Գլխավոր տեղեկություն
Համար
N 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.1991-13.07.1992)
Կարգավիճակ
Գործում է մասնակի
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991 թվականի N 160

քաղ. Երևան

 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների ոլորտում ձեռներեցության կազմակերպման ձևերի բազմազանության ապահովման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից և պետական կառավարման ու տեղական մարմինների տնօրինության ներքո հիշյալ ոլորտի փոքր օբյեկտների հետագա պահպանման աննպատակահարմարությունից, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է`

1. Ձեռնամուխ լինել առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների գույքի վաճառքին` համաձայն այն նախարարությունների ու գերատեսչությունների կողմից կազմված և տեղական խորհուրդների հետ համաձայնեցված ցուցակների, որոնց տնօրինության ներքո գտնվում են համապատասխան ձեռնարկություններ:

2. Հաստատել առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման մասին կանոնադրությունը, սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների գույքի գնահատման կանոնները, առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման աշխատանքային խմբի (հանձնաժողովի) մասին կանոնադրությունը, առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների գույքի աճուրդների մասին կանոնադրությունը և ընկերակցությունների մասին կանոնադրությունը:

3. Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհումից ստացված եկամուտները մուտքագրել գոյացած եկամուտների հատուկ հաշվին, նկատի ունենալով, որ այդ միջոցները ծախսվելու են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված նպատակներով:

4. Հանձնարարել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեին` ստեղծել առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների գույքի գնահատման և վաճառքի համար աճուրդների կազմակերպման աշխատանքային խմբեր (հանձնաժողովներ), ապահովել դրանց գործունեության մեթոդական և գործնական ղեկավարումը:

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համաձայնեցնելով իրականացնել տնտեսության այլ ճյուղերի որոշակի օբյեկտների սեփականաշնորհում, մինչև այդ ճյուղերի լայնածավալ սեփականաշնորհման մասին Նախարարների խորհրդի հատուկ որոշումների ընդունումը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Նախարարների խորհուրդ առաջարկություն ներկայացնել առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների գույքի գնահատման և վաճառքի համար աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին.

երկամսյա ժամկետում մշակել պետական ունեցվածքի սեփականաշնորհումից ստացված եկամուտների հաշվին պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների նյութական խրախուսման կարգը:

Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ բացել սեփականաշնորհումից գոյացած եկամուտների հատուկ հաշիվ և ներկայացնել առաջարկություն այդ միջոցների օգտագործման կարգի մասին.

գ) հանրապետության բանկերին` սեփականաշնորհված ձեռնարկությունների համար բացել հաշվարկային և այլ հաշիվներ, հիշյալ ձեռնարկություններին մատուցել նրանց արդյունավետ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծառայություններ.

դ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական կոմիտեին` կազմակերպել առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ սեփականաշնորհված օբյեկտների հաշվառում, նրանց գործունեության հիմնական ցուցանիշների մասին տեղեկությունների հավաքում.

ե) Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, սննդի արդյունաբերության նախարարությանը, կենցաղային սպասարկման և վճարովի ծառայությունների հայկական արտադրական միավորմանն ու Հայկոոպի վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտե ներկայացնել սեփականաշնորհման ենթակա օբյեկտների (մինչև դրանց ընդհանուր թվի 20 տոկոսի) ցուցակները.

զ) Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտե ներկայացնել անավարտ շինարարությամբ այն օբյեկտների ցուցակը, որոնք ենթակա են կոնսերվացման կամ կոնսերվացվելու են 1991 թվականի մարտի 1-ի դրությամբ:

5. Սահմանել, որ ընկերակցությունները տանում են հաշվապահական հաշվետվություն իրենց արտադրատնտեսական գործունեության մասին և հաշվետու են պետական վիճակագրական մարմինների առաջ կոոպերատիվների համար սահմանված կարգով, ինչպես նաև հաշվի առնելով ընկերակցությունների մասին կանոնադրության 34-րդ կետում նախատեսված կանոնները: Ընկերակցությունների աշխատողների ու անդամների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացվում են պետական հարկային տեսչություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի

թիվ 160 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

 

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր դրույթներ

Սույն կանոնադրությունը կարգավորում է լիակատար և կոմանդիտային ընկերակցությունների ստեղծման ու գործունեության դադարեցման հարցերը, դրանց անդամների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

Ընկերակցությունը հանդիսանում է ոչ պակաս, քան երկու քաղաքացիների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսական կազմակերպությունների այնպիսի կոմպանիա (կոլեկտիվ ձեռնարկություն), որը ընկերակցության ստեղծման պայմանագրով նախատեսված տնտեսական և այլ գործունեություն իրականացնելու նպատակով միավորում է անհատական անդամությունը գրանցած գործընկերների միջոցները:

Ընկերակցությունն իր գործունեությունն իրականացնում է վարձակալության, անվճար օգտագործման կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի հիման վրա:

Ընկերակցությունն իրավունք ունի ունենալ մասնաճյուղեր (բաժանմունքներ) և ներկայացուցչություններ, որոնք գրանցվում են ըստ իրենց գտնվելու վայրի` ընկերակցությունների գրանցման համար նախատեսված կարգով:

Լիակատար ընկերակցությունը և կոմանդիտային ընկերակցությունը հանդիսանում են տնտեսական կոմպանիաներ, առանց իրավաբանական անձի կարգավիճակի:

Սույն կանոնադրությունը չի վերաբերում քաղաքացիների այն ընկերություններին և միավորումներին, որոնք նախատեսված չեն եկամուտ ստանալու նպատակով տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաև օտարերկրյա սեփականությամբ համատեղ այն ձեռնարկություններին, որոնք ստեղծվել են մինչև սույն կանոնադրության ընդունումը:

