Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-501
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

3 օգոստոսի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Է. Բարսեղյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքերում փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում` վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքերում սպառողների էներգամատակարարման, ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն աշխատանքի ապահովման գործում փոխօգնության կազմակերպման և էլեկտրաէներգետիկ օբյեկտներում վթարների ու այլ արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների վերացման հարցերի համատեղ լուծման նպատակով:

2. Համաձայնագրի ընդունման հիմք են հանդիսացել ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագիրն ու Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագիրը:

3. Համաձայնագրով Կողմերի ամբողջ գործունեությունը, ներառյալ տեղեկատվության փոխանակումը և օգնության խմբեր ուղարկելու միջոցով օգնության ցուցաբերումը, պետք է կատարվի միայն միջազգային պայմանագրերին և Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

4. Համաձայնագրով Կողմերը կարող են ստեղծել վթարային միջպետական պաշարներ, որոնց ձևավորման և օգտագործման պայմանները սահմանում են Կողմերը` առանձին պայմանագրերով: Վթարային միջպետական պաշարների անվանացուցակը, ծավալներն ու տեղակայման վայրերը համաձայնեցվում են առանձին արձանագրությամբ, որը հանդիսանում է տվյալ պայմանագրի անբաժանելի մասը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Կողմի` օգնության համար դիմելու դեպքում օգնություն ցույց տալ դիմող Կողմի տարածքում տեղի ունեցած վթարի տեղափակման և դրա հետևանքների վերացմանն ուղղված փրկարարական և վերականգնողական աշխատանքների կատարման համար,

- իրեն օգնություն ցույց տալու իր խնդրանքից հրաժարվելու դեպքում փոխհատուցել օգնություն ցույց տվող Կողմի (Կողմերի)` օգնություն ցույց տալու համար կատարած ծախսերը,

- օդային տրանսպորտի օգտագործմամբ օգնություն ցույց տալու դեպքում օգնություն ցույց տվող Կողմին ազատել իր տարածքով թռիչքի, օդանավակայանում օդանավերի վայրէջքի, կանգառի ու թռիչքի, վառելիքի լիցքավորման, տեխնիկական սպասարկման, անձնակազմի և ուղևորների սննդի, ինչպես նաև օդանավագնացության ծախսերի վճարումներից,

- օգնություն ցուցաբերող խմբի անդամներին ապահովել անվճար բժշկական օգնությամբ, ստանձնել օգնություն ցուցաբերելու ժամանակ նրանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետ կապված ծախսերը, ինչպես նաև փոխհատուցել նրանց կողմից չկանխամտածված կերպով ֆիզիկական կամ իրավաբանական անձին հասցված վնասը,

- չգանձել մաքսային տուրքեր, գանձումներ և հարկեր, ինչպես նաև չկիրառել ոչ սակագնային բնույթի սահմանափակումներ վթարի հետևանքները վերացնելու նպատակով անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, հատուկ տեխնիկան, սարքավորումները, դեղորայքը, հանդերձանքը, գործիքներն ու նյութերն իր պետական սահմանով տեղափոխելու համար, նաև էլեկտրաէներգիայի արտապլանային մատակարարումների և այն վերադարձնելու ժամանակ, դրանք ենթարկել պարզեցված մաքսային հսկողության և ձևակերպման,

- որպես օգնություն ցույց տվող Կողմ` փոխհատուցել իր խմբի կողմից կանխամտածված կերպով կամ կոպիտ անփութությամբ պատճառված վնասը, կատարել խմբի անդամների ապահովագրություն,

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ուղղված համաձայնագրի դրույթներն իրացնելու համար նորմատիվ իրավական ակտերի մշակմանը և համաձայնեցմանը,

- ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին, դրանց ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիս առաջ, տեղեկացնել մյուս Կողմերին և նրանց հետ բանակցություններ վարել փոխադարձաբար ընդունելի որոշումների հասնելու համար:

6. Համաձայնագրով սահմանվում են ծագած վիճելի հարցերի լուծման կարգն ու պայմանները, ինչպես նաև համաձայնագրի` ուժի մեջ մտնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ընթացակարգը:

7. Համաձայնագիրը կնքված է մեկ բնօրինակով` ռուսերենով:

8. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները կոչված են ապահովելու Կողմերի միջև հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված` արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքերում փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


3 օգոստոսի 2004 թվականի
ՍԴՈ-501