ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 սեպտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2002 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված` Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 12-ին Վարշավայում` 1989 թ. նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Դոպինգի դեմ» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) դրույթները կատարելագործելու և Կոնվենցիայի կիրառումն ուժեղացնելու համար դրանում լրացումներ կատարելու նպատակով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2000 թ. մայիսի 26-ին` Ստրասբուրգում և վավերացվել 2004 թ. փետրվարի 18-ին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2004 թ. ապրիլի 1-ին:
2. Արձանագրությամբ մասնակից պետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքներում մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու` մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասությունը` ընդունող երկրի ազգային կանոնակարգերի համաձայն: Նման ստուգումների արդյունքները ուղարկվում են տվյալ մարզիկի կամ մարզուհու ազգային մարզական ֆեդերացիային, ընդունող երկրի ազգային հակադոպինգային կազմակերպությանը և միջազգային մարզական ֆեդերացիային:
Մասնակից պետությունները նմանապես ճանաչում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության և դրա ղեկավարության ներքո գործող դոպինգային ստուգումներ իրականացնող այլ կազմակերպությունների` իրենց մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու իրավասությունը:
3. Արձանագրությամբ նախատեսվում է, որ Կոնվենցիայի 10 հոդվածի համաձայն ստեղծված Մոնիտորինգային խումբը վերահսկում է Կոնվենցիայի կիրառումը յուրաքանչյուր մասնակից պետության կողմից: Այդ վերահսկումն իրականացնում է Մոնիտորինգային խմբի կողմից նշանակված Գնահատող խումբը, որը քննում է մասնակից պետությունների ներկայացրած հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում իրականացնում է այցելություններ և Մոնիտորինգային խմբին ներկայացնում գնահատման հաշվետվություն, որը պետք է հրապարակվի:
4. Արձանագրության դրույթների վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:
5. Արձանագրությունում նախատեսված են դրույթներ` դրա ստորագրման, ուժի մեջ մտնելու, չեղյալ հայտարարելու, տարածքային կիրառման և ծանուցումների վերաբերյալ:
6. Արձանագրությունը կնքված է մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի սեպտեմբերի 12-ին Վարշավայում ստորագրված` Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|