2. Ընկերակցությունն իր անվամբ կարող է ձեռք բերել իրավունքներ և կրել պարտականություններ, մասնավորապես կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու կրել պարտականություններ, դատարանում, արբիտրաժում կամ միջնորդ դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող: Համաձայն իր գործունեության սահմանված նպատակների նա ունի քաղաքացիական իրավունակություն: Ընկերակցության իրավունակությունը առաջանում է պետական գրանցման պահից:

Ընկերակցությունը բանկերում կարող է ունենալ հաշիվներ: Իր փաստաթղթերը հաստատելու համար ընկերակցությունը կարող է օգտագործել սեփական կնիք:

Ընկերակցությունը կարող է զբաղվել գործունեության ցանկացած ձևով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեության ձևերից: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերակցությունը կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիաներ ստանալուց հետո:

Ընկերակցությունը չի կարող իրականացնել պետական կառավարման մարմինների, վերահսկման և հսկողության, ինչպես նաև հետաքննության ու արդարադատության ֆունկցիաներ:

3. Ընկերակցությունը կարող է ստեղծվել միայն սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով և ձևով:

Ընկերակցությունը կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների քաղաքացիների, ցանկացած իրավաբանական անձանց և իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող տնտեսական կազմակերպությունների կողմից: Վերոհիշյալ սուբյեկտները կարող են նաև մտնել գործող ընկերակցության մեջ:

(փոփ. 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

4. Ընկերակցության անդամ (գործընկեր) կարող է լինել տասնվեցամյա տարիքի հասած գործունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Որևէ գործունեության տեսակով ընկերակցության անդամ չի կարող լինել այն քաղաքացին, որին դատարանով արգելված է զբաղվել տվյալ գործունեությամբ կամ զբաղեցնել ընկերակցության կողմից գործունեության այդ տեսակի իրականացման համար անհրաժեշտ որոշակի պաշտոն:

Քաղաքացին միաժամանակ կարող է լինել լիակատար պատասխանատվությամբ գործընկեր (լիակատար գործընկեր) միայն մեկ ընկերակցության մեջ: Գործընկերոջ մասնակցությունը այլ ընկերակցություններին և ձեռնարկություններին չի սահմանափակվում այնքանով, որքանով դա չի հակասում սույն կանոնադրության պահանջներին:

Իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսական կազմակերպությունները կարող են լինել տվյալ ընկերակցության անդամներ, եթե իրենց անդամների կամ աշխատողների կազմում ունեն տվյալ ընկերակցության անդամներ դառնալու ընդունակ քաղաքացիներ:

Հասարակական կազմակերպությունները ընկերակցության անդամ չեն կարող լինել:

Մեկ ընկերակցությունը լիակատար պատասխանատվությամբ չի կարող լինել նույնանման մեկ այլ ընկերակցության անդամ:

Ըկերակցությունները այլ ձեռնարկությունների հետ հավասար իրավունք ունեն կամավոր հիմունքներով մտնել ասոցիացիաների, կոնցեռնների, կոնսորցիումների և այլ իրավաբանական անձի իրավունքով գործող միավորումների մեջ, ինչպես նաև միավորել իրենց միջոցների մի մասը պետական և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջոցների հետ:

(փոփ. 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

5. Օտարերկրյա քաղաքացիները, ձեռնարկությունները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում կարող են մասնակցել ընկերակցության ստեղծմանը կամ լինել նրա անդամներ միայն այն դեպքում, եթե իրենց պետության օրենսդրության համաձայն նրանք ունեն ֆիրմա կամ մտցված են ձեռնարկությունների կամ այլ տնտեսական ռեգիստրի մեջ:

Օտարերկրյա մասնակցությամբ ընկերակցությունների ստեղծումն իրականացվում է համատեղ ձեռնարկությունների համար նախատեսված կարգով:

(6 կետը հանվել է 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

7. Ընկերակցությունների գործունեության նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է դատախազությունը կամ այլ լիազորված մարմին:

Իրավական հսկողության շրջանակներում համապատասխան մարմինը ստուգում է ընկերակցության ստեղծման մասին պայմանագրի, ընկերակցության կառուցվածքին և գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրական նորմերին, ինչպես նաև քաղաքացիական և պրոֆեսիոնալ (աշխատանքային) իրավունքում, ընկերակցության անդամների և աշխատողների իրավազրկման հետ կապված արգելքների պահպանումը:

Պետական և այլ մարմինների, այդ թվում ընկերակցության կողմից ստեղծված միությունների ու միավորումների կողմից ընկերակցության տնտեսական և այլ գործերին միջամտել չի թույլատրվում: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական մարմինների կողմից ձեռնարկությունների գործունեության վերահսկումը իրականացնելու դեպքերը:

Այն դեպքում, երբ պետական կամ այլ մարմինը, այդ թվում ընկերակցության կողմից ստեղծված միությունը կամ միավորումը հրապարակում է նրա իրավասությանը չհամապատասխանող, ընկերակցության շահերը կամ օրենսդրության պահանջները ոտնահարող որոշում կամ ցուցում, ընկերակցությունը իրավունք ունի դիմելու արբիտրաժ նման որոշումը կամ ցուցումը լրիվ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և այդ որոշման կամ ցուցումի կատարմամբ հասցված վնասը փոխհատուցելու հայտարարությամբ:

(փոփ. 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

8. Ընկերակցություններում աշխատավորների արհեստակցական միավորումների իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

9. Ընկերակցությունը չի կարող թողարկել արժեթղթեր` բացառությամբ մուրհակների:

10. Ընկերակցությունների և նրանց անդամների միջև քաղաքացիական-իրավական, այդ թվում` անձնական հարաբերությունների սույն կանոնադրությամբ չկարգավորված դեպքերում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները:

11. Ընկերակցությունների պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

(փոփ. 23.02.94 թ. թիվ 85 որոշմամբ)

12. Ընկերակցության ստեղծման մասին պայմանագրի բովանդակությունը կարող է ազատ կերպով սահմանվել գործընկերների կողմից: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն սույն կանոնադրության և համապատասխան հարցերին վերաբերող օրենսդրական ու այլ նորմատիվ ակտերի պարտադիր հանձնարարականները:

13. Ընկրակցության ստեղծման մասին պայմանագիրը պետք է բովանդակի`

ա) ընկերակցության անվանումը և նրա գտնվելու վայրը.

բ) լիակատար գործընկերների ցանկը` նրանց անունների (անվանումների) և բնակվելու (գտնվելու) վայրի նշումով.

գ) ընկերակցության գործունեության շրջանակը.

դ) ընկերակցության սեփականության մեծությունը, դրա ձևավորման (լիակատար գործընկերների կողմից ավանդների և անդամավճարների փոխանցման) կարգը և ժամանակը.

ե) ընկերակցության մեջ գործընկերների մտնելու և դուրս գալու պայմանները.

զ) գործընկերների իրավունքներն ու պարտականությունները.

է) ղեկավարի (ղեկավարների) և ներկայացուցչի (ներկայացուցիչների) վերջնահաշվարկ կատարող անձանց ընտրության, վերահսկիչների ընտրության կամ ներգրավման կարգը.

ը) գույքի և աշխատողների եկամուտների մասին հայտարարագրերի ու հաշվեկշիռների նախապատրաստման կարգը.

թ) ընկերակցության և դրա անդամների միջև գույքային ու ոչ գույքային վեճերի լուծման կարգը, ինչպես նաև այն պայմանները, որոնք պահանջում են այդ վեճերի լուծման համար դիմելու երրորդ անձանց.

ժ) ընկերակցությունների առանձին տեսակների համար` սույն կանոնադրությամբ պարտադիր կերպով նախատեսված այլ տվյալներ:

Եթե պայմանագրում չի սահմանվում ընկերակցության գոյության ժամկետը, ապա այն համարվում է ստեղծված անորոշ ժամանակով:

(14 կետը ուժը կորցրել է. 23.02.94 թ. թիվ 85 որոշմամբ)

15. Ընկերակցության սեփականությունը նրան է փոխանցվում գործընկերների կողմից, գործընկերները միմյանց միջև բաշխում են ընկերակցության սեփականության հավելաճը (հետագայում` շահույթ) և ընկերակցության սեփականության նվազեցումը (հետագայում` վնասներ):

Ընկերակցության ստեղծման ժամանակ նրա սեփականությունը առաջանում է գործընկերների դրամական ավանդներից (մուծումներից) և ոչ դրամական ավանդներից: Ոչ դրամական ավանդ կարող է լինել այն ամենը, ինչը ունի արժեք որպես սեփականություն, ինտելեկտուալ գործունեության արդյունքը, ինչպես նաև սեփականության իրավունքը:

Ոչ դրամական ավանդ կատարող գործընկերը, տարվա ընթացքում ընկերակցության առջև պատասխանատու է այն բանի համար, որ նրա կատարած ավանդը փոխանցման պահին համապատասխանի ընկերակցության ստեղծման մասին պայմանագրում նշված արժեքին:

Ընկերակցության սեփականությունն են հանդիսանում նրա ձեռնարկություններում արտադրված արտադրանքը, դրա իրացումից և այլ գործունեությունից ստացված եկամուտները, ինչպես նաև իր կողմից ստեղծվող ձեռնարկությունների և կազմակերպությունների սեփականությունը, իր որպես համատեղ ձեռնարկությունների, միավորումների (ասոցիացիաների) և միությունների անդամի փայաբաժինը:

Ընկերակցության սեփականության ձևավորմանը կարող են պայմանագրային սկզբունքներով մասնակցել այլ ֆիրմաներ, ինչպես նաև տվյալ ընկերակցության անդամ չհանդիսացող, բայց այնտեղ աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացիները:

Ընկերակցությունն իր սեփականության նկատմամբ ունի տնօրինման բոլոր իրավունքները:

Ընկերակցության գույքի այն տարրերի նկատմամբ, որոնցից ինքը օգտվում է ոչ սեփականության իրավունքով, ընկերակցությունը տնօրինման և օգտագործման իրավունք ունի այն պայմանագրերին համապատասխան, ըստ որոնց այդ տարրերը նա ստացել է:

Ընկերակցությունը իր գույքը կարող է օգտագործել ցանկացած նպատակներով, որոնք չեն արգելվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Իր պարտավորությունների համար ընկերակցությունը պատասխանատու է սեփականության իրավունքով նրան պատկանող ամբողջ գույքով: Ընկերակցության պարտականությունների համար պատասխանատվություն են կրում նաև գործընկերները. լիակատար գործընկերները իրենց ամբողջ գույքով, որի վրա կարող է կալանք դրվել (անսահմանափակ պատասխանատվություն), կոմանդիտիստները ընկերակցությունում ներդրած իրենց ավանդով (սահմանափակ պատասխանատվություն ավանդի չափով): Ընկերակցությունը պատասխանատու չէ գործընկերների պարտավորությունների համար:

16. Այն գործընկերները, ովքեր մինչև ընկերակցության գրանցումը, նրա անունից կատարել են գործողություններ, այդ գործողությունների հետ կապված պարտավորություններով լիակատար պատասխանատվություն են կրում պարտատերերի առջև: Եթե ընկերակցությունը հետագայում հավանություն տա վերոհիշյալ գործողություններին, ապա ընկերակցության անդամների` այդ պարտավորությունների հետ կապված անձնական պատասխանատվությունը դադարում է և գոյանում է ընկերակցության պատասխանատվությունը:

17. Նույն անձը միաժամանակ կարող է ղեկավար ֆունկցիաներ իրականացնել ոչ ավելի, քան երկու ընկերակցություններում:

Ընկերակցության ղեկավարներին և նրանց մերձակա ազգականներին չեն կարող հանձնարարվել ընկերակցության գործունեության հսկողական-վերստուգիչ ֆունկցիաներ: Այդ ֆունկցիաները չեն կարող կատարել նաև շահամոլական հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

18. Ընկերակցությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք պետք է նոտարական կարգով վավերացված իրենց ստորագրությունները հանձնեն պետական ռեգիստր:

