Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-545
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ` ԴԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 դեկտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1978 թվականի հունիսի 26-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի հարցերի կարգավորման` դերի, գործառույթների և կազմակերպման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1978 թ. հունիսի 26-ին Ժնևում` աշխատանքի հարցերի կարգավորման ամբողջ համակարգին առնչվող ղեկավար սկզբունքներ սահմանելու նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1980 թ. դեկտեմբերի 11-ին:

2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքում ապահովել հստակ համակարգված պարտականություններով և գործառույթներով օժտված` աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի կազմակերպում և արդյունավետ գործունեություն: Աշխատանքի հարցերի կարգավորման համակարգը, ըստ կոնվենցիայի սահմանման, ներառում է աշխատանքի հարցերի կարգավորման համար պատասխանատու պետական կառավարման բոլոր մարմինները և ցանկացած կազմակերպական կառույց, որը կոչված է համակարգելու այդ մարմինների գործունեությունը և ապահովելու խորհրդակցություններ, մի կողմից` այդ մարմինների, մյուս կողմից` գործատուների ու աշխատողների միջև:

Աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի անձնակազմը պետք է ապահովվի իր պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ կարգավիճակով, նյութական և ֆինանսական միջոցներով:

3. Կոնվենցիան Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահում աշխատանքի հարցերի կարգավորման բնագավառում գործունեության որոշ ոլորտներ պատվիրակել կամ վստահել ոչ կառավարական կազմակերպությունների: Պայմանավորվող կողմերը կարող են նաև աշխատանքի ազգային քաղաքականության որոշ հարցեր դիտել որպես գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև բանակցությունների կարգավորման առարկա:

4. Կոնվենցիան սահմանում է Պայմանավորվող կողմերի այն իրավասու մարմինների պարտականությունները, որոնք պատասխանատու են աշխատանքի ազգային քաղաքականության կազմակերպման, կառավարման, համակարգման, ստուգման և վերանայման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1978 թ. հունիսի 26-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի հարցերի կարգավորման` դերի, գործառույթների և կազմակերպման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


14 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-545