Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (10.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

8 սեպտեմբերի 2011 թվականի N 35

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 24 արձանագրության N 1 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության և 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1296-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրի դրույթներից`

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն արձանագրային որոշմամբ հաստատված ռազմավարությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 8-ի նիստի N 35

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության շրջանակներում հիդրոէներգետիկ պաշարների օգտագործման դերն ու նշանակությունը:

 

Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները:

Հայաստանի Հանրապետությունում ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի առավելագույն տարեկան արտադրանքը գրանցվել է 1993 թվականին, որն իրականացվել է հիմնականում Սևանա լճից աննախադեպ բարձր ծավալների ջրառի հետևանքով և հանգեցրել է լճի մակարդակի զգալի իջեցմանը:

Սևանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը, ինչպես նաև ՀԷԿ-երի Սևան-Հրազդանյան կասկադում էլեկտրական էներգիայի արտադրանքի ռեժիմի համապատասխանեցումը Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողման ռեժիմներին հանգեցրել են` ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի արտադրանքի զգալի կրճատումներին, մասնավորապես 2007 թվականին ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի փաստացի արտադրանքը կազմել է 1.86 մլրդ.կՎտ.ժ, 2008 թվականին 1.82 մլրդ.կՎտ.ժ իսկ 2009 թվականին 2.05 մլրդ.կՎտ.ժ: Հիդրոէներգետիկական ռեսուրսները փաստացի` 2010թ. դրությամբ, ապահովել են էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 40%-ը:

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):

 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի 30%-ի բավարարումը վերականգնվող էներգետիկ պաշարներով ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան, մասնավորապես` կառուցել էլեկտրական էներգիա արտադրող նոր կայաններ, որի արդյունքում համապատասխանաբար կբարձրանա Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության աստիճանը:

 

II. Նպատակը

Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրի նպատակն է.

1. «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

- հիդրոէլեկտրակայանների կառուցման գոծընթացի կանոնակարգումը` սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ողջամիտ օգտագործելու նպատակով,

- առկա հիդրոէլեկտրակայանների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2. Հետևյալ իրավական ակտերում և տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթերում ամրագրված պահանջների հստակեցումն ու կատարումը`

- ՀՀ Կառավարության 2007թ. նոյենբերի 1-ի N 1296-Ն որոշումը` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը»,

- ՀՀ կառավարության 22 հունվարի 2009 թվականի N 3 արձանագրային որոշմամբ հաստատված` «ՓՀԷԿ-երի զարգացման սխեման»,

- ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի N 24 արձանագրության թիվ 1 որոշումը` «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը»,

- Մեղրի ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների արդյունքները` Ծրագիրն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ,

- Լոռիբերդ ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների արդյունքները, որը 2003-2004թթ. Եվրամիության (TACIS-ի) ծրագրի շրջանակներում պատրաստվել է ՖԻԽՏՆԵՐ ընկերության կողմից, և որի գների հաշվարկի նորացումը իրականացվել է 2007թ. փետրվարին նույն ընկերության կողմից,

- Շնող ՀԷԿ-ի կառուցման համար Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի կողմից 1966թ. կատարված տեխնիկական նախագիծը, որը ճշտվել է 1993թ:

3. Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության շրջանակներում հիդրոէներգետիկ պաշարների օգտագործման խթանումը:

 

III. Ներկա վիճակը

Հայաստանի Հանրապետությունում 01.08.2011 թվականի դրությամբ գործող և կառուցվող հիմնական հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ)`

Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրը (մասնավոր սեփականություն)

Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ.կՎտ.ժամ:

ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից ոռոգման նպատակներով բացթողնվող և Հրազդան գետի վտակների ջրերը:

Որոտան ՀԷԿ-երի համալիրը (պետական սեփականություն)

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է 4 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը:

Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` Սպանդարյան, Շամբ, Տաթև և «Հեր-Հէր» ՀԷԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 405.4 մՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդկՎտ.ժամ:

Ձորա ՀԷԿ-ը (մասնավոր սեփականություն)

Ձորագետ գետի Ձորա ՀԷԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանն է, Դեբեդի կասկադի առաջնեկը, որը շահագործման է հանձնվել 1932թ. մոտ 25.2 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 90 մլն. կՎտ.ժամ տարեկան նախագծային արտադրանքով:

Փոքր ՀԷԿ-երը (մասնավոր սեփականություն)

Հայաստանի Հանրապետությունում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդմանը:

Փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ) են համարվում մինչև 10 ՄՎտ ընդհանուր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանները:

2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա էին արտադրում 110 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում էր մոտ 147 ՄՎտ, իսկ էլեկտրական էներգիայի նախագծային արտադրանքը տարեկան շուրջ 476 մլն. կՎտժ:

2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կառուցման լիցենզիաներ էին տրվել 73 ՓՀԷԿ-երի համար, որոնց գումարային դրվածքային նախագծային հզորությունը կազմում է մոտ 142 ՄՎտ:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հունվարի 2009 թվականի N 3 արձանագրային որոշմամբ հաստատված «ՓՀԷԿ-երի զարգացման սխեման» ընդգրկում է 116 ՓՀԷԿ-եր մոտ 147 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 30 արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայի հավելվածի «Սևանա լճի ավազան» բաժինը:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայում» ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ-երը կարող են կառուցվել, նաև բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաև այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սևանա լճի ավազանի ՓՀԷԿ-րի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել ` շուրջ 1,0 մլրդ.կՎտժ:

 

