կողմի ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը վարկերի կամ դրամաշնորհների տրամադրումից բխող` ուղևորների և ապրանքների փոխադրման իրականացմանը: Ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9 հոդվածների պահանջներին:

4. Սույն համաձայնագրով նախատեսված գումարների տրամադրումը Վերականգնման վարկերի բանկի և վարկառուների միջև կնքվելիք պայմանագրերի հիման վրա կարող է իրականացվել մինչև 2008 թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագրով նախատեսված է դրա ուժի մեջ մտնելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի ֆինանսական համագործակցության մասին 2001թ. ապրիլի 11-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


21 օգոստոսի 2001 թվականի
ՍԴՈ-313