ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ) 3633-0 AM ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 հունիսի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տ. Դավթյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի ապրիլի 25-ին ստորագրված զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Տ. Դավթյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2002 թ. ապրիլի 25-ին:
2. Քննության առարկա վարկային համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետև` Վարկատու) Հայաստանի Հանրապետությանը (այսուհետև` Վարկառու) որպես վարկ տրամադրում է 800.000 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համարժեք գումար: Վարկի գումարը տրամադրվում է քառասուն տարի ժամկետով և հիմնական գումարը մարվելու է կիսամյակային մուծումներով` սկսած 2012 թ. օգոստոսի 1-ից: Վարկառուն վարկի չառհանված հիմնագումարի դիմաց պետք է վճարի տարեկան 0.5%-ը չգերազանցող` Վարկատուի սահմանած տոկոսադրույքով պարտավճար և սպասարկման վարձ` տարեկան 1%-ի 3/4-ի չափով:
3. Սույն համաձայնագրով տրամադրվող վարկային միջոցներով ֆինանսավորվելու է Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակն է ներդրումների զարգացման գործակալության հզորացման և ներդրողների ներգրավումը խթանող ռազմավարության իրականացման միջոցով պարզել Հայաստանում հեռանկարային ներդրողների և արտահանողների ներուժը: Ծրագրի բաղկացուցիչ մասերն են. ենթակառուցվածքների և հմտությունների զարգացումը, ներդրողների և արտահանողների սպասարկմանն ուղղված ինստիտուցիոնալ հզորացումը, ներդրումների և արտահանման խթանման ապահովումը, ծրագրի կառավարումը:
4. Ծրագրի իրականացման պատասխանատվությունը մինչև 2003 թ. դեկտեմբերի 31-ը կրելու են Ծրագրի իրականացման գրասենյակն ու Զարգացման հայկական գործակալությունը, որից հետո ողջ պատասխանատվությունը կստանձնի Զարգացման հայկական գործակալությունը: Վերջինս ստեղծվել է կառավարության 1998 թ. ապրիլի 2-ի թիվ 219 որոշմամբ` ներդրումային քաղաքականության իրականացման և ներդրումների ներգրավման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Վարկառուի և Զարգացման հայկական գործակալության միջև հարաբերությունները կկարգավորվեն նրանց միջև կնքվելիք իրականացման համաձայնագրով:
5. Համաձայնագրի 1-ին հավելվածում սահմանված են վարկի միջոցներով ֆինանսավորվող կատեգորիաները, դրանցից յուրաքանչյուրին հատկացվող վարկային միջոցների չափը և ծախսերի մասնաբաժինը յուրաքանչյուր կատեգորիայում: Վարկային միջոցների 62.5%-ը (500.000 SDR) նախատեսված է խորհրդատուների ծառայությունների, վերապատրաստման և աուդիտորական ծառայությունների, 6%-ը (49.000 SDR)` ապրանքների, 26%-ը (211.000 SDR)` Ծրագրի իրականացման գրասենյակի և Զարգացման հայկական գործակալության աշխատանքային ծախսերի և 5 %-ը (40.000 SDR)` Ծրագրի Գ (2) մասի համար դրամաշնորհների ֆինանսավորման համար:
6. Համաձայնագրի 3-րդ հավելվածը նախատեսում է խորհրդատուների ներգրավման և ապրանքների գնման կարգը, որի համար համապատասխանաբար հիմք են հանդիսանում «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և աշխատանքի ընդունման ուղեցույցները» և «Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի փոխառությունների և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի հիման վրա կատարվող գնումների ուղեցույցները»:
7. Համաձայնագիրն ամրագրում է Վարկառուի` Ծրագրի իրականացման նպատակներով հատուկ ավանդային հաշիվ բացելու իրավունքը, այդ հաշվին ավանդների մուտքագրման և դրանից վճարումներ կատարելու կարգը:
8. Հայաստանի Հանրապետությունը, որպես Վարկառու, պարտավորվում է տրամադրել Ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ: Վարկառուն նաև Ծրագրի իրականացման գրասենյակի և Զարգացման հայկական գործակալության միջոցով պետք է ունենա ֆինանսական կառավարման համակարգ, այդ թվում` գրառումներ և հաշիվներ, Վարկատուին ներկայացնի Ծրագրի իրականացման կապակցությամբ տարվող աշխատանքները և ծախսերը ճշգրիտ արտացոլող ֆինանսական հաշվետվություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թ. ապրիլի 25-ին ստորագրված զարգացման վարկի (Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր) 3633-0 AM համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|