ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հոկտեմբեր 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռ. Շառոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև միջգրադարանային բաժանորդագրության բնագավառում համագործակցության զարգացման, ինչպես նաև գրադարանային ու փաստաթղթային ֆոնդերի և տեղեկատվության միջոցների փոխադարձ օգտագործման մեխանիզմի կատարելագործման նպատակով, համարելով միջգրադարանային բաժանորդագրությունն ընդհանուր տեղեկատվական և գիտատեխնոլոգիական տարածքի ապահովման կարևոր միջոց:
Ըստ համաձայնագրի Կողմերն ստեղծում են միջգրադարանային բաժանորդագրության համակարգ (ՄԳԲՀ)` փաստաթղթային ֆոնդերի փոխգործակցության հիման վրա:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
1) միջոցներ ձեռնարկել ստեղծելու և զարգացնելու արդյունավետ ազգային միջգրադարանային բաժանորդագրության համակարգ, որը Կողմերի օգտագործման համար կապահովի գրադարանների և տեղեկատվության մարմինների ֆոնդերի առավելագույն մատչելիությունը,
2) ցուցաբերել ԱՄԳԲՀ և միջգրադարանային բաժանորդագրության կենտրոններին իրավական և ֆինանսատնտեսական աջակցություն,
3) ձեռնարկել համաձայնեցված միջոցներ` ԱՄԳԲՀ-ի փոխգործակցությունն ապահովելու և Կողմերի բաժանորդներին անարգել փաստաթղթեր ու տեղեկատվություն տրամադրելու համար:
Համաձայնագրի իրագործման համար Գիտատեխնիկական զարգացման միջպետական կոմիտեի կառուցվածքում ստեղծվում է բաժին (սեկցիա), որի գործառույթները, աշխատանքային մարմինները, գտնվելու վայրը և գործունեության ֆինանսավորումը սահմանվում են դրա մասին կանոնադրությամբ:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:
Համաձայնագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժի զարգացմանը, այն բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 և 36 հոդվածների պահանջներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|