Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
03.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՄԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱԾԽԻ ՈՒ ՊՈՂՊԱՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 հոկտեմբերի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախագահ Գ. Նանագուլյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից Եվրոպական համայնքի, Ածխի ու պողպատի եվրոպական համայնքի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև առևտրի և առևտրային հարցերի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է Բրյուսելում` 1996 թվականի դեկտեմբերի 10-ին:

Համաձայնագրի նպատակն առևտրի և առևտրային այլ հարցերի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների միջև գործնական տնտեսական հարաբերությունների հաստատումն է և արագ զարգացումը:

Ժամանակավոր համաձայնագիրն ունի այն յուրահատկությունը, որ մեկ փաստաթղթով տասներկու եվրոպական պետությունների հետ միաժամանակ հաստատվում են միջպետական հարաբերություններ` առևտրի և առևտրային հարցերի մի շարք բնագավառներում, ընդ որում, Կողմերի համար սահմանվում է փոխադարձորեն բարենպաստման ռեժիմ:

Ժամանակավոր համաձայնագիրը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի մի մասն է, և կգործի մինչև այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

Ժամանակավոր համաձայնագրի անքակտելի մասն են կազմում հավելվածները և արձանագրությունը:

Ժամանակավոր համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի պահանջներից և խթանում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից Եվրոպական համայնքի, Ածխի ու պողպատի եվրոպական համայնքի և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև առևտրի և առևտրային հարցերի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


3 հոկտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-65

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան