Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

6 հոկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 և 21 (1) հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունները, համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունվարի 17-ին` Մոսկվայում:

Համաձայնագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների ինտեգրացման գործընթացների զարգացմանը, ազգային մշակույթի և լուսավորության, ընդհանուր մշակութատեղեկատվական տարածքի պահպանմանը, մեծահասակ բնակչության անընդհատ կրթության և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության իրականացման մեխանիզմների ստեղծմանը:

Համաձայնագիրն ունի հավելված` Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության ուղղությամբ միջպետական կոմիտեի կանոնակարգը, որում սահմանվում են Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթները, նրա կառավարման մարմինների կազմավորման և աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև ֆինանսավորման սկզբունքները:

Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ստեղծել բարենպաստ պայմաններ` գիտության, տեխնիկայի, մշակույթի և կրթության բնագավառում արդի նվաճումների տարածմանը, անհատի մտավոր ներուժի զարգացմանը նվիրված ծրագրերի մշակման համար:

Համաձայնագիրն ստորագրման պահից ուժի մեջ մտնելու դրույթի առումով Հայաստանի Հանրապետությունը հայտնում է հատուկ կարծիք, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար այն իրավական ուժ է ստանալու անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին երրորդ ծանուցումը հանձնելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


6 հոկտեմբերի1998 թվականի
ՍԴՈ-126