Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 օգոստոսի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, ինչպես նաև դատարանի կողմից նիստին հրավիրված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ Պ. Սաֆարյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի բացատրությունները, ինչպես նաև հրավիրվածներ Մ. Ալեքսանյանի և Շ. Ավագյանի պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրն ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում: Պայմանագրի նպատակն է Կողմերի միջև համագործակցության զարգացումը, կապիտալ ներդրումների պաշտպանության և խրախուսման փոխադարձ բարենպաստ պայմանների ստեղծումը:

Պայմանագրով կարգավորվում է կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը` կապված մի պայմանավորվող կողմի տարածքում մյուս պայմանավորվող կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության, հնարավոր վեճերի լուծման կարգի հետ:

Պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող արձանագրությունում ճշգրտվում են պայմանագրի առանձին հոդվածների դրույթները:

Պայմանագրում սահմանված են նաև պայմանագրի ուժի մեջ մտնելու, տևողության և գործողության դադարեցման կարգը:

Պայմանագրի առանձին դրույթների քննարկման արդյունքում սահմանադրական դատարանը եկավ այն եզրակացության, որ կապիտալ ներդրումների բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների մասին պայմանագրի 4 հոդվածի 2 կետով նախատեսված դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածով նախատեսված սեփականության օտարման պայմաններին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածով սահմանված է, որ. «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Մինչդեռ, պայմանագրի նշված հոդվածով նախատեսվում է կապիտալ ներդրումների բռնագրավում, պետականացում կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների իրականացում` հասարակական շահերից ելնելով:

Ընդ որում, ըստ պայմանագրի փոխհատուցման չափը որոշելու և վճարելու համար պետք է հոգ տարվի բռնագրավման, ազգայնացման կամ իր բնույթով համանման միջոցառման իրականացման պահից ոչ ուշ, որը լիարժեքորեն չի կարող ապահովել նախնական փոխհատուցումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված պայմանագրի 4 հոդվածում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

30 օգոստոսի 1996 թվականի

ՍԴՈ-17