Գլխավոր տեղեկություն
Համար
N 522
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.10.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
17.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 1993 թվականի N 522

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 383 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման որոշ միջոցառումների մասին» N 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետում «150 հազ. ռուբլի» և «35 հազ. ռուբլի» բառերը փոխարինել համապատասխանաբար «500 հազ. ռուբլի» և «150 հազ. ռուբլի» բառերով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար 500 հազ. ռուբլու չափը գերազանցող գումարների ձևակերպումը Հայխնայբանկի բաժանմունքներում որպես հատուկ ժամկետային ավանդներ` վեց ամիս ժամկետով, բարդելով նրանց վրա սահմանված տոկոսադրույքը, և սահմանել, որ այդ ավանդների նկատմամբ գործառնությունները թույլատրվում են ավանդը ձևակերպելու օրվանից վեց ամիս հետո.

բ) այն անձանց համար 150 հազ. ռուբլու չափը գերազանցող գումարը ի պահ ընդունել Հայաստանի Հանրապետությունից այդ անձանց մեկ ամսվա ընթացքում մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:

Սահմանել, որ նշված ժամկետը լրանալու դեպքում ի պահ ընդունված գումարները վերադարձման ենթակա չեն և գանձվում են հանրապետության բյուջե:

Սահմանել, որ նշված անձինք, ովքեր ցանկություն են հայտնում հետ վերադառնալու, ի պահ ընդունված գումարը հետ ստանալու համար մեկնելուց 3 օր առաջ պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, դիմումի մեջ նշելով մեկնելու ժամկետը և տրանսպորտային միջոցը, ներկայացնելով մեկնելու տոմսը:

Համապատասխան դիմում ստանալու դեպքում ապահովել վերը նշված անձանց Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձումը:»:

3. Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Առանձին դեպքերում (փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար և այլն) վերոհիշյալ գումարների տնօրինման և մյուս վիճելի հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, մաքսային վարչության և ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը:»:

4. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ 2-օրյա ժամկետում մշակել ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձման կարգ:

Ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում ի պահ ընդունված գումարներն օգտագործվում են սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