ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲԱԶԵԼԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 ապրիլի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ս. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Ավետիսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականի մարտի 22-ին, ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 5-ին:
Կոնվենցիան, նկատի ունենալով, որ վտանգավոր և այլ թափոններ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար էական վտանգ են ներկայացնում, իսկ դրանց անդրսահմանային տեղափոխումները կարող են հակասել այլ պետությունների շահերին և նրանց քաղաքացիների իրավունքներին, նպատակ ունի կանխել վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը, ապահովել վտանգավոր թափոնների ու դրանց վերամշակման և վնասազերծման վերաբերյալ պետությունների միջև տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև աջակցել նոր զարգացող երկրներին` նրանցում առկա վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ:
Կոնվենցիան սահմանում է մասնակից պետությունների համար ընդհանուր պարտականություններ` կապված վտանգավոր թափոնների արտահանումն ու ներմուծումն արգելելու կամ թույլատրելու, այդ թափոնների արտադրությունը նվազեցնելու, շրջակա միջավայրը և բնակչության առողջությունը վտանգող միջոցառումները կանխելու, թափոնների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու, թափոնների տեղափոխման համար թույլտվություն սահմանելու և այլ խնդիրներ իրականացնելու հետ:
Կոնվենցիան ունի 6 հավելված, որոնք կազմում են նրա բաղկացուցիչ մասը:
Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են նաև ՀՀ Սահմանադրության 10 հոդվածի պահանջներից, համաձայն որի` «Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը»:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Վտանգավոր թափոնների միջսահմանային տեղափոխման և դրանց վերացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|