ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 փետրվարի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կ. Միքայելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի (Պատվարների անվտանգության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Միքայելյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հոկտեմբերի 7-ին` Վաշինգտոնում: Համաձայնագրի նպատակն է օժանդակել Պատվարների անվտանգության ծրագրի ֆինանսավորմանը:
Ըստ համաձայնագրի Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը (փոխառու) տրամադրելու է տասնինը միլիոն յոթ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար (SDR)` համաձայնագրում նշված պայմաններին և պահանջներին համապատասխան:
Համաձայնագրով փոխառուն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- մարել վարկի հիմնական գումարը` կիսամյակային վճարումների ձևով, ամեն տարվա հունիսի 1-ին և դեկտեմբերի 1-ին, սկսած 2009 թվականի դեկտեմբերի 1-ից և վերջացրած 2034 թվականի հունիսի 1-ով:
Յուրաքանչյուր մուծում, ներառյալ 2019 թվականի հունիսի 1-ինը, կազմելու է հիմնական գումարի մեկ և մեկ քառորդ տոկոսը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր մուծումը կկազմի հիմնական գումարի երկուս ու կես տոկոսը,
- պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավորության վճար` վարկի չօգտագործված հիմնական գումարի դիմաց: Այդ վճարի դրույքաչափը որոշվում է Ընկերակցության կողմից յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ի դրությամբ, սակայն այն չպետք է գերազանցի տարեկան կես տոկոսը,
- պարբերաբար Ընկերակցությանը մուծել ծառայությունների վարձ` վարկի հիմնական գումարից հանված և չվճարված գումարի տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով,
- պատշաճ մակարդակով և արդյունավետ կերպով իրականացնել ծրագիրը` ապահովելով համապատասխան վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, էկոլոգիական և տեխնիկական միջոցառումները,
- բացել առևտրական բանկում Ծրագրի հատուկ հաշիվ և հաշվի գումարն օգտագործել բացառապես ծրագիրն իրականացնելու համար,
- վարկի միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներն իրականացնել համաձայնագրի հավելված 3-ի պայմաններին համապատասխան,
- պատրաստել և Ընկերակցությանը ներկայացնել ծրագիր, որը կապահովի ծրագրի նպատակների շարունակական իրականացումը,
- իրականացնել ֆինանսական կառավարման այնպիսի համակարգ, ներառյալ գրանցումները, հաշիվները և ֆինանսական հաշվետվությունները, որը կարտացոլի գործառնությունները, միջոցները և ծրագրի հետ կապված ծախսերը:
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Ընկերակցության 1985 թվականի «Զարգացման վարկի համաձայնագրերում կիրառվող ընդհանուր դրույթները»` հետագայում կատարված փոփոխություններով հանդերձ, ինչպես նաև չորս հավելվածները, որոնք կարգավորում են վարկի գումարներից կատարվող մասհանումները, ծրագրի բովանդակությանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, խորհրդատուների ընտրությանը և ծրագրի իրականացմանը վերաբերող հարցերը:
ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ, ՀՀ Սահմանադրության 89 հոդվածի 4-րդ կետի պահանջներից ելնելով, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը քննության առարկա դարձնի ու հաստատի նման ծրագրերը և վերահսկի դրանց կատարման ընթացքը` նկատի ունենալով, որ ոչ թե առանձին նախարարությունների, այլ կառավարության սահմանադրական լիազորությունն է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության իրականացման ապահովումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի (Պատվարների անվտանգության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտականությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|