IV. Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է կառուցել` երեք նոր խոշոր ՀԷԿ-եր, յուրացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրված և տնտեսապես շահավետ ներուժը, ինչպես նաև վերանորոգել ու վերազինել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը և Ձորա ՀԷԿ-ը: Ներկայումս խոշոր գետերից մնում են էներգետիկ նպատակներով չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը:

Աղյուսակ. Հիրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերը

Կառույցը կամ ծրագիրը

Ընթացքի կամ անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն

Կատարման ժամկետը

1

2

3

1. Հայաստանի 3 խոշոր ՀԷԿ-երը

Արաքս գետի վրա`
Մեղրի ՀԷԿ-ը (մոտ 130 ՄՎտ հզորությամբ և շուրջ 800 մլն.կՎտժ էլ.էներգիայի տարեկան արտադությամբ):

2010 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարությունը պայմանագիր ստորագրեց իրանական համապատասխան ընկերության հետ` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով իրականացնելու վերաբերյալ:

Նախատեսվող թողարկումը 2017 թ

Դեբեդ գետի վրա`
Շնող ՀԷԿ-ը (մոտ 75 ՄՎտ հզորությամբ և 300 մլն. կՎտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ):

Շնող ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:

Նախատեսվող թողարկումը` ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի

Ձորագետ գետի վրա`
Լոռիբերդ ՀԷԿ-ը (մոտ 66 ՄՎտ. հզորությամբ և շուրջ 200 մլն. կՎտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ):

2003-2004թթ. Եվրոմիության (TACIS-ի) կողմից իրականացված ծրագրի շրջանակներում Ֆիխտներ ընկերությունը պատրաստել է տեխնիկատնտեսական հիմնավորում:
2007թ. փետրվարին նույն ընկերությունը իրականացրել է գների հաշվարկի նորացում:
Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով:

Նախատեսվող թողարկումը` ըստ մասնավոր ներդրող ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի

2. Հայաստանի ՓՀԷԿ-երը

Ներդրողներին առաջարկվող փոքր ՀԷԿ-եր:

ՀՀ կառավարության 22 հունվարի 2009 թվականի N 3 արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՓՀԷԿ-ների զարգացման սխեման»: Սխեմայում ընդգրկված ՓՀԷԿ-երի համար իրականացվել են նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որոնց արդյունքները` գծագրական նյութերը, տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվարկների ամփոփ արդյունքները, հիդրոլոգիական և այլ տվյալները տեղադրվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական վեբ կայքում և մատչելի են բոլոր ներդրողների համար:

Կանխատեսվում է, որ մինչև 2025թ. փոքր ՀԷԿ-ի տեղակայված հզորությունը կհասնի 400 ՄՎտ` էլ.էներգիայի մինչև 1,0 մլրդ. կՎտժ տարեկան իրատեսական արտադրությամբ:
Գործարկման ենթակա փոքր ՀԷկ-երի բաշխման կանխատեսումը ըստ տարիների (տարի / Մվտ)` 2011 / 20
2012 / 20
2013-2025 / 230

3. Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերանորոգումը և վերազինումը

Որոտան ՀԷԿ-երի համալիր (գումարային տեղակայված հզորությունը` 405.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ. ժամ):

ՀՀ կառավարության և Գերմանական Kfw բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր (BMZID 2007.65.909 առ 20.10.2010թ.) Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով:

Աշխանքների նախատեսվող ավարտը` 2015թ.

4. Ձորա ՀԷԿ-ի վերանորոգումը և վերազինումը

Ձորա ՀԷԿ-ը մոտ 25.2 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 90 մլն. կՎտ.ժամ տարեկան նախագծային արտադրանքով:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Աշխատանքների սկիզբը և ավարտը`
ըստ ֆինանսավորման առկայության

 

2. Առաջարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 2016 թվականից սկսած 10 ՄՎտ-ից բարձր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները, այդ թվում՝ Շնող և Լոռիբերդ ՀԷԿ-երի համար, սահմանել ոչ ավելի քան 6,5 ԱՄՆ ցենտ առանց ԱԱՀ:

 

V. Ակնկալվող արդյունքը

 «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը և հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացումը կհանգեցնեն հետևյալ նպատակային արդյունքների`

- կհստակեցվեն հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերը պոտենցիալ ներդրողների համար,

- հնարավորություն կստեղծվի ծրագրերը որպես ներդրումային փաթեթներ առաջարկել մի շարք դոնոր կազմակերպությունների և արտոնյալ վարկեր տրամադրող այլ կառույցների,

- հավելվածի աղյուսակում նկարագրված ծրագրերի համակարգված իրականացման համար կստեղծվեն հնարավորություններ և կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ:

Հավելվածում ամրագրված «Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերի» իրականացմամբ ակնկալվում են հետևյալ ազգային ռազմավարական նշանակության արդյունքները`

- կստեղծվեն էլեկտրական էներգիա արտադրող լրացուցիչ շուրջ 570 Մվտ հզորություններ,

- կավելանա Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքը` սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործմամբ,

- կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը,

- զգալիորեն կնվազեցվի Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից,

- զգալիորեն կկրճատվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ածխաջրածնային վառելիքների այրումից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը իրագործելու նպատակով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը առաջարկություն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն` նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժը առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով միասնական քաղաքականություն (տեխնիկական չափանիշները, պարտադիր պայմանները և այլն) կիրառելու վերաբերյալ:

 Այն կառաջարկվի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` այդ կայանների գործունեության կարգավորման սկզբունքները մշակելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2012, N 13 10.04.2012, N 35
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան