ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«04» փետրվարի 2025 թ. |
N 15-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 661-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար՝
2/4/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 4-ի N 15-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Մետատվյալները ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, ոլորտին առնչվող օրենքների և իրավական ակտերի պահանջներին համապատասխան։
3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
4. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
5. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների շտեմարան՝ Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։
6. Մետատվյալների շտեմարանը ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները։
7. Մետատվյալները ստեղծվում, մշակվում ու թարմացվում են էլեկտրոնային եղանակով՝ Նախարարության կողմից՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1787-Ն որոշմամբ հաստատված կարգի:
8. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։
9. Նախարարությունն օգտագործում Է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին՝ Կադաստրի կոմիտեին։
10. Նախարարությունը, տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները՝
1) որոնման ծառայություն.
2) դիտման ծառայություն.
3) ներբեռնման ծառայություն.
4) փոխակերպման ծառայություն.
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
11. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները՝
1) հիմնաբառ.
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).
4) որակի չափանիշ.
5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում.
6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում.
7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:
12. Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2025 թվական: