Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-541
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԵԼՈՒՍՏԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1988 թվականի մարտի 10-ին Հռոմում ստորագրված` Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1988 թ. մարտի 10-ին Հռոմում` Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (այսուհետև` Կոնվենցիա) կիրառումը մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի վրա տարածելու նպատակով:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 1992 թ. մարտի 1-ից:

2. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կոնվենցիայի 5, 7 և 10-16 հոդվածների դրույթները կիրառել նաև արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների, դրանց կատարման փորձի և դրանց հանցակցության առնչությամբ, եթե այդ հանցագործությունները կատարվել են մայրցամաքային ելուստի վրա տեղադրված նավամատույցի դեմ կամ դրա վրա:

Ստանձնելով Կոնվենցիայի նշված դրույթներն արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ կիրառելու պարտավորություն` Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, պարտավորվում են.

- իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան պատիժներ` այդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար,

- հանցագործի կամ ենթադրյալ հանցագործի` իրենց տարածքում գտնվելու դեպքում ձերբակալել կամ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք կապահովեն տվյալ անձի ներկայությունն այն ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար,

- արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունները որպես հանձնում առաջացնող հանցագործություններ ներառված համարել հանձնման մասին գործող պայմանագրերում և ներառել հետագայում կնքվելիք նման պայմանագրերում,

- արձանագրությունում նշված հանցագործությունների առնչությամբ միմյանց տրամադրել իրավական օգնություն:

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց պետության մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի վրա կամ դրա դեմ, կամ իրենց քաղաքացու կողմից կատարված` արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը հաստատելու համար:

3. Արձանագրության նախաբանի համաձայն` արձանագրությանը կարող են մասնակցել միայն Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է քննության առարկա արձանագրությանը միանալ միայն Կոնվենցիայի կողմ հանդիսանալու դեպքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1988 թ. մարտի 10-ին Հռոմում ստորագրված` Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-541

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան