Գլխավոր տեղեկություն
Համար
N 209
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.1990-06.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.05.1990
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 1990 թ. N 209

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՄԿԽ-Ի 1990 Թ. ՄԱՐՏԻ 31-Ի «ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-ՈՒՄ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 325 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.

1. Ընդունել ի գիտություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը և ՀԱՄԿԽ-ը 1990 թ. մարտի 31-ի «Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց բժշկական սպասարկումն ու սոցիալական ապահովումը բարելավելու միջոցառումների մասին» թիվ 325 որոշմամբ`

ա) հանձնարարել ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանը, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությանը, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությանը, ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին և իրենց համակարգում բժշկական հիմնարկներ ունեցող մյուս մինիստրություններին ու գերատեսչություններին`

1990 թվականին կազմակերպել բոլոր այն անձանց լրացուցիչ բժշկական հետազոտումը, որոնք Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել են այդ կայանի 30 կիլոմետրանոց գոտու (արտաբնակեցման գոտու) սահմաններում կամ հետվթարային ժամանակաշրջանում կայանում զբաղված են եղել (այդ թվում ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված) շահագործման ու այլ աշխատանքներում, ներառյալ զինվորական մասերի այն զինծառայողներն ու պահեստի զինապարտները, որոնք ներգրավված են եղել նշված վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարմանը, անկախ գտնվելու վայրից ու կատարվող աշխատանքներից.

հետագա տարիներին ապահովել այդ անձանց առողջական վիճակի մշտական դիսպանսեր հետազոտումը և անհրաժեշտ դեպքերում` հայտնաբերված հիվանդների հոսպիտալացումը.

բ) Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած այն անձանց սիստեմատիկ բժշկական հետազոտումն ապահովելու նպատակով, ովքեր ենթարկվել են ճառագայթման ազդեցությանը, հանձնարարել են ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանը` համամիութենական բաշխիչ ռեգիստրի բազային վերակազմակերպել այդ անձանց միասնական պետական հաշվառում (պետական ռեգիստր):

Հանձնարարել են ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությանը, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությանը, ՍՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին և մյուս մինիստրություններին ու գերատեսչություններին` ճշտել ճառագայթման ազդեցությանը ենթարկված անձանց գերատեսչական ռեգիստրները կամ ցուցակները և 1990 թ. առաջին կիսամյակում ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանը հանձնել այդ անձանց մասին անհրաժեշտ տեղեկություններ պետական ռեգիստրի մեջ մտցնելու համար, այդ թվում նրանց աշխատանքի օրացուցային ժամկետների, ճառագայթման դոզաների ու բժշկական հետազոտման արդյունքների մասին:

Հանձնարարել են ՍՍՀՄ ատոմային էներգետիկայի ու արդյունաբերության մինիստրությանը` ապահովել Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց ճառագայթման դոզան ճշտելու հետ կապված աշխատանքների կոորդինացումը: ՍՍՀՄ կառավարության, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության որոշումներ պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ.

գ) Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման հետ հիվանդությունների ու հաշմանդամության պատճառական կապի պարզման կենտրոնական միջգերատեսչական փորձաքննական խորհրդի, համանման միջգերատեսչական ռեգիոնալ փորձաքննական խորհուրդների, ինչպես նաև ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության կողմից կազմված զինվորական-բժշկական հանձնաժողովների վրա են դրել նշված վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման հետ հիվանդության ու հաշմանդամության պատճառական կապի պարզումը:

Սահմանել են, որ այդ խորհուրդների ու զինվորական-բժշկական հանձնաժողովների եզրակացությունները առողջապահության մարմինների և հիմնարկների, սոցիալական ապահովության և արհմիութենական կազմակերպությունների համար հիմք են հանդիսանում այդ աշխատանքները կատարած անձանց անաշխատունակության վիճակի ու այն կորցնելու աստիճանի որոշման ժամանակ:

Հանձնարարել են միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, ՍՍՀՄ առողջապահության մինիստրությանը, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությանը և շահագրգռված մյուս մինիստրություններին ու գերատեսչություններին` 1990-1992 թվականներին ստեղծել Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման մասնակիցների համար վերականգնողական կենտրոններ: ՍՍՀՄ կառավարության լուծում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ.

