Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (12.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.01/8(156)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12.08.2003 թ.

թիվ 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» 2.7 ԵՎ 3.6 ԵՆԹԱԿԵՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման կարգ»-ի (այսուհետ` Ակտիվների դասակարգման կարգ) 2.7 և 3.6 ենթակետերի կիրառման նպատակով պարզաբանում է հետևյալը.

Այն դեպքում, երբ բանկը տրամադրում է վարկեր կամ ձևավորում է դեբիտորական պարտքեր, որոնք չունեն գրավային ապահովվածություն, ապա` որպեսզի այդ ակտիվները համարվեն ապահովված «փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակը (այդ թվում ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ» և/կամ «փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ» և չդիտարկվեն բլանկային, բանկը ՀՀ կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նշված գործառնությունները կանոնակարգող բանկի ներքին իրավական ակտերը, որոնցում պետք է նշվեն վարկավորման գործընթացները և փոխառուի ֆինանսական վիճակի գնահատման սկզբունքները` ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար: Մինչ ներքին իրավական ակտերի, դրանցում ամրագրված սկզբունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի բացասական եզրակացություն ստանալը, բանկերը այդ իրավական ակտերին համապատասխան տրված փոխառությունները, ձևավորած դեբիտորական պարտքերը կարող են դիտարկել ոչ բլանկային, իսկ բացասական եզրակացություն ստանալու դեպքում պետք է դիտարկեն բլանկային:

Եթե վերոնշյալ վարկերը և/կամ դեբիտորական պարտքերը տրամադրվել կամ ձևավորվել են ներքին իրավական ակտերի շրջանակներից դուրս կամ բանկում բացակայում են նման իրավական ակտեր, բանկը պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ ակտիվների գծով փոխառուի ֆինանսական վիճակը (այդ թվում ֆինանսական հոսքերը) բնութագրող և/կամ փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` դրանք ոչ բլանկային դիտարկելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու համար: Եթե բանկի կարծիքով տվյալ ակտիվները բնութագրվում են փոխառուի պարտքը մարելու վերաբերյալ կամ վերադարձելիությունը հիմնավորող բավարար տեղեկատվությամբ, ապա մինչև ՀՀ կենտրոնական բանկից բացասական եզրակացություն ստանալը դրանք կարող են բանկի կողմից դիտարկվել ոչ բլանկային:

Բանկի ակտիվների կամ հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների պայմանների ի օգուտ փոխառուի փոփոխության դեպքում, որպեսզի դրանք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից չդիտարկվեն վերանայված պայմաններով ակտիվներ, բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նշված գործառնությունները կանոնակարգող բանկի ներքին իրավական ակտերը, որոնցում պետք է նշվեն ակտիվների պայմանների վերանայման այնպիսի սկզբունքներ և գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս ակտիվների պայմանների վերանայում փոխառուի վատ ֆինանսական վիճակի պայմաններում` ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան եզրակացություն ստանալու համար: Մինչ ներքին իրավական ակտերի, դրանցում ամրագրված սկզբունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի բացասական եզրակացություն ստանալը, եթե ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների պայմանները վերանայվել են այդ իրավական ակտերին համապատասխան, ապա դրանք կարող են չդիտարկել վերանայված պայմաններով: ՀՀ կենտրոնական բանկից բացասական եզրակացություն ստանալու դեպքում, բանկերն այդ ակտիվները և հետհաշվեկշռային պարտավորությունները պետք է դիտարկեն վերանայված պայմաններով:

Այն դեպքում, երբ տեղի է ունեցել տրամադրված փոխառությունների, ձևավորած դեբիտորական պարտքերի կամ հետհաշվեկշռային պարտավորությունների պայմանների վերանայում նշված կարգերի շրջանակներից դուրս, ապա որպեսզի այդ ակտիվները Ակտիվների դասակարգման կարգի համաձայն չդիտարկվեն վերանայված պայմաններով, բանկը պետք է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնի տվյալ ակտիվների գծով փոխառուի ֆինանսական վիճակը (այդ թվում ֆինանսական հոսքերը) բնութագրող և/կամ փոխառության (պարտքի) վերադարձելիությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` դրանք չվերանայված պայմաններով դիտարկելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունն ստանալու համար: Մինչև ՀՀ կենտրոնական բանկից բացասական եզրակացություն ստանալը բանկը կարող է դրանք դիտարկել չվերանայված պայմաններով, եթե բանկի կարծիքով տվյալ ակտիվների երկարաձգումը պայմանավորված չի փոխառուի վատ ֆինանսական վիճակով:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ակտիվի ոչ բլանկային կամ չվերանայված պայմաններով դիտարկման վերաբերյալ բացասական կարծիք չտալը չի նշանակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ պատասխանատվության ստանձնում:

 

ՀՀ կենտրոնական
բանկի
նախագահ

Տ. Սարգսյան