19. Յուրաքանչյուր գործընկեր դատարանում կարող է պահանջել ընկերակցության անունից կայացված այն որոշումների վերանայում, որոնք հակասում են օրենսդրությանը կամ ընկերակցության ստեղծման մասին պայմանագրին: Այն գործընկերը, որը քվեարկել է համապատասխան որոշման ընդունման օգտին, իրավունք չունի պահանջել դատարանում որոշման վերանայում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված գործարքը չեղյալ ճանաչելու պայմանների դեպքերի:

Որոշումը վերանայելու մասին պահանջը պետք է ներկայացվի որոշման ընդունումից հետո երեսուն օրվա ընթացքում: Պահանջ ներկայացնելը չի կասեցնում որոշման կատարումը: Նման որոշման կատարումը հետաձգել կամ որոշումը վերացնել կարող է դատարանը:

20. Ընկերակցությունը դադարեցնում է իր գործունեությունը, երբ`

ա) լրացել է ընկերակցության գոյության ժամկետը կամ ընկերակցության ստեղծման մասին պայմանագրին համաձայն ի հայտ է եկել նրա գործունեության դադարեցման այլ պայման.

բ) ընկերակցությունը որոշել է դադարեցնել իր գոյությունը առանց իրավահաջորդների.

գ) այն միավորվում է այլ ընկերակցության կամ իրավաբանական անձի հետ, ընդգրկվում է նրա մեջ, տրոհվում է, փոխում է ձևը.

դ) նրա գործընկերների թիվը նվազել է մինչև մեկը և դրանից հետո վեց ամսվա ընթացքում պետական ռեգիստր հայտարարություն չի ներկայացվել նոր գործընկերների մասին.

ե) այն լուծարվում է դատարանի կողմից անվճարունակ կամ գործող օրենսդրությունը խախտող ճանաչվելու դեպքում.

զ) սույն կանոնադրությունը թելադրում է նման դադարեցում ընկերակցության առանձին ձևի նկատմամբ.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Ընկերակցության գոյության դադարեցման մասին պետք է հայտնվի պետական ռեգիստր մեկ ամսվա ընթացքում և նշվի այդ ռեգիստրում:

(փոփ. 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

21.Առանց իրավահաջորդի ընկերակցության գոյությունը դադարեցնելու դեպքում վերջնահաշվարկը կատարվում է սույն կանոնադրության պահանջների համաձայն: Վերջնահաշվարկը սկսելու և այն իրականացնող անձի մասին ընկերակցությունը պետք է հայտարարություն ներկայացնի պետական ռեգիստր:

Եթե ընկերակցության գույքը բավարար չէ նրան հայտնի բոլոր պարտատերերի պահանջները մարելու համար, ապա սկսվում է ընկերակցության լուծարման գործընթաց` ելնելով նրա խրոնիկական անվճարունակությունից, որի դեպքում ընկերակցության պարտատերերը ընկերակցության գույքի նկատմամբ իրենց պահանջներով ընկերակցության անդամների պարտատերերի նկատմամբ օգտվում են առավելությունից:

Վերջնահաշվարկ կատարող անձանց և գործընկերների միջև վեճերը լուծում է դատարանը:

22.Ընկերակցության պարտավորություններով ընկերակցությանը կամ նրա անդամներին ներկայացվող հայցերը կորցնում են ուժը ընկերակցության գոյության կամ նրանում անդամության դադարեցումից երեք տարի հետո, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

23. Լիակատար ընկերակցության անդամները համատեղ տնտեսական գործունեություն են իրականացնում լիակատար և համապարտ պատասխանատվությամբ: Նման գործունեություն իրականացնելու համար նրանք ընկերակցության տնօրինությանն են հանձնում անհրաժեշտ գույք: Ձեռնարկության անվանման մեջ պետք է բովանդակվի նրա որպես լիակատար ընկերակցության նշանակումը` բացված կամ «ԼԸ» համառոտ ձևով:

24. Ընկերակցության ստեղծման մասին պայմանագրում նշվում են 13-րդ կետում թվարկված տեղեկությունները, ինչպես նաև ընկերակցության գործունեությունում գործընկերների անձնական մասնակցության ձևը:

25. Պետական բյուջետային հիմնարկը ընկերակցության գործընկեր կարող է լինել իր վերադաս մարմնի համաձայնությամբ:

Ընկերակցության գործընկերը առանց մյուս գործընկերների համաձայնության չի կարող լինել գործունեության մոտ տեսակով զբաղվող այլ ընկերակցության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անդամ. դա չի վերաբերում ընկերակցությունների, որտեղ որպես անդամ հանդես է գալիս հիմնադիր:

26. Ընկերակցությունը կարող է զբաղվել տնտեսական ցանկացած գործունեությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ հիշատակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված:

Որակավորման որոշակի մակարդակ պահանջող գործունեությամբ ընկերակցությունը կարող է զբաղվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական կամ նորմատիվ այլ ակտերին համապատասխան նրա գործընկերների կամ աշխատողների թվում կա անհրաժեշտ որակավորում ունեցող անձ: Կարող են նախատեսվել այնպիսի դեպքեր, երբ որոշակի որակավորում ունենալը պարտադիր լինի ընկերակցության բոլոր գործընկերների համար:

27. Ընկերակցության գործընկերոջ ավանդը դառնում է ընկերակցության սեփականությունը կամ անցնում նրա օգտագործմանը` ընկերակցության հիմնադրման մասին պայմանագրի համաձայն և այդ ավանդի կապակցությամբ չի կարող նշանակվել վճարում կամ վճարումների տոկոս:

Դրամական ավանդի մուծումը ուշացնելու դեպքում գործընկերը պարտավոր է վճարել ժամկետանց ժամանակի տարեկան 10 տոկոսի չափով: Ոչ դրամական ավանդի ուշացումը կարող է պայմանագրի համաձայն առաջ բերել տուգանքի գանձում:

