Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-459
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.12.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 դեկտեմբերի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 3-ին Դուշանբեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա միջպետական պայմանագիրը երկու երկրների անունից ստորագրվել է 2002 թ. ապրիլի 3-ին` Դուշանբեում: Պայմանագրի նպատակն է երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացումը, Պայմանավորվող կողմերի միջև փոխհարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ամրապնդումը:

2. Պայմանագիրը սահմանում է պայմանավորվող պետությունների համագործակցության սկզբունքները, որոնք բխում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, այլ միջազգային փաստաթղթերի պահանջներից:

Պայմանագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես առանձնացվում են համագործակցության հետևյալ բնագավառները. համընդհանուր անվտանգության, քաղաքականության, տնտեսության, գիտության և տեխնիկայի, առողջապահության, բնապահպանության, առևտրի, տրանսպորտի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի բնագավառները:

Կոնկրետ բնագավառներում համագործակցությունը կանոնակարգելու նպատակով Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ են համարում կնքել առանձին համաձայնագրեր:

3. Պայմանավորվող կողմերը միմյանց քաղաքացիների համար երաշխավորում են հավասար իրավունքներ և ազատություններ` խտրականության արգելման սկզբունքին համապատասխան: Մի Պայմանավորվող կողմն իր տարածքում բնակվող` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին տրամադրում է քաղաքացիական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքներ ու ազատություններ` մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ նորմերին համապատասխան:

Պայմանավորվող կողմերը պարտավորություններ են ստանձնում նաև իրենց տարածքում գտնվող` միմյանց քաղաքացիների լեզվական և հոգևոր պահանջմունքների բավարարման կապակցությամբ:

4. Քննության առարկա պայմանագրին համապատասխան` երկու երկրները բարենպաստ պայմաններ կապահովեն միմյանց տնտեսավարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության համար, տնտեսական հարաբերությունները կզարգացնեն առավել բարենպաստման ռեժիմի հիման վրա:

5. Պայմանագրում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, կոչված են ապահովելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. ապրիլի 3-ին Դուշանբեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


19 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-459