Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2000/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.1999

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 56 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

22 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանի, նրա պաշտոնական ներկայացուցիչներ Մ. Գինոսյանի, Ռ. Սաֆարյանի, պատասխանող կողմի` Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` հանձնաժողովի նախագահ Գ. Հարությունյանի, քարտուղար Հ. Կոստանյանի, անդամ Գ. Գևորգյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Հարությունյանի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 1999 թվականի հունիսի 15-ի նիստում քննարկելով պատգամավորության թեկնածու Ա. Հարությունյանի դիմումը, աշխատակարգային որոշումով գործն ընդունել է քննության, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան որպես պատասխանող կողմ է ներգրավվել Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է 1999 թվականի մայիսի 30-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68 հոդվածում նախատեսված ժամկետում, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31, 36 և 37 հոդվածներին համապատասխան ստեղծվել են Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը և տեղամասային ընտրական հանձնաժողովները, իսկ 98 հոդվածին համապատասխան ձևավորվել է Կոտայքի մարզի թիվ 56 ընտրատարածքը, որն ընդգրկել է 20 ընտրական տեղամաս:

ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածում նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության օրը թիվ 56 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկված են եղել մարզային ընտրական հանձնաժողովի գրանցած` Ազգային ժողովի պատգամավորության 11 թեկնածուներ: Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությանը համապատասխան ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 17128 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 15626, որը բաշխվել է հետևյալ կերպ` Գ. Ազիզյան` 1044, Ռ. Ավետիսյան` 522, Ս. Ավետիսյան` 708, Վ. Բաղդասարյան` 105, Ա. Դանիելյան` 1292, Վ. Թանգամյան` 619, Ա. Հարությունյան` 3721, Գ. Մարգարյան` 583, Ա. Մկրտչյան` 2094, Վ. Նիկողոսյան` 1196, Ա. Սիմոնյան` 3757:

Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը 1999 թ. հունիսի 3-ի որոշումով թիվ 56 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրված պատգամավոր է համարել առավելագույն կողմ ձայներ ստացած Աղասի Սիմոնյանին:

2. Ըստ դիմող կողմի, թիվ 56 ընտրատարածքում մարզային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփելիս խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 և 62 հոդվածների պահանջները և հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, թիվ 56 ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն կազմել անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները (ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետ). թիվ 56 ընտրատարածքի միայն 4 տեղամասերի (1054, 1057, 1055, 1060) ամփոփիչ արձանագրությունների հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը 137 է, այնինչ, մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփիչ արձանագրությունում անճշտությունների չափը նշում է զրո: Ըստ դիմողի` մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության հիման վրա հաշվարկված անճշտությունների թիվը կազմում է 2051: Ուստի, նրա կարծիքով, քանի որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ձայների միջև տարբերությունը կազմել է 36, ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի համաձայն ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր: Դիմողը նշում է նաև ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք այլ խախտումներ, որոնք քննության են առնվել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում:

3. Պատասխանող կողմն առարկություններ է ներկայացրել այն մասին, որ թիվ 56 ընտրատարածքի 1054, 1055, 1057, և 1060 ընտրական տեղամասերում հաշվարկված անճշտությունների չափը կազմում է 24: Եվ գտնում է, որ թիվ 56 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրված համարելու վերաբերյալ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թ. հունիսի 3-ի որոշումը հիմնավորված է: Միաժամանակ պատասխանող կողմը հերքում է դիմողի կողմից նշված մյուս խախտումները:

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դիմումատուի հայցի կապակցությամբ, 1999 թ. հունիսի 3-ի վճռով հաստատված է համարել, որ 1054 ընտրական տեղամասում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների հետևանքով հանձնաժողովը չի կարողացել կնքել բոլոր քվեաթերթիկները, ընտրություններն այդ ընտրական տեղամասում սկսվել են 20-30 րոպե ուշացումով, իսկ ժամը 12.00-13.00-ի սահմաններում խախտվել է հանձնաժողովի բնականոն աշխատանքը, տեղամասային կենտրոնից դուրս են բերվել 59 համամասնական և 59 մեծամասնական քվեաթերթիկներ, որի հետևանքով շուրջ 30-40 րոպե ընտրական տեղամասի աշխատանքները դադարեցվել են, ընտրողների ցուցակների անճշտությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ընտրական իրավունքից, միաժամանակ դատարանը որոշել է 1054 ընտրական տեղամասի ամփոփիչ արձանագրությունը թողնել անփոփոխ:

Այդ տեղամասում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրության տվյալներով անճշտությունների թիվը կազմում է 54:

5. Սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում պահանջել է լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից և ուսումնասիրել դրանք:

6. Դիմումատուի կողմից Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության տվյալների հիման վրա անճշտությունների չափի որոշելը չի կարող հիմնավոր լինել, քանզի մարզային ընտրական հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների:

Ըստ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացրած թիվ 56 ընտրատարածքում անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների, անճշտությունների ընդհանուր չափը թիվ 56 ընտրատարածքում կազմում է 95. 1052-0, 1053-13, 1054-54, 1055-1, 1056-0, 1057-7, 1058-10, 1059-0, 1060-1, 1061-0, 1062-1, 1063-0, 1064-0, 1065-0, 1066-0, 1067-6, 1068-0, 1069-0, 1070-2: Սա այն դեպքում, երբ թիվ 1063, 1057, 1606 տեղամասերի` անճշտությունների վերաբերյալ արձանագրություններում անճշտությունների չափը նշված է 1, իսկ նույն արձանագրություններում առկա տվյալներով, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի 4-րդ կետի կատարած հաշվարկի, դրանք համապատասխանաբար կազմում են 257, 307, 198:

Հիմնավոր չէ Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի այն պարզաբանումը, որ թիվ 1054 տեղամասում մարված քվեաթերթիկների թիվը պետք է համարել 679, իսկ հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը` 1840, քանզի դատարանի վերոհիշյալ վճռում նշվում է, որ թիվ 1054 տեղամասի ընտրական հանձնաժողովի կողմից կազմված թիվ 7 ամփոփիչ արձանագրության թվային տվյալները փոփոխման ենթակա չեն:

Սակայն, եթե անգամ հիմք ընդունվեն պատասխանող կողմի պարզաբանումներում բերված այն պնդումները, որ միայն թիվ 1054, 1055, 1057 և 1060 ընտրական տեղամասերում հաշվարկված անճշտությունների ընդհանուր չափը 24 է, ապա դրան ավելացնելով մյուս տեղամասերի` պատասխանող կողմի ներկայացրած արձանագրությունների (մասնավորապես, 1053, 1058, 1062, 1067, 1070) հիման վրա որոշված անճշտությունները (32), ընդհանուր գումարը կազմում է 56, այն դեպքում, երբ տվյալ ընտրատարածքում ըստ մարզային հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության` առաջին և երկրորդ տեղերը գրաված թեկնածուների ձայների տարբերությունը 36 է: ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի համաձայն նման իրավիճակը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի մայիսի 30-ի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր:

2. Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը` համապատասխան ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


22 հունիսի 1999 թվականի
ՍԴՈ-161