դ) Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքով, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու աշխատանքներ կատարելիս ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած անձանց, ինչպես նաև հիշյալ որոշման 1-ին կետում նշված (սույն որոշման 1-ին կետի «Ա» ենթակետ) անձանց, որոնց վերաբերյալ պարզված է այդ վթարի ու դրա հետևանքների վերացման աշխատանքների կատարման հետ առաջացած հաշմանդամության պատճառական կապը, վերապահել են հետևյալ արտոնությունները.

իրավունք` անվճար ձեռք բերելու դեղորայք (բժշկի դեղատոմսերով), ամեն տարի ապահովելու սանատորակուրորտային բուժումով, տրանսպորտով երթևեկելու (բացի տաքսիներից) բնակության վայրից մինչև բուժման, դիսպանսերային, ամբուլատոր կամ կլինիկական հետազոտման վայրը և վերադառնալը.

աշխատող հաշմանդամներին` 4 ամիս անընդհատ կամ մինչև 5 ամիս ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարում.

բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներին (այդ թվում զոհված կամ մահացած քաղաքացիների ընտանիքները)` առաջնահերթ բնակտարածությամբ ապահովելու իրավունք:

Խորհուրդ են տվել միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, մինիստրություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` սույն կետում նշված անձանց բնակտարածությամբ ապահովել նրանց կողմից դիմում տալու օրվանից մեկ տարվա ընթացքում.

այդ անձանց և նրանց հետ համատեղ բնակվող նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքով կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ ստացող ընտանիքների կողմից զբաղվող տարածության վարձը` բնակվարձի 50 տոկոսի չափով, հաշվարկված բանվորների ու ծառայողների համար սահմանված դրույքներով:

Սահմանել են, որ նշված անձանց ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքով կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ ստացող ընտանիքներին վերապահվում է ջեռուցումից, ջրից, գազից ու էլեկտրաէներգիայից օգտվելու համար սահմանված վարձի 50 տոկոսի չափով զեղչ, եթե բնակվում են կենտրոնացված ջեռուցում չունեցող տներում` բնակչությանը վաճառելու համար սահմանված առավելագույն նորմաներով ձեռքբերվող վառելիքի արժեքից 50-տոկոսային զեղչ:

Սահմանել են, որ նշված արտոնությունները տարածվում են զոհված կամ մահացած քաղաքացիների ընտանիքների վրա.

առաջնահերթ սպասարկում բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներում և դեղատներում.

իրավունք` ամենամյա հերթական արձակուրդն օգտագործելու իրենց համար հարմար ժամանակ, ինչպես նաև տարվա մեջ երկշաբաթյա լրացուցիչ արձակուրդ ստանալու առանց աշխատավարձի պահպանման.

աշխատող հաշմանդամներին աշխատավարձի 100 տոկոսի չափով ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարում.

կենսաթոշակի անցնելու դեպքում այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնց նրանք կցված են եղել աշխատելու ժամանակաշրջանում.

հեռախոս տեղադրելու համար առաջնահերթ իրավունք.

հաստիքի կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում առավելապես աշխատանքի մեջ մնալու իրավունք.

բնակարանային-շինարարական կոոպերատիվներ, այգեգործական ընկերություններ (իրենց համաձայնությամբ) մտնելու, ինչպես նաև այգետնակներ կամ դրանց կառուցման համար նյութեր, բարձր պահանջարկի արդյունաբերական ապրանքներ, այդ թվում մարդատար ավտոմոբիլներ, մոտոցիկլետներ, մոտոսահնակներ և մոտորային նավակներ ձեռքբերելու, կապի, կենցաղի ծառայությունների, հասարակական սննդի, բնակարանային-կոմունալ տնտեսության և միջքաղաքային տրանսպորտի հիմնարկություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում առաջնահերթ սպասարկման նախապատվության իրավունք.

այգեգործական ընկերությունների անդամներին այգետնակների ձեռքբերման կամ շինարարության ու այգեմասերի բարեկարգման համար անտոկոս վարկի ստացման իրավունք.

անհատական բնակարանային շինարարության համար անտոկոս վարկի ստացման իրավունք.

ե) Չեռնոբիլի ԱԷԿ-ի 30-կիլոմետրանոց գոտու (արտաբնակեցման գոտու) սահմաններում 1986-1987 թվականներին այդ կայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած, ինչպես նաև այդ նույն ժամանակաշրջանում այդ էլեկտրակայանում շահագործման ու այլ աշխատանքներում զբաղված այն անձանց, որոնք նշված են հիշյալ որոշման 1-ին կետում (սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետ), վերապահել են հետևյալ արտոնությունները.

բժիշկների դեղատոմսերով ձեռքբերվող դեղորայքի արժեքի 50 տոկոս զեղչի իրավունք.

աշխատանքի վայրում սանատորակուրորտային բուժման ու հանգստի ուղեգրերով ապահովվելու առաջնահերթ իրավունք.

բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների առաջնահերթ ապահովման իրավունք:

Այս կետում նշված անձանց վրա տարածել են հիշյալ որոշման 4-րդ կետի «ե» - «խ» ենթակետերով նախատեսված արտոնությունները (սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետի իննից-տասնյոթերորդ պարբերությունները).

զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի 30-կիլոմետրանոց գոտու (արտաբնակեցման գոտու) սահմաններում 1988 թվականին այդ կայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած, ինչպես նաև միևնույն ժամանակ այդ էլեկտրակայանում շահագործման ու այլ աշխատանքներում զբաղված այն անձանց, որոնք նշված են հիշյալ որոշման 1-ին կետում (սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետ), վերապահել են հետևյալ արտոնությունները.

աշխատանքի վայրում սանատորակուրորտային բուժման ու հանգստի ուղեգրով առաջնահերթ ապահովման իրավունք.

հերթական ամենամյա արձակուրդից իրենց հարմար ժամանակ օգտվելու իրավունք.

գարաժաշինարարական կոոպերատիվներ ու այգեգործական ընկերություններ մտնելու (իրենց համաձայնությամբ) նախապատվության իրավունք:

Այս կետում նշված անձանց վրա տարածել են հիշյալ որոշման 4-րդ կետի «ե» և «ը» ենթակետերով նախատեսված արտոնությունները (սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետի իննը և տասներկուերորդ պարբերություններ).

է) սահմանել են, որ հիշյալ որոշման 1, 4, 5 և 6-րդ կետերում նշված անձանց (սույն որոշման «ա», «դ», «ե» և «զ» ենթակետեր) տրվում է Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման մասնակցի վկայական, որը հանդիսանում է սահմանված արտոնությունների իրավունքը հաստատող փաստաթուղթը, և կրծքանշան: Նշված վկայականի ձևը և կրծքանշանի նմուշը հաստատվում են ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի կողմից, շահագրգռված կազմակերպությունների հետ համաձայնեցնելով:

Հանձնարարել են ՍՍՀՄ ատոմային էներգետիկայի ու արդյունաբերության մինիստրությանը` ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեի պատվերով ապահովել նշված կրծքանշանների պատրաստումը: Սահմանել են, որ վկայականների ու կրծքանշանների հանձնումը կատարվում է մինիստրությունների ու գերատեսչությունների, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների, պատգամավորների երկրամասային ու մարզային խորհուրդների գործկոմների, զինվորական կոմիսարիատների և սոցիալական ապահովության մարմինների կողմից.

ը) հանձնարարել են ՍՍՀՄ պետպլանին և ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությանը` որոշել հիշյալ որոշման մեջ նշված արտոնությունները վերապահելու հետ կապված ծախսերի ծածկման աղբյուրները.

թ) խորհուրդ են տվել միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդներին, մինիստրություններին ու գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին և արհմիութենական մարմիններին` իրենց լիազորությունների սահմաններում լրացուցիչ միջոցներ իրագործել Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց սննդամթերքներով ապահովելու, նյութական-կենցաղային պայմանները, բժշկական և առևտրական սպասարկումը բարելավելու ուղղությամբ.

ժ) սահմանել են, որ հիշյալ որոշումով սահմանված արտոնությունները գործողության մեջ են մտնում 1990 թ. հուլիսի 1-ից:

2. Ընդունել ի գիտություն, որ Իջևան քաղաքում 1989 թվականից գործում է Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց համար 50 մահճակալով վերականգնողական բաժանմունք:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հայկական ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.02.1998, N 77 06.03.1998, թիվ 209
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան