ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
22 ապրիլի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմաքաղաքական համագործակցության գործընթացի նոր փուլի միջազգային իրավական կարգավորմանը:
Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու պետությունների ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման հետ կապված հարցերը:
Ըստ համաձայնագրի` «ռազմական ենթակառույցի օբյեկտներ» ասելով` հասկացվում են տարածաշրջանի սահմաններում տեղակայված զորքերի կառավարման կետերը, զորքերի (ուժերի) տեղակայման վայրերը, տեղանքի ինժեներական սարքավորման համակարգը, ՀՕՊ-ի ուժերի և միջոցների դիրքերն ու օբյեկտները, օդանավակայանները, կապի հանգույցները և գծերը, վարժադաշտերը, զինանոցները, բազաները, պահեստները, ռազմական տեխնիկայի նորոգման ձեռնարկությունները և այլ օբյեկտներ, որոնք օգտագործվում են զորքերի (ուժերի) կողմից խաղաղ ժամանակ ամենօրյա գործունեության ընթացքում, և որոնք պլանավորվում են օգտագործվել ռազմական գործողությունների ընթացքում:
Ստանձնած պարտավորությունների իրագործումն ապահովող մարմիններ են հանդիսանում Կողմերի պաշտպանության նախարարությունները, որոնք նաև պետք է մշակեն և հաստատեն ռազմական ենթակառույցի այն օբյեկտների ցանկը, որոնք նախատեսվում է համատեղ օգտագործել` ի շահ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման:
Համաձայնագիրը նախատեսում է մի շարք փոխադարձ իրավունքներ և պարտականություններ` նվիրված ռազմական ենթակառույցների օբյեկտների պահպանության և համատեղ օգտագործման հարցերին:
Համաձայնագիրը միաժամանակ Կողմերին հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի սահմաններում անվտանգության ապահովման խնդիրների լուծման նպատակով արդիականացնել ռազմական ենթակառույցի առկա օբյեկտները, ինչպես նաև Կողմերի բաժնեմասերի հիման վրա ստեղծել ռազմական ենթակառույցի նոր օբյեկտներ, որոնք կհանդիսանան նրանց միասնական սեփականությունը:
Ըստ համաձայնագրի` համատեղ սեփականությունում Կողմերից յուրաքանչյուրի բաժնեմասը կորոշվի կոնկրետ օբյեկտի ստեղծման համար նրա ֆինանսական և նյութական ռեսուրսների ներդրման չափով: Իսկ գոյություն ունեցող ռազմական ենթակառույցի օբյեկտները, որոնք Կողմերը նախատեսում են համատեղ օգտագործել և արդիականացնել, կհանդիսանան այն Կողմի սեփականությունը, որի տարածքում դրանք տեղակայված են:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերը ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման հետ կապված հարցերը կարգավորելիս` յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի վերաբերյալ կկնքեն առանձին պայմանագիր: Ընդ որում, առանձին օբյեկտների վերաբերյալ Կողմերի լիազորած մարմինների կնքած պայմանագրերը չպետք է հակասեն քննության առարկա համաձայնագրի դրույթներին:
Համաձայնագիրը համահունչ է ՀՀ միջազգային համընդգրկուն պայմանագրերով ստանձնված և ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` պետությունների համագործակցության սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|