Ավանդի վճարման (մուծման) ուշացումը առաջ է բերում գործընկերոջ պատասխանատվությունը ուշացման հետևանքով ընկերակցությանը պատճառված վնասի համար:

Տնտեսական գործունեության ընթացքում ընկերակցության ձեռք բերած գույքը հանդիսանում է նրա սեփականությունը:

28. Ընկերակցությունը չի կարող իր անդամներից պահանջել նրանց ավանդների` ընկերակցության ստեղծման մասին պայմանագրով սահմանվածից ավելի մեծացում կամ դրանց ավելացում ընկերակցության վնասներ (կորուստներ) ունենալու դեպքում:

Գործող ընկերակցությունում անդամության ընթացքում չի թույլատրվում ընկերակցության սեփականությունից կամ օգտագործումից ավանդ հետ վերցնելը կամ դրա օտարումը առանց մյուս բոլոր գործընկերների համաձայնության:

29. Ընկերակցության անդամ քաղաքացիները պարտավոր են անձամբ մասնակցել ընկերակցության գործունեությանը:

30. Ընկերակցության յուրաքանչյուր գործընկեր իրավունք ունի ղեկավարել (վարել) նրա ձեռնարկչական գործունեությունը և ներկայացնել այն: Այդ իրավունքը չի գործում այն գործընկերների նկատմամբ, որոնց իրավունքների սահմանափակման ժամկետը չի լրացել այն գործընկերների նկատմամբ, որոնց համար չի լրացել ընկերակցության գործունեության հիմնական տեսակով զբաղվելու արգելանքի ժամկետը, ինչպես նաև այն գործընկերների նկատմամբ, որոնք շահադիտական հանցագործություն կատարելու համար ունեն դատվածություն:

Ընկերակցության անդամը, որը ներկայացնում է այն կամ ղեկավարում (վարում) նրա ձեռնարկչական գործունեությունը կարող է հրաժարվել իր իրավունքից և կորցնել այն ընկերակցության գործընկերների կողմից ընկերակցության ստեղծման պայմանագրում սահմանված ծանրակշիռ պատճառներով:

Ընկերակցության ստեղծման մասին պայմանագրում ներկայացուցչությունը, ինչպես նաև ձեռնարկչական գործունեության ղեկավարումը (վարումը) կարող է հանձնարարվել մեկ կամ մի քանի գործընկերների: Դրա իրավունքը չունեն այն գործընկերները, որոնք ընկերակցության ստեղծման պայմանագրով կամ անդամների մեծամասնության որոշմամբ չեն ստացել նման հանձնարարություն: Ղեկավար և ներկայացուցիչ անդամներից յուրաքանչյուրը կարող է գործել ինքնուրույնաբար և իրավունք ունի բողոքարկել մյուսի (մյուսների) կողմից իրացվող միջոցառումների դեմ: Ղեկավար անդամի բողոքի դեպքում միջոցառումը (բացառությամբ շտապ միջոցառումների) չի կարող իրականացվել մինչև ընկերակցության անդամների կողմից այդ հարցի համատեղ լուծումը: Եթե ղեկավար անդամները պետք է գործեն համատեղ, ապա որոշումները նրանք ընդունում են պարզ մեծամասնությամբ, բացառությամբ շտապ միջոցառումների, որոնք կարող են նախաձեռնվել ղեկավար անդամներից յուրաքանչյուրի կողմից` ընկերակցության մյուս ղեկավար անդամներին անհապաղ տեղեկացնելու պայմանով:

Ընկերակցության ներկայացուցիչներն ունեն անձնական կամ համատեղ ստորագրության իրավունք, կախված այն բանից, թե ներկայացուցչության անձնական կամ համատեղ ինչպիսի իրավունքներով են նրանք օժտված: Ընկերակցության անդամի ներկայացուցչության իրավունքի սահմանափակումը երրորդ անձանց առջև չի թույլատրվում: Ընկերակցության անդամի ներկայացուցչության իրավունքի դադարեցումը երրորդ անձանց առջև գործում է պետական ռեգիստրում այդ մասին նշելու պահից:

31. Ընկերակցության անդամների կողմից հարցերը լուծելիս նրա ստեղծման մասին պայմանագիրը պետք է նախատեսի միաձայնության պարտադիր լինելը հետևյալ դեպքերում`

ա) ընկերակցության ստեղծման մասին պայմանագիրը կնքելիս և փոփոխելիս

 բ) ընկերակցության ավանդական գործունեության շրջանակներից դուրս եկող հարցերում.

գ) ընկերակցության ստեղծման մասին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Գործընկերների ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությունը պահանջվում է հետևյալ դեպքերում.

դ) որևէ գործընկերոջ անդամության իրավունքից զրկելիս և նոր գործընկեր ընդունելիս.

ե) ընկերակցության գործընկերներից մեկին ներկայացուցչության և ձեռնարկչական գործունեության վարումը (ղեկավարումը) իրականացնելու իրավունքից զրկելիս և այդ իրավունքները ընկերակցության գործընկերոջը հանձնարարելիս.

զ) ընկերակցությունը դադարելիս վերջնահաշվարկ կատարող անձին նշանակելիս:

Այն գործընկերը, որի հարցը քննարկվում է «դ», «ե», «զ» ենթակետերով նախատեսված հիմքերով, քվեարկությանը չի մասնակցում:

Ընկերակցության գործունեության մյուս հարցերով որոշումները նրա անդամները ընդունում են ձայների պարզ մեծամասնությամբ: Գործընկերներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն` անկախ ունեցած ներդրման (անդամավճարի) մեծությունից:

32. Ընկերակցության ստեղծման մասին պայմանագիրը ընկերակցության ղեկավար և ներկայացուցչի համար պետք է նախատեսի իրենց գործունեության մասին գործընկերներին պարբերաբար տեղեկացնելու պարտականությունը, ինչպես նաև յուրաքանչյուր գործընկերոջ իրավունքը` ստուգելու ընկերակցության ձեռնարկչական գործունեության վարումը (ղեկավարումը) և ներկայացուցչությունը, որի հետ կապված նա իրավունք ունի ստանալու տեղեկություններ գործերի վիճակի մասին և անձամբ ծանոթանալու ընկերակցության փաստաթղթերին:

33. Գործընկերը ընկերակցության աշխատանքին իր անձնական մասնակցության համար ստանում է վարձատրություն:

Ընկերակցությունը կարող է վարձել ծառայողներ, տնայնագործներ գործընկերների ընտանիքի անդամներ և աշակերտներ: Ընկերակցության անունից գործատուի իրավունքը դրվում է նրա այն անդամի վրա, որին հանձնարարված է ձեռնարկչական գործունեության վարումը:

Ընկերակցության գործունեությունում իրենց աշխատանքով մասնակցող անդամները ենթակա են սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բանվորներին և ծառայողներին համանման: Ընկերակցությունում` որպես հիմնական աշխատանքի վայրում, աշխատելու ժամանակը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ:

Գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում ընկերակցությունը սահմանված կարգով գրանցվում է նաև որպես ապահովագրող և իր եկամուտներից գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով գործող օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափերով իր անդամներին և աշխատողներին սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ֆոնդերին կատարում է մասհանումներ:

34. Տարեվերջին ընկերակցությունը պատրաստում և պետական մարմիններին է ներկայացնում հաշվեկշիռ ու հայտարարագիր ընկերակցության գույքի և աշխատողների եկամուտների մասին, որոնցից կարելի է միանշանակ կերպով որոշել նրա գույքային վիճակը և վերջինիս փոփոխությունը, ինչպես նաև եկամուտը և վնասները, գործընկերների ու աշխատողների եկամուտները: Գույքի և շահույթի մասին հայտարարագրում տվյալների աղավաղման համար ընկերակցության ղեկավարությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործընկերները միմյանց միջև բաշխում են շահույթը և համատեղ կրում վնասները: Ընկերներից ոչ մեկը չի կարող հեռացվել շահույթին մասնակցելուց և վնասներ կրելուց: Շահույթի և վնասների բաշխումը կատարվում է գործընկերների ավանդներին համամասնական:

Գործընկերների ըստ ավանդների բաշխված սեփականության հավելաճը հարկվում է գործընկերների այլ եկամուտներին համանման:

(փոփ. 13.07.92 թ. թիվ 400 որոշմամբ)

35. Ընկերակցության ձեռնարկչական գործունեությունը վարելու և այն ներկայացնելու լիազորություններ ունեցող անձինք պետք է գործեն նման պաշտոններ զբաղեցրած անձանցից սպասելի հստակությամբ և ջանասիրությամբ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հասցված վնասի համար այդ անձինք պատասխանատու են քաղաքացիական օրենսդրության ընդհանուր նորմերի համաձայն նույնիսկ այն դեպքում, եթե նրանք ընկերակցության հետ գտնվում են աշխատանքային հարաբերություններում:

 Գործատուն իր որոշմամբ չի կարող ղեկավարին, ներկայացուցչին, վերահսկիչին կամ վերստուգիչին ազատել հիշյալ պաշտոններից:

36. Ընկերակցության ներկայացուցչի կողմից երրորդ անձին պատճառված վնասի համար պատասխանատու է ընկերակցությունը:

Իր պարտավորությունների համար ընկերակցությունը պատասխանատու է առաջին հերթին սեփական գույքով, իսկ եթե այն բավարար չէ պահանջները մարելու համար, ապա պատասխանատվությունը անսահմանափակ է և այն համապարտ ձևով կրում են գործընկերներն իրենց սեփական գույքով: Երրորդ անձի նկատմամբ նրանց պատասխանատվության բացառում կամ սահմանափակում չի թույլատրվում:

Ընկերակցության գույքի առնչությամբ դատական որոշումը կարող է կայացվել և ի կատար ածվել առանց գործընկերների մասնակցության: Գործընկերների գույքի առկայությամբ դատական վճիռ կայացնելիս անհրաժեշտ է նրանց մասնակցությունը դատավարությանը: Գործընկերները կարող են դատի տրվել նաև ընկերակցության հետ միաժամանակ:

Ընկերակցության մեջ անդամագրվող նոր անդամի պատասխանատվությունը ընկերակցության այն պարտավորություններով, որոնք առաջացել են մինչև նրա անդամությունը, նույնական է մյուս գործընկերների պատասխանատվության հետ:

37. Գործընկերոջ պարտքերը բավարարելու կամ գրավ դնելու համար հիմք է ծառայում ընկերակցության գույքի այն մասը, որը պատկանում է այդ գործընկերոջը, ընկերակցությունում նրա անդամությունը դադարեցնելու կամ ընկերակցության դադարեցման դեպքում, բայց ոչ այն գույքը, որը գործընկերոջ կողմից տրված է ընկերակցությանը որպես սեփականություն կամ օգտագործման համար: Համապատասխան գույքի նկատմամբ պարտատիրոջ կողմից իր իրավունքները կիրարկելիս, վերջինս իրավունք ունի պահանջել ընկերակցությունում պարտապանի անդամության ժամանակավոր դադարեցում:

Ընկերակցության և երրորդ անձի միջև հարցը` մի կողմից, և գործընկերներից որևէ մեկի և նույն երրորդ անձի միջև հարցը` մյուս կողմից, ենթակա չեն փոխադարձ հաշվանցման:

38. Անձի անդամությունը ընկերակցությունում դադարում է`

ա) տվյալ անձի հեռացմամբ.

բ) տվյալ անձի հրաժարմամբ, որը ուժի մեջ է մտնում անմիջապես.

գ) ժամանակավոր հրաժարմամբ.

դ) անձի մահվամբ կամ գոյության դադարմամբ.

