Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-526
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/ 1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

5 նոյեմբերի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Աշխատանքի վիճակագրության մասին 1985 թվականի հունիսի 25-ին Ժնևում ընդունված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Աշխատանքի վիճակագրության մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1985 թ. հունիսի 25-ին` Ժնևում:

Կոնվենցիայի նպատակը Աշխատավարձի և աշխատաժամանակի վիճակագրության մասին 1938 թ. կոնվենցիայի վերանայումն է:

Կոնվենցիան պարտավորություններ է առաջացնում բացառապես Կազմակերպության անդամների համար:

2. Կոնվենցիայով Կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կանոնավոր կերպով հավաքել, մշակել և հրապարակել աշխատանքի մասին հիմնական վիճակագրական տվյալներ: Կոնվենցիայի 1-ին հոդվածը սահմանում է այն ոլորտները, որոնք կարող են ներառվել վիճակագրական տվյալներում:

3. Կոնվենցիան Կազմակերպության անդամներին հնարավորություն է ընձեռում պարտավորություններ ստանձնել կոնվենցիայի 2-րդ բաժնում ամրագրված մեկ կամ մի քանի ոլորտներին վերաբերող վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու և հրապարակելու կապակցությամբ: Ընդ որում, Կազմակերպության անդամը կարող է հետագայում ընդլայնել այն ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու և հրապարակելու իր պարտավորությունների շրջանակը, որոնց կապակցությամբ նա սկզբնապես պարտավորություն չի ստանձնել:

Հայաստանի Հանրապետությունն օգտվելով կոնվենցիայով ընձեռված հնարավորությունից` կոնվենցիան վավերացնում է հայտարարությամբ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը վիճակագրական տվյալներ հավաքելու, մշակելու և հրապարակելու պարտավորություն է ստանձնում միայն կոնվենցիայի 7, 12 և 13 հոդվածներով նախատեսված ոլորտների, այն է` տնտեսապես ակտիվ բնակչության, զբաղվածության, գործազրկության, սպառողական ապրանքների գների ցուցիչների, տնային տնտեսությունների վարման և ընտանիքների ծախսերի կապակցությամբ:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև առաջին իսկ հնարավորության դեպքում Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկել հրապարակված վիճակագրական տվյալներ, որոնք նախապատրաստվել են ի կատարումն կոնվենցիայի, և դրանց հրապարակմանը վերաբերող տեղեկություն:

Առաջին իսկ հնարավորության դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկեն նաև կոնվենցիայով նախատեսված վիճակագրական տվյալների հավաքման և մշակման ժամանակ օգտագործվող աղբյուրների, հասկացությունների, սահմանումների և մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, որոնք ենթակա են թարմացման և հրապարակման ազգային իրավասու մարմնի կողմից:

5. Կոնվենցիան չի պարտադրում Կազմակերպության անդամներին հրապարակել կամ բացահայտել տվյալներ, որոնք կարող են հանգեցնել ցանկացած կերպով այնպիսի առանձին վիճակագրական միավորներին վերաբերող տեղեկատվության բացահայտմանը, ինչպիսիք են անձը, տնային տնտեսությունը, հիմնարկը կամ ձեռնարկությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Աշխատանքի վիճակագրության մասին 1985 թվականի հունիսի 25-ին Ժնևում ընդունված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-526

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան