Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44068/07
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (20.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2012

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 44068/07)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

20 դեկտեմբերի 2011թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

 

20/03/2012

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]՝ Նախագահ,

Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Յան Շիկուտա [Ján Šikuta],

Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],

Նոնա Ցոցորիա [Nona Tsotsoria],

Միհայ Պուալելունջ [Mihai Poalelungi]՝ դատավորներ,

և Սանտյագո Կեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,

2011 թվականի նոյեմբերի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գասպար Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 44068/07) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Լ. Սիմոնյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2009 թվականի սեպտեմբերի 8-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշել է գանգատի մասին ծանուցել Կառավարությանը: Որոշվել է նաև գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերն ուսումնասիրել միաժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ):

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I.  ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1981 թվականին և ապրում է Երևանում:

5. Չպարզված օրը դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 178-րդ հոդվածի 1-ին մասով՝ խարդախության և գողության համար:

6. 2007 թվականի փետրվարի 15-ին դիմումատուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Ինչպես պարզ է դառնում, համարվել է, որ դիմումատուն թաքնվում է, և հետախուզում է հայտարարվել:

7. Նույն օրը Արարատի մարզային դատարանը քննել և բավարարել է քննիչի՝ դիմումատուին մինչդատական փուլում կալանքի տակ պահելու մասին միջնորդությունը: Այդ որոշումը հիմնված էր վերագրվող արարքների բնույթի և վտանգավորության աստիճանի, ինչպես նաև այն փաստի վրա, որ դիմումատուն թաքնվում էր և կարող էր խոչընդոտել քննությունը՝ անօրինական ճնշում գործադրելով վարույթի կողմերի նկատմամբ: Կալանքը նշանակվել է երկու ամիս ժամկետով և պետք է հաշվարկվեր դիմումատուի ձերբակալման պահից:

8. 2007 թվականի ապրիլի 13-ին դիմումատուն ձերբակալվել է և տեղափոխվել Ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ նա տեղեկացվել է 2007 թվականի փետրվարի 15-ի որոշման մասին: Այնուհետև դիմումատուն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

9. 2007 թվականի մայիսի 31-ին դիմումատուն գրավի դիմաց ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզային դատարան: Դիմումատուն ի սկզբանե նշել է, որ Մարզային դատարանը, չնայած Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 137-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին (տե՛ս ներքևում՝ 29-րդ պարբերությունը), 2007 թվականի փետրվարի 15-ի իր որոշման մեջ չի անդրադարձել իրեն գրավի դիմաց կալանքից ազատելու հարցին: Նա այնուհետև նշել է, որ այն փաստը, որ մեղադրանքի ծանրության պատճառով ինքն օրենքով իրավունք չուներ գրավի դիմաց ազատ արձակվելու, հակասում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին: Դիմումատուն Դատարանին խնդրել է կիրառել Կոնվենցիայի պահանջները և իրեն ազատ արձակել՝ պնդելով, որ ինքը երբեք չի թաքնվել: Դիմումատուն պնդել է, որ նախքան իր ձերբակալությունը նա գործնական նպատակներով բացակայել է քաղաքից, և որ իրեն երբևէ չեն տեղեկացրել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին: Վերջապես, նա պնդել է, որ իր ձերբակալությունից հետո իրեն չեն ներկայացրել դատավորին, ինչպես պահանջվում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով:

10. 2007 թվականի հունիսի 5-ին նախաքննությունն ավարտվել է:

11. 2007 թվականի հունիսի 8-ին Արարատի մարզային դատարանը քննել է 2007 թվականի մայիսի 31-ի միջնորդությունը: Մարզային դատարանը, հղում կատարելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, ի սկզբանե նշել է, որ միջազգային իրավունքի դրույթները գերակայում են ներպետական իրավունքի նկատմամբ, և հետևաբար դիմումատուին գրավի դիմաց կալանքից ազատելու հարցին պետք է անդրադարձ կատարվեր: Այնուամենայնիվ, Մարզային դատարանը որոշել է մերժել դիմումատուի՝ ազատ արձակվելու վերաբերյալ պահանջը՝ գտնելով, որ առկա է վտանգ, որ դիմումատուն կփախչի և այդպիսով կխուսափի պատասխանատվությունից և պատժից՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ավելի վաղ թաքնվել էր: Այդ որոշումը ենթակա էր բողոքարկման տասնհինգ օրվա ընթացքում:

12. Նույն օրը կազմվել է մեղադրական եզրակացությունը:

13. 2007 թվականի հունիսի 12-ին քրեական գործը քննության է ուղարկվել Արարատի մարզային դատարան:

14. 2007 թվականի հունիսի 13-ին ավարտվել է դիմումատուի՝ 2007 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ սահմանված կալանավորման ժամկետը:

15. 2007 թվականի հունիսի 15-ին դիմումատուն բողոք է ներկայացրել 2007 թվականի հունիսի 8-ի որոշման դեմ: Նա նաև դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին և պահանջել իրեն ազատ արձակել, քանի որ կալանքի սահմանված ժամկետն ավարտվել էր 2007 թվականի հունիսի 13-ին:

16. Նույն օրը Արարատի մարզային դատարանի դատավոր Յ.-ն որոշում է կայացրել դիմումատուի քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

17. 2007 թվականի հունիսի 18-ի գրությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը մերժել է ազատ արձակման մասին դիմումատուի պահանջն այն հիմքով, որ գործն ուղարկվել է Մարզային դատարան:

18. 2007 թվականի հունիսի 29-ին դիմումատուն այդ մերժման դեմ բողոք է ներկայացրել էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան՝ պնդելով, որ իրեն կալանքի տակ պահելը շարունակելն անօրինական էր:

19. 2007 թվականի հուլիսի 2-ին դատավոր Յ.-ն որոշում է կայացրել դիմումատուի քրեական գործը դատական քննության նշանակել՝ դատական նիստ նշանակելով 2007 թվականի հուլիսի 12-ին: Այդ որոշման մեջ նշվել է, որ դիմումատուի կալանքը փոփոխելու կամ վերացնելու անհրաժեշտություն չկար:

20. 2007 թվականի հուլիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը, հղում կատարելով ՔԴՕ-ի 39-րդ գլխին, որով սահմանվում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության կանոնները, որոշել է դիմումատուի՝ 2007 թվականի հունիսի 15-ի բողոքը թողնել առանց քննության այն հիմքով, որ մինչդատական վարույթն արդեն ավարտվել էր:

21. 2007 թվականի հուլիսի 12-ին էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի՝ 2007 թվականի հունիսի 29-ի բողոքը՝ գտնելով, որ նրան ազատ արձակելու մերժումն օրինական էր և համապատասխանում էր ՔԴՕ-ի 138-րդ հոդվածին:

22. 2007 թվականի հուլիսի 27-ին դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը:

23. 2007 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզային դատարան:

24. Նույն օրն Արարատի մարզային դատարանը քննել և մերժել է այդ միջնորդությունը: Մարզային դատարանը գտել է, որ դիմումատուին 2007 թվականի հունիսի 13-ից հետո կալանքի տակ պահելը հիմնավորված էր ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս ներքևում՝ 31-րդ պարբերությունը), իսկ 2007 թվականի հուլիսի 2-ից հետո նրան կալանքի տակ պահելը թույլատրվել էր դատարանի նույն օրվա որոշմամբ:

25. 2007 թվականի օգոստոսի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի՝ 2007 թվականի հուլիսի 27-ի բողոքը նույն հիմքերով, ինչ Վարչական շրջանների դատարանը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 

Ա. Քրեական դատավարության օրենսգիրքը

 

26. Համաձայն 65-րդ հոդվածի՝ մեղադրյալն իրավունք ունի, inter alia (ի թիվս այլնի), հարուցել միջնորդություններ:

27. Համաձայն 134-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ: Դրանք ներառում են, inter alia, կալանավորումը և գրավը: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը՝ մեղադրյալին կալանավորելու մասին:

28. Համաձայն 136-րդ հոդվածի 2-րդ մասի՝ կալանավորումը և գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:

29. Համաձայն 137-րդ հոդվածի 4-րդ մասի՝ կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը:

30. Համաձայն 137-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

31. Համաձայն «Կալանքի տակ պահելու ժամկետը» վերնագրված 138-րդ հոդվածի 1-ին մասի՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

32. Համաձայն 138-րդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, վերացվում է:

33. Համաձայն 138-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին: Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

34. Համաձայն 139-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:

35. Համաձայն 141-րդ հոդվածի 10-րդ կետի՝ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է, inter alia, անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:

36. Համաձայն 285-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում Է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին:

37. Համաձայն 288-րդ հոդվածի 1-ին մասի՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

38. Համաձայն 291-րդ հոդվածի՝ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում:

39. Համաձայն 292-րդ հոդվածի՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում, inter alia, դատական քննություն նշանակելու մասին որոշում:

40. Համաձայն 293-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվի, iner alia, որոշում' խափանման միջոցները և պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին:

41. Համաձայն 381-րդ հոդվածի 1-ին մասի՝ վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի՝ ա) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը. բ) տվյալներ՝ բողոք բերած անձի մասին. գ) դատական ակտը, որը բողոքարկվում է, և այն կայացրած դատարանի անվանումը. դ) նշում այն մասին, թե դատական ակտը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով. ե) բողոք բերած անձի հիմնավորումները և պահանջները. զ) առկայության դեպքում՝ այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները. է) բողոքին կցվող նյութերի ցանկը. և ը) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը: Համաձայն 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

 

Բ. Քրեական օրենսգիրքը

 

42. Համաձայն 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ գողությունը, որը կատարվել է՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, կրկին, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

43. Համաձայն 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ խարդախությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ. Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումները

 

44. 2008 թվականի նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մեկ այլ քրեական գործով, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«...Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքի սահմանափակումը՝ անկախ այն հանգամանքից՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել: ...

