ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լ. Մկրտչյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 26-ին` Երևանում: Պայմանագրի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը:
2. Պայմանագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.
- նպաստել սպառազինությունների սահմանափակման և զինաթափման գործընթացի շարունակմանը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում Միավորված ազգերի կազմակերպության դերի ամրապնդմանը, Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՊՀ-ի խաղաղարար դերի ամրապնդման մեխանիզմների և ինստիտուտների հաստատմանը,
- գործադրել բոլոր հնարավոր ջանքերն իրենց շահերը շոշափող իրավիճակների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար,
- ձեռնպահ մնալ մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողության կամ միջոցառման մասնակցելուց կամ դրան աջակցելուց և թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի ի վնաս մյուս Բարձր պայմանավորվող կողմի անվտանգության շահերի,
- իրականացնել համագործակցություն ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառներում,
- զարգացնել համագործակցությունը մաքսային գործի, ռազմական և երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների արտահանման ու ներմուծման նկատմամբ հսկողության բնագավառում,
- երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում` բելառուս ազգային փոքրամասնությանը և Բելառուսի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքը` անհատապես կամ կոլեկտիվ ազատորեն արտահայտելու, պահպանելու և զարգացնելու իրենց էթնիկական, մշակութային կամ լեզվական ինքնատիպությունը` չենթարկվելով բռնաձուլման որևէ փորձի,
- ձեռնարկել համապատասխան միջոցներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամության, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման և խափանման համար,
- նպաստել իրենց ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը և իրենց քաղաքացիների միջև կապերի ընդլայնմանը,
- զարգացնել համագործակցությունը տնտեսության, գիտության և տեխնիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, ինֆորմատիկայի և այլ բնագավառներում,
- իրականացնել գիտատեխնիկական տեղեկատվության լայն փոխանակում,
- համագործակցել իրավախախտումների դեմ պայքարի միջոցառումներում:
3. Պայմանագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով անհրաժեշտության դեպքում Բարձր պայմանավորվող կողմերը կկնքեն առանձին երկկողմ պայմանագրեր:
Պայմանագրով նախատեսվում է նաև պայմանագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերի լուծման, դրա ուժի մեջ մտնելու կարգը:
4. Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 9, 10, 11 հոդվածների դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 26-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|