ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 օգոստոսի 1996 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Շ. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում: Այն ունի հավելված, որը հանդիսանում է դրա անբաժանելի մասը: Համաձայնագիրը կազմված է երկու օրինակից` յուրաքանչյուրը հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, որոնք համազոր են: Այն կնքված է անորոշ ժամկետով:
Համաձայնագիրը ենթակա է գրանցման Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
Դրա գործողությունը կարող է դադարեցվել կողմերի նախաձեռնությամբ, համաձայնագրով նախատեսված հատուկ կարգով:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը նախապես որոշված երթուղիներով միմյանց միջազգային կանոնավոր չվագծեր սահմանելու և շահագործելու իրավունք են տրամադրում: Կողմերն իրավունք են ստանում անվայրէջք թռիչքներ կատարել միմյանց տարածքի վրայով, վայրէջք կատարել մյուս Կողմի տարածքում: Պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով Կողմերն իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, որոնց մյուս Կողմը պարտավոր է տրամադրել թռիչքների համապատասխան թույլտվություն:
Համաձայնագրով կարգավորվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների ուղիղ տարանցիկ փոխադրման կարգը, պայմանագրային չվագծերի անվտանգ շահագործման պայմանները, սկզբունքները և միջոցները, սակագների, մաքսատուրքերի չափերը, եկամուտների փոխանցման կարգը:
Պայմանագրային չվագծերի շահագործումն ապահովելու համար Կողմերն ավիաընկերություններին իրավունք են վերապահում միմյանց տարածքում բացել ներկայացուցչություններ` անհրաժեշտ վարչական, առևտրական և տեխնիկական անձնակազմով:
Ըստ համաձայնագրի Կողմերը պարտավորվում են միմյանց անհրաժեշտ օգնություն ցույց տալ կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ոտնձգությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
29 օգոստոսի 1996 թվականի ՍԴՈ-15 |