Սույն գործով կայացված՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հիմքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դրել է քրեական գործի նախաքննությունն ավարտված և գործը դատարան ուղարկված լինելու հանգամանքը, որպիսին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չէ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որը ենթակա չէր առանց քննության թողնվելու: ...

Վերաքննիչ դատարանի կողմից Կոնվենցիայի ... 5-րդ հոդվածի 4-րդ կետի ... խախտման վերաբերյալ: ... ՀՀ ներպետական քրեադատավարական օրենսդրությունը որևէ փուլային սահմանափակում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման բողոքարկման համար»:

45. 2008 թվականի դեկտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մեկ այլ քրեական գործով, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [inter alia, ՔԴՕ-ի 285-րդ հոդվածի 2-րդ մասը] հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության առումով չի բխում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված' [ձերբակալված անձի] դատավորի մոտ անհապաղ տարվելու պահանջից: [ՔԴՕ-ի նշված հոդվածը] վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն է տալիս անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրել անձի բացակայության պայմաններում՝ առանց հնարավորություն ընձեռելու, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված անձը ներկայանա դատարան, և անձի կալանավորման հարցի քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենքում ամրագրված նման կարգավորումը կհակասի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և կոպտորեն կխախտի անձի ազատության իրավունքը, եթե հետախուզման մեջ գտնվող անձի ի հայտ գալուց հետո նա անհապաղ դատարանի առջև չներկայացվի...

...Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում»:

46. 2009 թվականի ապրիլի 10-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մեկ այլ քրեական գործով, որի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

«Հաշվի առնելով Եչիուսն ընդդեմ Լիտվայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացրած հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկված լինելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավունքի անօրինական սահմանափակում է: Ուստի [ՀՀ ՔԴՕ-ի] 138-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորումը հակասում է [Կոնվենցիայի] 5-րդ հոդվածի 1-ին մասին, [ՔԴՕ-ի] 11-րդ հոդվածի 2-րդ և 136-րդ հոդվածի 2-րդ մասերին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից [ՀՀ ՔԴՕ-ի] 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լուծի նաև անձի կալանքի հարցը, այն է՝ պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին միջնորդություն ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եթե առկա են [համապատասխան հիմքեր]»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I.  ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

47. Դիմումատուն բողոքել է, որ 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելն անօրինական է եղել: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին, որով սահմանվում է.

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

48. Դատարանը նշում է, որ սույն գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

49. Դիմումատուն պնդել է, որ ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 136-րդ հոդվածով, կալանավորման կիրառումը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Դատարանի կողմից իր նկատմամբ նշանակված կալանքի տակ պահելու ժամկետը սպառվել էր 2007 թվականի հունիսի 13-ին, և այդ օրվանից մինչև 2007 թվականի հուլիսի 2-ն իրեն կալանքի տակ պահելու մասին դատարանի որոշում չկար: Այդ ժամանակահատվածում իրեն կալանքի տակ են պահել ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Դիմումատուն պնդել է, որ ՔԴՕ-ի համապատասխան դրույթները երկիմաստ են եղել և չեն բավարարել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջը: Ավելին, իրեն կալանքի տակ պահելը միայն այն հիմքով, որ իր վերաբերյալ քրեական գործն ուղարկված է եղել դատարան, չէր կարող համարվել օրինական 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Հետևաբար 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իրեն կալանքի տակ պահելու համար որևէ օրինական հիմք չկար:

50. Կառավարությունը պնդել է, որ 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելը համատեղելի է եղել ՔԴՕ-ի դրույթների պահանջների, մասնավորապես՝ 138-րդ հոդվածի 3-րդ մասի հետ: Դատարանի կողմից նշանակված՝ դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը պետք է սպառվեր 2007 թվականի հունիսի 13-ին: Հաշվի առնելով այդ փաստը՝ 2007 թվականի հունիսի 8-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, և 2007 թվականի հունիսի 12-ին քրեական գործը հանձնվել է Արարատի մարզային դատարան՝ ըստ էության քննելու համար: 2007 թվականի հուլիսի 2-ին Մարզային դատարանը որոշում է կայացրել դիմումատուի քրեական գործը նշանակել դատական քննության և դիմումատուի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ:

51. Կառավարությունն ավելացրել է, որ այդ ընթացակարգը փոփոխությունների գործընթացի մեջ է՝ Դատարանի նախադեպային իրավունքի և Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրների պրակտիկայի հետ համապատասխանեցնելու նպատակով: Կառավարությունը Դատարանին խնդրել է սույն գործի վերաբերյալ որոշում կայացնելիս դա հաշվի առնել:

 

2. Դատարանի գնահատականը

 

52. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորվում է ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը: Կոնվենցիայի իմաստով այդ իրավունքն առաջնային կարևորություն ունի «ժողովրդավարական հասարակության» մեջ (տե՛ս Դե Վիլդեն, Օոմսը և Վեռսիպն ընդդեմ Բելգիայի [De Wilde, Ooms and Versyp v. Belgium], 1971 թվականի հունիսի 18, § 65, շարք Ա թիվ 12, և Վինթիրվերպն ընդդեմ Նիդեռլանդների [Winterwerp v. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 37, շարք Ա թիվ 33):

53. 5-րդ հոդվածի 1-ին կետում առկա «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտություններն ըստ էության կրկին հղում են կատարում ներպետական օրենսդրությանը և նշում են դրա նյութական և դատավարական նորմերին ենթարկվելու պարտավորությունը (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom],1996 թվականի հունիսի 10, § 41, Զեկույցներ 1996-III, և Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia[GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II): Կալանքի տակ պահելու ժամկետը սկզբունքորեն «օրինական» է, եթե այն հիմնված է դատարանի որոշման վրա: Նույնիսկ կալանքի մասին որոշման մեջ առկա թերություններն անխուսափելիորեն չեն հանգեցնում կալանքի տակ պահելու հիմնական ժամկետի անօրինականությանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բենհամի գործը, §§ 42-47, և Եչիուսն ընդդեմ Լիտվայի [Ječius v. Lithuania],թիվ 34578/97, § 68, ՄԻԵԴ 2000-IX):

54. Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությամբ կալանավորման «օրինականությունն» առաջնային, բայց ոչ միշտ վճռորոշ տարր է: Ի հավելումն, Դատարանին պետք է ապացուցել, որ քննարկվող ժամանակահատվածի ընթացքում կալանքի տակ պահելը համատեղելի է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների հետ, այն է՝ կանխել մարդկանց կամայական զրկումն ազատությունից: Ավելին, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, թե՝ ոչ, այդ թվում՝ այնտեղ արտահայտված կամ ենթադրվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Վինթիրվերպի գործը, § 45, և Erkalo v. the Netherlands, 1998 թվականի սեպտեմբերի 2, § 52, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VI):

55. Այդ վերջին հարցի կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ եթե խոսքը վերաբերում է ազատազրկմանը, առանձնապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության համընդհանուր սկզբունքը: Հետևաբար կարևոր է, որ ներպետական օրենսդրությամբ հստակորեն սահմանվեն ազատազրկման պայմանները, և որ օրենսդրությունն ինքնին կիրառման տեսանկյունից լինի կանխատեսելի, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին. չափանիշ, որով պահանջվում է, որ ամբողջ օրենսդրությունը լինի բավականաչափ հստակ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի անհրաժեշտության դեպքում՝ պատշաճ խորհրդով, տվյալ հանգամանքներում ողջամիտ սահմաններում կանխատեսել այն հանգամանքները, որոնք կարող է առաջացնել կատարած գործողությունը (տե՛ս Ստիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. The United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VII):

56. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ Արարատի մարզային դատարանի կողմից 2007 թվականի փետրվարի 15-ին նշանակված կալանավորման ժամկետը լրացել է 2007 թվականի հունիսի 13-ին (տե'ս վերևում՝ 7-րդ և 14-րդ պարբերությունները): Միևնույն ժամանակ նախաքննությունն ավարտվել էր, և 2007 թվականի հունիսի 12-ին քրեական գործն ուղարկվել էր Մարզային դատարան՝ ըստ էության քննության համար: Դիմումատուին կալանքի տակ պահելուն հաջորդ անդրադարձը կատարվել է միայն 2007 թվականի հուլիսի 2-ին, երբ Մարզային դատարանը գործը դատական քննության նշանակելու որոշում է կայացրել (տե'ս վերևում՝ 19-րդ պարբերությունը): Այդպիսով 2007 թվականի հունիսի 13-ի և հուլիսի 2-ի միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուն կալանքի տակ է գտնվել ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, համաձայն որի՝ քրեական գործով մինչդատական փուլում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան:

57. Դատարանը նշում է, որ մի շարք այլ գործերով նախկինում քննվել են նմանատիպ, բայց ոչ նույնատեսակ իրավիճակներ (տե'ս Բառանովսկին ընդդեմ Լեհաստանի [Baranowski v. Poland], թիվ 28358/95, §§ 53-58, ՄԻԵԴ 2000-III, վերևում հիշատակված՝ Եչիուսի գործը, §§ 57-64, և Խուդոյորովն ընդդեմ Ռուսաստանի [Khudoyorov v. Russia], թիվ 6847/02, §§ 146-151, ՄԻԵԴ 2005-... (քաղվածքներ)): Մասնավորապես, Բառանովսկու և Խուդոյորովի գործերով դիմումատուները շարունակել են մնալ կալանքի տակ այն պատճառով, որ մեղադրական եզրակացություն էր ներկայացվել նրանց գործերը քննելու իրավասություն ունեցող դատարան: Այնուամենայնիվ, ի տարբերություն սույն գործի, այդ գործերով այդ պրակտիկան հիմնված չէր որևէ ներպետական իրավական դրույթի վրա: Մյուս կողմից՝ Եչիուսի գործով Դատարանը գտել է, որ այն դրույթը, որը թույլ էր տալիս դիմումատուին շարունակաբար կալանքի տակ պահել այն հիմքով, որ նա ուներ մատչելիություն գործի նյութերին, զուրկ էր իրավական որոշակիությունից:

58. Դատարանը նշում է, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածով սահմանվում են կալանավորման ժամանակահատվածին, մասնավորապես՝ դրա հաշվարկմանը և ժամկետներին առնչվող նորմերը: Համաձայն այդ հոդվածի՝ մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել երկու ամսից ավելի, եթե չի երկարացվել դատարանի որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ 2 ամիսը չգերազանցող ժամկետով (ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 3-րդ մաս): Այնուամենայնիվ, 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան: Այդ մասում պարունակվող նորմի վրա հիմնվել են գործն ըստ էության քննելու համար դատարան փոխանցելուց հետո անձին շարունակաբար կալանքի տակ պահելն արդարացնելու համար նույնիսկ այն դեպքում, երբ դատարանի կողմից նշանակված՝ մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետն արդեն սպառվել է, ինչը տեղի է ունեցել դիմումատուի դեպքում:

59. Դատարանը նշում է, որ 138-րդ հոդվածի 3-րդ մասում նշված նորմն ուղղակիորեն հակասում է ՔԴՕ-ի 136-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պահանջին, որով նախատեսվում է, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես դատարանի որոշմամբ: Այն նաև հակասում է ՔԴՕ-ի 141-րդ հոդվածի 10-րդ կետին, որով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմից պահանջվում է անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց: Դատարանը 138-րդ հոդվածի 3-րդ մասի շարադրանքը չի համարում բավականաչափ հստակ, որպեսզի նախատեսի այդ նորմերից պարզ, կանխատեսելի և միանշանակ բացառություն: Հետևաբար Դատարանը համարում է, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասը չի բավարարել իրավական որոշակիության սկզբունքը:

60. Դատարանն այնուհետև նշում է, որ Բառանովսկու գործով Դատարանն ընդգծել է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համաձայն՝ կալանավորումը, որը տևել է մի քանի ամիս, և որը չի նշանակվել դատարանի, դատավորի կամ «դատական իշխանություն իրականացնելու ... իրավասություն ունեցող» ցանկացած որևէ այլ անձի կողմից, այդ դրույթի իմաստով չի կարող համարվել «օրինական»: Թեև այդ պահանջն ուղղակիորեն նախատեսված չէ 5-րդ հոդվածի 1-ին կետով, այն կարող է ենթադրվել 5-րդ հոդվածի ամբողջ բովանդակությունից, մասնավորապես՝ 1-ին կետի «գ» ենթակետի և 3-րդ կետի շարադրանքից (տե՛ս վերևում հիշատակված՝ Բառանովսկու գործը, § 57): Սույն գործով դիմումատուն առանց դատարանի որոշման կալանքի տակ է պահվել տասնինն օր, ինչն ավելի կարճ ժամանակահատված է, քան Բառանովսկու գործով ժամանակահատվածը (գրեթե չորս ամիս), սակայն Դատարանի կարծիքով՝ բավականաչափ երկար՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինականության հարց բարձրացնելու համար:

61. Դատարանը նաև նշում է, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասով չի սահմանվում որևէ ժամկետ՝ այդպիսով չնախատեսելով անձին անորոշ ժամանակով կալանքի տակ պահելու դեմ որևէ երաշխիք: Ճիշտ է, որ ՔԴՕ-ի 292-րդ հոդվածով պահանջվում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը տասնհինգ օրվա ընթացքում կալանքի նշանակման վերաբերյալ որոշում կայացնի (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նախ, այդ ժամկետը սկսում է հոսել այն օրվանից, երբ դատավորը որոշում է կայացնում գործն ընդունել իր վարույթ, այլ ոչ այն օրվանից, երբ գործը մուտք է լինում դատարան: Այնուամենայնիվ, գործը դատարան մուտք լինելուց հետո դատավորի կողմից այն իր վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու համար ժամկետ նախատեսված չէ (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը): Երկրորդ, դատավորի կողմից տասնհինգօրյա ժամկետը չպահպանելու դեմ չկա որևէ երաշխիք, ինչպես որ սույն գործում է (տե՛ս վերևում՝ 16-րդ և 19-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ այդ՝ նույնիսկ կարճատև ուշացման համար որևէ բացատրություն չի տրամադրվել: Այդպիսով, չի կարելի բացառել, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձը կարող է առանց դատարանի որոշման պահվել կալանքի տակ էապես ավելի երկար ժամանակով, քան ՔԴՕ-ի 292-րդ հոդվածով սահմանված տասնհինգօրյա ժամկետն է, կամ նույնիսկ սույն գործում եղած տասնինն օրը:

62. Վերջապես, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ՔԴՕ-ի 138-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրվում է կալանավորում կիրառել՝ հղում կատարելով այնպիսի հարցերի, որոնք ամբողջովին անհամատեղելի են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ (տե՛ս վերևում հիշատակված՝ Եչիուսի գործը, § 59): Դատարանը նաև նշում է, որ Վճռաբեկ դատարանը 2009 թվականի ապրիլի 10-ին կայացրած իր որոշման մեջ նմանատիպ եզրահանգումներ է արել (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը):

63. Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի կալանավորումը 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ը [Կոնվենցիայի] 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով եղել է անօրինական:

64. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

65. Դիմումատուն բողոքել է, որ ձերբակալվելուց հետո ինքը չի տարվել դատավորի մոտ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

 

Ա. Ընդունելիությունը

 

66. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

67. Դիմումատուն պնդել է, որ կալանքը որպես խափանման միջոց նշանակելու մասին 2007 թվականի փետրվարի 15-ի որոշումը կայացվել է իր բացակայությամբ: 2007 թվականի ապրիլի 13-ին նա ձերբակալվել է ոստիկանության կողմից և տեղափոխվել կալանավորվածների պահման վայր, սակայն, ի խախտումն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների, նա երբևէ չի տարվել դատավորի մոտ: Սույն գործի փաստական հանգամանքներից հետո տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով չէր կարող վերացվել Կոնվենցիայի խախտումը, որը տեղի էր ունեցել դիմումատուի նկատմամբ:

68. Կառավարությունը պնդել է, որ զգալի միջոցառումներ են ձեռնարկվել, որպեսզի լուծվի հետախուզման արդյունքում հայտնաբերված անձին դատավորին ներկայացնելու խնդիրը: Ներպետական օրենսդրությամբ չէր պահանջվում այն անձի ներկայությունն իր կալանավորման վերաբերյալ դատական լսմանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և ոչինչ չի ասվում այն միջոցի վերաբերյալ, որը պետք է ձեռնարկել հետախուզվող անձին հայտնաբերելու դեպքում: Վճռաբեկ դատարանն այդ հարցին անդրադարձել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը):

 

2. Դատարանի գնահատականը

 

69. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով պահանջվում է, որ ձերբակալված անձն անհապաղ տարվի դատավորի կամ դատական իշխանության պաշտոնատար անձի մոտ (տե՛ս Կանջովն ընդդեմ Բուլղարիայի [Kandzhov v. Bulgaria],թիվ 68294/041, § 65, 2008 թվականի նոյեմբերի 6): Այդ հոդվածը դատավորին կամ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձին պարտավորեցնում է լսել իրենց մոտ բերված անձին (տե՛ս Շիսըն ընդդեմ Շվեյցարիայի [Schiesse y. Switzerland],1979 թվականի դեկտեմբերի 4, § 31, շարք Ա, թիվ 34): Ավելին, դրանով չի նախատեսվում որևէ հնարավոր բացառություն այն պահանջից, որ անձը ձերբակալվելուց կամ կալանավորվելուց հետո անհապաղ պետք է տարվի դատավորի կամ դատական իշխանություն իրականացնող այլ պաշտոնատար անձի մոտ: Այլ կերպ եզրակացնելը կհակասեր սույն դրույթի սովորաբար ընդունված նշանակությանը (տե՛ս Լանդենթն ընդդեմ Լեհաստանի [Landent v. Poland],թիվ 11036/03, § 75, 2008 թվականի մարտի 18):

70. Սույն գործով դիմումատուն կասկածվում էր հանցագործություն կատարելու մեջ: 2007 թվականի փետրվարի 15-ին Արարատի մարզային դատարանը դիմումատուի բացակայությամբ կայացրել էր նրան կալանավորելու մասին որոշում, քանի որ համարվել էր, որ նա թաքնվում է: Դատարանն այս առնչությամբ գտնում է, որ դատարանի միակ հնարավորությունը՝ ձերբակալման մասին որոշումը in absentia (մեղադրյալի բացակայությամբ) կայացնելու այն իրավիճակում, երբ անձը խուսափում է արդարադատությունից, չի հակասում Կոնվենցիայի դրույթներին (տե՛ս Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 38411/02, § 101, 2007 թվականի հունիսի 7): Այնուամենայնիվ, 2007 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության կողմից դիմումատուին ձերբակալելուց և այնուհետև վերոնշյալ որոշման հիման վրա կալանավորելուց հետո նա երբևէ չի տարվել դատավորի կամ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի մոտ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նպատակներով: Դատարանը նաև նշում է, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ թաքնվող անձին նրան ձերբակալելուց հետո դատավորին չներկայացնելու պրակտիկան Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների խախտում է (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը):

71. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ

 

72. Դիմումատուն բողոքել է, որ 2007 թվականի հունիսի 15-ի իր վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից չի քննվել: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը և 13-րդ հոդվածը: Դատարանը համարում է, որ այս բողոքը ենթակա է քննության միայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունքի ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

 

Ա. Ընդունելիությունը

 

73. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

74. Դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հունիսի 6-ի որոշումը՝ նշանակված կալանքի դեմ իր բողոքն առանց քննության թողնելու մասին այն հիմնավորմամբ, որ մինչդատական վարույթն ավարտվել էր, անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հետ: Ավելին, բողոքն այդպիսի հիմքով առանց քննության թողնելու վերաբերյալ որևէ ներպետական դրույթ չկար:

75. Կառավարությունը պնդել է, որ այդ հարցին ևս Վճռաբեկ դատարանը անդրադարձել է 2008 թվականի նոյեմբերի 28-ի իր որոշմամբ (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը): Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր ուժ ունեն բոլոր դատարանների և քննչական մարմինների համար: Կառավարությունն այնուհետև խնդրել է Դատարանին սույն գանգատի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել այն մի շարք էական միջոցները, որոնք ձեռնարկվել են բարձրացված խնդիրների կապակցությամբ:

 

2. Դատարանի գնահատականը

 

76. Դատարանը վերահաստատում է, որ համաձայն իր նախադեպային իրավունքի՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին կետը ամրագրում են դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է ենթարկվել միայն դրա բուն էությունը չխաթարող ողջամիտ սահմանափակումների (տե՛ս Շիշկովն ընդդեմ Բուլղարիայի [Shishkov v. Bulgaria],թիվ 38822/97, § 82-90, ՄԻԵԴ 2003-I (քաղվածքներ), և Բոչևն ընդդեմ Բուլղարիայի [Bochev v. Bulgaria],թիվ. 73481/01, § 70, 2008 թվականի նոյեմբերի 13):

77. Ավելին, 5-րդ հոդվածի 4-րդ կետով Պայմանավորվող պետությունները չեն պարտավորվում ստեղծել երկրորդ աստիճանի իրավազորություն՝ կալանքից ազատ արձակվելու դիմումների քննության համար: Այդուհանդերձ, պետությունը, որը ներդնում է այդպիսի համակարգ, պետք է կալանավորվածներին սկզբունքորեն տրամադրի բողոքարկման միևնույն երաշխիքները, ինչ առաջին ատյանում (տե՛ս Թոթն ընդդեմ Ավստրիայի [Toth v. Austria], 1991 թվականի դեկտեմբերի 12, § 84, շարք Ա թիվ 224, Ղութնն ընդդեմ Նիդեռլանդների [Rutten v. the Netherlands],թիվ 32605/96, § 53, 2001 թվականի հուլիսի 24, Լանցն ընդդեմ Ավստրիայի [Lanz v. Austria],թիվ 24430/94, պարբ. 42, 2002 թվականի հունվարի 31, և Սվիփստան ընդդեմ Լատվիայի [Svipsta v. Latvia], թիվ 66820/01, § 129, ՄԻԵԴ 2006-III (քաղվածքներ)):

78. Դատարանը նշում է, որ Հայաստանի օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու իրավունք (տե'ս վերևում՝ 30-րդ և 37-րդ պարբերությունները): Սույն գործով դիմումատուն միջնորդություն է ներկայացրել գրավի դիմաց ազատ արձակվելու խնդրանքով, որը մերժվել է Արարատի մարզային դատարանի 2007 թվականի հունիսի 8-ի որոշմամբ: Այնուհետև նա օգտվել է բողոքարկման իր իրավունքից՝ 2007 թվականի հունիսի 15-ին բողոք ներկայացնելով: Միևնույն ժամանակ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզային դատարան՝ ըստ էության քննության համար: 2007 թվականի հուլիսի 6-ին Վերաքննիչ դատարանը որոշել է դիմումատուի՝ 2007 թվականի հունիսի 15-ի բողոքը թողնել առանց քննության այն հիմքով, որ մինչդատական վարույթն արդեն ավարտված է եղել:

79. Դատարանը նշում է, որ ներպետական օրենսդրությամբ սահմանվում է այնպիսի դեպքերի սպառիչ ցանկ, երբ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ ներկայացված բողոքը կարող է թողնվել առանց քննության (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը): Այդ ցանկը չի ներառել այն հիմքը, որի վրա դիմումատուի բողոքի քննությունը մերժելիս հիմնվել է Վերաքննիչ դատարանը: Այդպիսով դիմումատուն զրկված է եղել Վերաքննիչ դատարանի մատչելիությունից՝ ներպետական օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով: Ամեն դեպքում, Դատարանը համարում է, որ դիմումատուին կալանքի տակ պահելու հարցի դատական վերանայման մերժումը միայն այն հիմքով, որ քրեական գործն այլևս մինչդատական վարույթի փուլում չի եղել, 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված վարույթի՝ նրա իրավունքի չհիմնավորված սահմանափակում է:

80. Ճիշտ է, որ մինչև Վերաքննիչ դատարանի կողմից դիմումատուի բողոքի քննությունը մերժելը Մարզային դատարանի կողմից արդեն կայացվել էր դիմումատուին կալանքի տակ պահելն անփոփոխ թողնելու մասին որոշում (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը բազմաթիվ գործերով արդեն իսկ գտել է, որ կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության մերժումը զուտ այն հիմքով, որ ստորին դատարանի կողմից այդ ընթացքում ընդունվել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նոր որոշում, 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների խախտում է (տե՛ս Պեշան ընդդեմ Խորվաթիայի [Pesa v. Croatia],թիվ 40523/08, §§ 125-126, 2010 թվականի ապրիլի 8, Շեբալյն ընդդեմ Խորվաթիայի [Šebalj v. Croatia],թիվ 4429/09, §§ 222-223, 2011 թվականի հունիսի 28, և Հաջին ընդդեմ Խորվաթիայի [Hadi v. Croatia],թիվ 42998/08, §§ 46-47, 2010 թվականի հուլիսի 1): Վերջապես, Դատարանը նշում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ այդ պրակտիկան համարվել է անթույլատրելի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի երաշխիքները խախտող (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը):

81. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

82. Վերջում դիմումատուն բարձրացրել է մի շարք այլ բողոքներ՝ հղում կատարելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերին:

83. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, գտնում է, որ դրանք չեն պարունակում Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

 

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

84. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

85. Դիմումատուն պահանջել է տասնչորս հազար եվրո (14 000 եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

86. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող գումարը չափից ավելի է: Ավելին, դիմումատուն չի նշել իր՝ ենթադրաբար կրած ոչ նյութական վնասի բնույթը: Վերջապես, Կառավարությունը Դատարանին խնդրել է հաշվի առնել սույն գանգատում բարձրացված խնդիրների առնչությամբ ձեռնարկված ընդհանուր միջոցառումները:

87. Դատարանը համարում է, որ սույն վճռով հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս: Արդարացիության սկզբունքի հիման վրա որոշում կայացնելով՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

88. Դիմումատուն չի պահանջել ծախսերի և ծախքերի հատուցում:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

89. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է դիմումատուի՝ 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կալանավորման ենթադրյալ անօրինականության, ձերբակալումից հետո դատավորի մոտ չտարվելու և կալանավորման դեմ նրա՝ 2007 թվականի հունիսի 15-ի բողոքի քննությունը մերժելու վերաբերյալ բողոքները, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 2007 թվականի հունիսի 13-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանավորման համար իրավական հիմք չլինելու առնչությամբ.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ դիմումատուի ձերբակալումից հետո նրան դատավորի մոտ չտանելու առնչությամբ.

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ կալանավորման դեմ դիմումատուի՝ 2007 թվականի հունիսի 15-ի բողոքի քննությունը մերժելու առնչությամբ.

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 10 000 եվրո (տասը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ՀՀ դրամի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդայի ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Սանտիագո Կեսադա
Քարտուղար

Ժոզեփ Քասադևալ
Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան