Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-391
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 հոկտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին 2002 թվականի մայիսի 6-ին Մոնտեվիդեոյում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի մայիսի 6-ին` Մոնտեվիդեոյում:

Համաձայնագրի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, ինչպես նաև ներդրումների փոխադարձաբար խրախուսումը և պաշտպանությունը:

2. Համաձայնագրով կարգավորվում են ներդրումների պահպանման, օգտագործման, տնօրինման և այլ հարցեր, որոնց նկատմամբ չի կարելի կիրառել անարդար և խտրական միջոցներ, ինչպես նաև սահմանվում է, որ Կողմերն իրենց տարածքներում միմյանց ներդրողների ներդրումների խրախուսման համար կստեղծեն և կապահովեն տնտեսական և իրավական նպաստավոր պայմաններ:

3. Համաձայնագիրը երաշխավորում է Կողմի ներդրողներին համապատասխան ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո ներդրումների հետ կապված բոլոր միջոցների ազատ փոխանցումը, ինչպես նաև սահմանում է ներդրումների հետ առնչվող վեճերի լուծման կարգը:

4. Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ներդրողների ներդրումների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական կամ երրորդ պետության ներդրողի ներդրումների նկատմամբ:

5. Համաձայնագիրը կոչված է նպաստելու հայ-ուրուգվայական միջպետական տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը և համահունչ է ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներին` երաշխավորել սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը (հոդված 8), Կողմերի միջև հաստատել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ (հոդված 9), սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ (հոդված 28) և այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին 2002 թվականի մայիսի 6-ին Մոնտեվիդեոյում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


11 հոկտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-391