ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼՂԻՄ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների կապակցությամբ հանրապետությունում սրված իրադրությունը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված: Երևանում տեղի են ունենում չարտոնված միտինգներ, ցույցեր, երթեր: Մի շարք ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում շարունակվում են աշխատանքի դուրս չգալը, պարապմունքների բոյկոտումը:
Վերջին օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք կարող են մեր ժողովրդին հետ գցել ձեռք բերվածից, փակուղի մտցնել, անելանելի կացության մեջ դնել: Հայկական UUՀ Գերագույն սովետի նախագահությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված դրությամբ և վճռականորեն դատապարտում է հրահրված անկարգությունները, որոնք ծանր հետևանքների են հանգեցրել:
Այդ կապակցությամբ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը դիմել են Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի մի խումբ դեպուտատներ` առաջարկելով գումարել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջան: Գերագույն սովետի նախագահությունը նշում է, որ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1988 թվականի հունիսի 15-ի յոթերորդ նստաշրջանում որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելուն համաձայնություն տալու մասին: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում քննության առավ այդ հարցը և ընդունեց համապատասխան որոշում: Աշխատանք է ծավալված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի էկոնոմիկայի, կուլտուրայի հետագա զարգացման ապահովման, աշխատավորների բարեկեցության բարձրացման նպատակով ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կատարման ուղղությամբ, և այդ աշխատանքի մեջ ակտիվորեն ներգրավվում են հանրապետության աշխատավորական կոլեկտիվները:
Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի բազմակողմանի ուսումնասիրության համար հատկապես կազմված է ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի հանձնաժողով, որին հանձնարարված է ուսումնասիրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում արված առաջարկությունները և դրանք պատրաստ լինելուն պես ներկայացնել նախագահության քննարկմանը:
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 18-ի որոշմանը համապատասխան և նպատակ ունենալով ապահովել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որոշումների գործնական իրականացումը, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կուսակցական, սովետական ու տնտեսական մարմինների աշխատանքի կազմակերպումն ու կոորդինացումը, ԼՂԻՄ է ուղարկված ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ներկայացուցիչ Ա. Ի. Վոլսկին, որն օժտված է արտակարգ լիազորություններով:
Դրա հետ մեկտեղ հանրապետության աշխատավորները մտահոգություն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների կատարման ընթացքի, այդ որոշումներով նախատեսված երաշխիքների ապահովման առթիվ: Բնակչությանը քիչ է տեղյակ պահվում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ տարվող գործնական աշխատանքի մասին, ինչը բարեբեր հող է ստեղծում հնարավոր ամեն տեսակ ասեկոսեների տարածման և իրադրության սրման համար:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
1. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը` միջոցներ ձեռնարկել «Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետների որոշումների մասին» 1988 թվականի հուլիսի 18-ի որոշման կատարումը և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նիստում արված առաջարկությունների քննարկումն արագացնելու ուղղությամբ:
2. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի հանձնաժողովին` արագացնել ԼՂԻՄ-ին առնչվող հարցերի նախապատրաստումը ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունում քննության առնելու համար:
3. Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը և Ադրբեջանական UUՀ Գերագույն սովետի նախագահությանը` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Ադրբեջանական ՍՍՀ տերիտորիայում հայազգի բնակչության անվտանգության ռեալ երաշխիքների ապահովման ուղղությամբ, հաշվի առնելով, որ Հայկական UUՀ Գերագույն սովետի նախագահությունը իր վրա է վերցնում հանրապետությունում ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման նույնպիսի երաշխիքներ:
4. Նպատակահարմար գտնել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի առաջիկա նստաշրջանում քննության առնել հանրապետության սովետական ու տնտեսական մարմինների կողմից ԼՂԻՄ-ի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, հանրապետության ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին` գործուն միջոցներ ձեռնարկել արդյունաբերական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում աշխատանքի նորմալ ռիթմը վերականգնելու, աշխատավորական կոլեկտիվներին և հասարակական կազմակերպություններին պետական և աշխատանքային կարգապահության խախտումների դեմ պայքարում լայնորեն ներգրավելու ուղղությամբ:
6. Հանրապետության ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին և իրավապահպան մարմիններին` վճռական միջոցներ ձեռնարկել սոցիալիստական օրինականության խստիվ կիրառումը, հասարակական կարգի պահպանությունն ապահովելու ուղղությամբ:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
Հայկական ՍՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
23 սեպտեմբերի 1988 թվականի, նո. 1345-11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|