ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված` Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 18-ին Յալթայում` բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների արդյունավետության բարձրացման նպատակով:
Համաձայնագրով կարգավորվում են Պայմանավորվող կողմերի ավտոտրանսպորտային միջոցներով միջազգային բեռնատար հաղորդակցություններում փոխադրումների իրականացման հետ կապված հարցերը, երբ բեռների փոխադրումն իրականացվում է առնվազն երկու Կողմերի տարածքներով և մեկնարկման կետը գտնվում է Կողմերից որևէ մեկի տարածքում:
2. Պայմանավորվող կողմերը փոխադարձության սկզբունքով պարտավորվում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող փոխադրողներին ազատել պետական և տեղական գանձումներից` կապված ճանապարհների և այլ հաղորդակցության ուղիների օգտագործման կամ պահպանման, տրանսպորտային միջոցների օգտագործման կամ տիրապետման հետ:
Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով Կողմերը ձեռնարկում են միջոցներ` ուղղված փոխադրողների գործունեության կարգավորման բնագավառում ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանը:
Կողմերն իրենց տարածքում ճանաչում են միմյանց ավտոտրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթերը և նշանները:
3. Համաձայնագիրը սահմանում է փոխադրողի պարտականությունները: Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման կարգը վերահսկում է Կողմի իրավասու մարմինը:
Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են Կողմերի մասնակցությամբ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին այլ համաձայնագրերից:
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ԱՊՀ մասնակից պետություններից համաձայնագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը և Բելառուսը, իսկ Ղրղզստանը և Մոլդովան կատարել են վերապահում, Ադրբեջանը և Վրաստանը ներկայացրել են հատուկ կարծիք:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առարկություն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի 4-րդ կետի` վերջինիս` համաձայնագրի առարկային և նպատակին հակասելու հիմքով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. սեպտեմբերի 18-ին Յալթայում ստորագրված` Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|