ե) անդամության պահպանումը օրենսդրության նորմերին չհամապատասխանելու դեպքում:

39. Գործընկերներից մեկը մյուս գործընկերների կողմից կարող է հեռացվել ծանրակշիռ պատճառով, մասնավորապես այն դեպքում, երբ հեռացվողը չի կատարում ընկերակցության ստեղծման մասին պայմանագրով, սույն կանոնադրությամբ կամ օրենսդրության նորմերի համաձայն ստանձնած իր պարտականությունները կամ իր վարքագծով էականորեն խոչընդոտում է ընկերակցության նպատակների իրականացմանը կամ էլ հանդիսանում է խրոնիկ անվճարունակ: Հեռացման մասին տեղեկացվում է գործընկերը, նշելով հեռացման պատճառը:

Այն անձը, որի կարգավիճակի մասին կայացվում է որոշում, քվեարկությանը չի մասնակցում:

Հեռացման մասին հայտարարություն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում հեռացված գործընկերը կարող է դիմել դատարան: Հիշյալ ժամկետում դատարան չդիմելու դեպքում այդ իրավունքը կորչում է: Դատաքննություն սկսելը չի կասեցնում հեռացնելու մասին ընկերակցության որոշման կատարումը:

40. Ցանկացած գործընկեր կարող է հրաժարվել իր անդամությունից (հրաժարականը ուժի մեջ է մտնում անհապաղ), եթե մյուս գործընկերը լրջորեն խախտել է ընկերակցության ստեղծման մասին պայմանագիրը կամ ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում ընկերակցության նպատակների իրագործման և նրա հետ համագործակցելու հնարավորությունները:

41. Անորոշ ժամանակով ստեղծված ընկերակցության յուրաքանչյուր գործընկերոջ իրավունքը` ժամանակավորապես (մինչև երեք ամիս ժամանակով) հրաժարվելու իր անդամությունից, չի կարող սահմանափակվել. մյուս գործընկերները կարող են համաձայնություն տալ նրա ժամանակավոր հրաժարման ժամկետը ևս ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգելու համար:

42. Ընկերակցությունից դուրս եկող անդամի հետ վերջնահաշվարկ է կատարվում դուրս գալու պահի դրությամբ: Դուրս եկող գործընկերոջ հասանելիքը վճարվում է արժեքային ձևով: Ոչ դրամական ավանդը կարող է տրվել ինչպես բնաիրային, այնպես էլ արժեքային այն տեսքով, որ որոշված է ընկերակցության ստեղծման մասին պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` ընկերակցությունը ոչ դրամական ավանդի փոխանցման ժամանակի շուկայական արժեքով: Ընկերակցության օգտագործմանը տրամադրված գործընկերոջ գույքային ավանդը նրան վերադարձվում է բնաիրային տեսքով, եթե գործընկերոջ և ընկերակցության միջև չկա այլ պայմանավորվածություն:

Եթե ընկերակցության և դուրս եկող անդամի միջև չկա այլ պայմանավորվածություն, ապա ընկերակցությունից դուրս եկող անդամին պատկանող գույքի մասը պետք է նրան տրվի ոչ ուշ, քան անդամությունը դադարելու պահից երեք ամսվա ընթացքում:

43. Անդամությունը դադարեցրած անձի ժառանգորդը (իրավահաջորդը) կարող է ընդունվել ընկերակցության մեջ` տվյալ անձի և մյուս գործընկերների հետ պայմանավորվածությամբ: Հակառակ դեպքում գործում են սույն կանոնադրության 40-րդ կետի դրույթները:

44. Ընկերակցությունից դուրս եկած գործընկերը կամ նրա ժառանգորդը (իրավահաջորդը), որը չի մտել ընկերակցության մեջ, դուրս գալուց հետո մեկ տարվա ընթացքում մյուս գործընկերների հետ հավասարապես պատասխանատվություն է կրում երրորդ անձանց հանդեպ ընկերակցության այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են մինչև նրա դուրս գալը:

45. Ընկերակցության գործունեությունը դադարելու դեպքում վերջնահաշվարկ կատարելիս հաշվի է առնվում հետևյալը.

վերջնահաշվարկի հետ կապված բոլոր գործողությունները կատարում է գործընկերների կողմից ընտրված անձը.

եթե ընկերակցության ստեղծման մասին պայմանագրում այլ բան չի նշված, ապա երրորդ անձանց ընկերակցության պարտքերը վերադարձնելուց հետո վճարվում է գործընկերների գույքային ավանդի արժեքը, ընդ որում, ոչ դրամական այն ավանդները, որոնք բնաիրային տեսքով չեն վերադարձվել, հաշվարկվում են պայմանագրում նշված արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փոխանցման պահին դրանց ունեցած շուկայական արժեքով: Ընկերակցության օգտագործմանը տրամադրված գույքային ավանդները վերադարձվում են բնաիրային տեսքով: Գործընկերոջ խնդրանքով բնաիրային տեսքով կարող է վերադարձվել նաև ընկերակցության սեփականությանը տրամադրված ոչ դրամական ավանդը.

գույքային ավանդների վերադարձնելուց հետո ընկերակցության մնացած գույքի մասը բաշխվում է գործընկերների միջև` նրանց գույքային ավանդներին համապատասխան:

 

ԿՈՄԱՆԴԻՏԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

46. Կոմանդիտային ընկերակցության անդամները իրականացնում են համատեղ տնտեսական գործունեություն, ընդ որում, որևէ, թեկուզ մեկ գործընկերոջ (լիակատար գործընկերոջ) պատասխանատվությունը` անսահմանափակ է և համապարտ մյուս գործընկերների հետ, իսկ ուրիշ, թեկուզ մեկ այլ գործընկերոջ (կոմանդիտիստի) պատասխանատվությունը սահմանափակվում է նրա գույքային ավանդով:

Մնացած հարցերով կոմանդիտային ընկերակցության համար գործում են լիակատար ընկերակցության համար սահմանված իրավական նորմերը, եթե այլ բան չի նախատեսված սույն կանոնադրությամբ.

ձեռնարկության անվանումը պետք է բովանդակի նրա` որպես կոմանդիտային ընկերակցության նշանակումը բացված կամ համառոտ «ԿԸ» ձևով:

47. Պետական բյուջետային մարմինը կարող է լինել լիակատար գործընկեր միայն վերադաս մարմնի թույլտվությամբ:

48. Ֆիրմայի գրանցման համար նախատեսված տվյալներից բացի, այդպիսի ընկերակցությունը պետք է տվյալներ ներկայացնի միայն ընկերակցության կոմանդիտիստների թվի և նրանց ավանդների ընդհանուր գումարի մասին, առանց կոմանդիտիստի համաձայնության նրա անունը (անվանումը) չի կարող պարունակվել այդ տվյալների մեջ:

 49. Կոմանդիտային ընկերակցության գործունեության մեջ անձնական մասնակցություն պարտավոր է ունենալ միայն լիակատար գործընկերը. ընկերակցության ստեղծման մասին պայմանագրում կարող է վերապահվել նաև կոմանդիտիստի անձնական մասնակցությունը: Անձնական մասնակցության համար վարձատրվում են ինչպես լիակատար գործընկերները, այնպես էլ կոմանդիտիստները:

Ընկերակցության ձեռնարկչական գործունեությունը կարող է ղեկավարել միայն լիակատար գործընկերը:

Ընկերակցության լիակատար գործընկերների և կոմանդիտիստների համատեղ որոշումն անհրաժեշտ է`

ա) ընկերակցության ձեռնարկչական գործունեությունը վարող անձի կողմից իրականացվող միջոցառման դեմ բողոքարկելու դեպքում.

բ) ընկերակցության ավանդական գործունեության շրջանակներից դուրս եկող հարցերի դեպքում:

50. Ընկերակցության ներկայացուցչությունը կարող է իրականացնել միայն լիակատար գործընկերը:

51. Կոմանդիտիստը կարող է կանչվել ընկերակցության պարտավորությունների կատարմանը միայն այն դեպքում, եթե նա ամբողջությամբ չի կատարել իր ավանդային այն պարտավորությունները, որոնք նշված են պետական ռեգիստրում:

Եթե կոմանդիտիստը ընկերակցության մյուս անդամների հետ համաձայնեցնելով նվազեցնում է իր ավանդը, ապա մինչև պետական ռեգիստրում այդ փոփոխության գրանցումը, տվյալ կոմանդիտիստի պատասխանատվությունը պահպանվում է չփոփոխված ավանդի չափով:

Եթե կոմանդիտիստի անունը (անվանումը) հիշատակվում է ընկերակցության անվանման մեջ, ապա նա պատասխանատու է նույն այն չափով, ինչպես և լիակատար գործընկերը:

Ընկերակցության մեջ ընդունված կոմանդիտիստը երրորդ անձանց առջև ընկերակցության այն պարտավորություններով, որոնք առաջացել են մինչև նրա ընդունվելը, պատասխանատու է մյուս կոմանդիտիստների հետ համահավասար:

52. Ընկերակցությունը դադարում է գոյություն ունենալ նրանից բոլոր լիակատար գործընկերների դուրս գալու դեպքում:

Եթե կոմանդիտիստների դուրս գալու կապակցությամբ կոմանդիտային ընկերակցությունում մնում են միայն լիակատար գործընկերներ, ապա այն կարող է շարունակել իր գործունեությունը որպես լիակատար ընկերակցություն, եթե երեսուն օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն ներկայացնի պետական ռեգիստր: Այդ ժամկետի խախտումը առաջ է բերում ընկերակցության գոյության դադարում:

53. Այն ընկերակցությունում, որի գործունեության համար իրավաբանական անձը-հիմնադիրը կրում է պատասխանատվություն, գործում են հետևյալ առանձնահատկությունները.

այդպիսի ընկերակցության անվանման մեջ պետք է հիշատակվի նշված իրավաբանական անձը. վերջինիս պատասխանատվությունը պետք է նախատեսվի պետական ռեգիստրում.

այդպիսի ընկերակցությունը կարող է ստեղծվել առանց նրա անդամների գույքային ավանդների: Նրա ստեղծմանը պետք է նախորդի իրավաբանական անձի հայտարարությունը իր պատասխանատվության մասին.

իրավաբանական անձի կողմից ընկերակցության համար պատասխանատվության ընդունումը և նրա կողմից ընկերակցությանը միջոցների ու գույքի տրամադրումը չեն կարող հիմք հանդիսանալ այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսական կազմակերպությունների ու քաղաքացիների հետ ընկերակցության կողմից իր տնտեսական գործունեության ընթացքում պայմանագրերի կնքումը արգելելու համար:

Երրորդ անձանց առջև ընկերակցության ունեցած պարտավորությունների համար նրա անդամների պատասխանատվությունը սահմանափակվում է նրանց գույքային ավանդներով և ընկերակցության պարտավորություններով պահանջների ներկայացման օրացուցային տարում նրա ստացած ամբողջ եկամուտով: Դրանից ավելի անսահմանափակ պատասխանատվություն է կրում նշված իրավաբանական անձը:

Իրավաբանական անձը ցանկացած ժամանակ և առանց հիմնավորումների կարող է հետ վերցնել ընկերակցության գործունեության համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին դիմումը. պատասխանատվությունը հետ վերցնելու մասին հայտարարություն է ներկայացվում պետական ռեգիստր: Պատասխանատվությունը հետ վերցնելը ուժի մեջ է մտնում հայտարարությունը ներկայացնելուց երեսուն օր հետո: Պատասխանատվության հետվերցնումը գրանցելուց հետո ընկերակցությունը կարող է գոյություն ունենալ իր անդամների լիակատար պատասխանատվությամբ, եթե նրա գործընկերների կողմից նման որոշման մասին հայտարարություն է ներկայացվել պետական ռեգիստր` իրավաբանական անձի պատասխանատվությունը հետ վերցնելու մասին հաղորդագրություն հրապարակելուց հետո, երեսուն օրվա ընթացքում: