ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՆՐԱ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 հունիսի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի և նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ծանոթանալով գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի և Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի և նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մայիսի 3-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել տնտեսական, գիտատեխնիկական և արդյունաբերական համագործակցությունը երկու երկրների միջև:
Ըստ համաձայնագրի, Կողմերը կհամագործակցեն, մասնավորապես, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների կատարման, փորձնական և արդյունաբերական նոր սարքավորումների ստեղծման, շահագործող անձնակազմի ուսուցման և որակավորման բարձրացման ուղղությամբ:
Կողմերը պարտավորվում են աջակցել իրենց տարածքներում համատեղ բաժնետիրական ընկերության ստեղծմանը, գիտատեխնիկական և տնտեսական տեղեկատվության փոխանակմանը, փոխշահավետ տնտեսական, գիտատեխնիկական և արտադրական համագործակցության նպատակային միջպետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Համաձայնագիրն ստորագրվել է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, ռուսերեն, վրացերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տարակարծության դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1997 թվականի մայիսի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև էկոլոգիապես մաքուր ավտոմատացված հատուկ տրանսպորտի և նրա ենթակառուցվածքի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|