Գլխավոր տեղեկություն
Համար
N 529
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.1994-19.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
15.11.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1994 թվականի N 529

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՎԿԱՅԱԳՐԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 2-րդ կետի և 10-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի և նախկին ԽՍՀՄ վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների օգտագործման և դրանց հեղինակների վարձատրության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1994 թ.
նոյեմբերի 15-ի N 529 որոշմամբ


Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՎԿԱՅԱԳՐԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ


1. Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև անհատ ձեռներեցները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտները) կարող են առանց հատուկ թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործել նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերը և նախկին ԽՍՀՄ վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշները:

2. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ գյուտերը և արդյունաբերական նմուշները (այսուհետև` արդյունաբերական սեփականության օբյեկտներ), դրանց առաջնության թվականից համապատասխանաբար 20 և 15-ամյա ժամկետներում սույն կարգի 1-ին կետին համապատասխան օգտագործելու դեպքում, պարտավոր է օգտագործման պահից սկսած 6-ամսյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության, որի հետ կնքված է համապատասխան համաձայնագիր, տարածքում բնակվող արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հեղինակին (հեղինակներին), նշելով նաև նրա (նրանց) հետ վարձատրման մասին պայմանագիր կնքելու իր պատրաստականության մասին: Նշված ժամկետը խախտելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը հեղինակին (հեղինակներին) վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 0,5 տոկոսի չափով (անկախ հեղինակների թվից):

3. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման համար հեղինակի (հեղինակների) վարձատրությունը կատարվում է յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի կողմից պայմանագրային հիմունքներով:

Պայմանագրում վարձատրության ժամկետների բացակայության դեպքում այն կատարվում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման պայմանագրով գումարի ստացման դեպքում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի օգտագործման համար հեղինակին (հեղինակներին) հասանելիք գումարի նվազագույն չափը (անկախ հեղինակների թվից) սահմանվում է տվյալ օբյեկտի օգտագործումից ստացվող ամենամյա շահույթի 15 տոկոսից ոչ պակաս, իսկ լիցենզային պայմանագրով գումարի ստացման դեպքում` տվյալ արդյունաբերական սեփականության օբյեկտին համապատասխան մասի 20 տոկոսից ոչ պակաս:

Շահույթ չառաջացնող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման դեպքում տնտեսավարող սուբյեկտի և հեղինակի (հեղինակների) միջև կնքվող պայմանագրում նշվում է նաև վարձատրության չափը և կարգը` տվյալ օբյեկտի օգտագործման ծավալը հետագա տարիներին աճելու դեպքում:

5. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման համար հեղինակին (հեղինակներին) սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետներում չվերադարձնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը հեղինակին (հեղինակներին) վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով (անկախ հեղինակների թվից):

6. Հեղինակների վարձատրության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

7. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումն սկսվել է մինչև սույն կարգի կիրարկումը, ապա օգտագործման համար հեղինակի (հեղինակների) վարձատրությունը կատարվում է տվյալ օբյեկտի օգտագործումն սկսելու պահին գործող օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի փոփոխությունները: Մինչև սույն կարգի կիրարկման պահը հեղինակի (հեղինակների) վճարած գումարի վերահաշվարկ չի կատարվում:

8. Եթե Հայաստանի Հանրապետությունում սույն կարգի 1-ին կետին համապատասխան օգտագործված գյուտերի կամ արդյունաբերական նմուշների հեղինակները ժամանակին չեն վարձատրվել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների կողմից, ապա վարձատրությունը կատարվում է տվյալ արդյունաբերական սեփականության օբյեկտն օգտագործող յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի կողմից, սույն կարգի 7-րդ կետին համապատասխան:

9. Սույն կարգին համապատասխան օգտագործված արդյունաբերական սեփականության օբյեկտների հեղինակները, որոնք հանդիսանում են այլ պետությունների քաղաքացիներ կամ այդ պետություններում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, վարձատրվում են փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան: