Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-111-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.1996-16.05.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Բ. Արարքցյան


9 սեպտեմբերի 1996 թվականի,
քաղ. Երևան
Ն-111-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (հետայսու` Վերահսկիչ պալատ) մասին» օրենքի 13 հոդվածի համաձայն, սույն կանոնադրությունը կանոնակարգում է Վերահսկիչ պալատի աշխատանքը, սահմանում է դրա կառուցվածքը, կազմը և աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Վերահսկիչ պալատը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում` այլ օրենքների, Ազգային ժողովի որոշումների և սույն կանոնադրության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Վերահսկիչ պալատն իր աշխատանքները կազմակերպում է տարեկան ծրագրի հիման վրա:

Պետական բյուջեի կատարման մասին և Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունները Վերահսկիչ պալատին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելուց առնվազն 15 օր առաջ, այլ փաստաթղթերը` առնվազն 5 օր առաջ:

Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման, դրա կողմից իրականացվող աուդիտի մեթոդաբանական հարցերի քննարկման, կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող եզրակացությունների և հաշվետվությունների, տեղեկանքների, արձանագրությունների հաստատման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ` կազմված Վերահսկիչ պալատի նախագահից, նրա տեղակալից և Վերահսկիչ պալատի բաժինների վարիչներից:

Վերահսկիչ պալատի կազմում գործում են 4 բաժիններ`

- պետական բյուջեի աուդիտի.

- սեփականաշնորհման և ապապետականացման աուդիտի.

- արտասահմանյան փոխառությունների և վարկերի աուդիտի.

- ամփոփ-վերլուծական և տեղեկատվական-մեթոդաբանական:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Վերահսկիչ պալատի խորհուրդը`

- քննարկում և հավանություն է տալիս Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների նախագծերին, Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը.

- քննարկում և հաստատում է պետական բյուջեի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման հաշվետվության, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունները.

- հաստատում է Վերահսկիչ պալատի բաժինների գործունեության ուղղությունները և դրանց միջև աշխատանքի բաժանումը.

- Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաստատում է ընթացիկ գործունեության ծրագրեր.

- որոշումներ է ընդունում տարեկան ծրագրի շրջանակներում աուդիտ իրականացնելու կարգի և ժամկետների մասին.

- որոշումներ է ընդունում Վերահսկիչ պալատի կողմից արտածրագրային միջոցառումներ իրականացնելու մասին.

- յուրաքանչյուր եռամսյակ քննարկում է Վերահսկիչ պալատի գործունեության ընթացիկ ծրագրերի կատարումը և հաստատում Վերահսկիչ պալատի աուդիտորների հաշվետվությունները.

- քննարկում և հաստատում է ընթացիկ տարում պետական բյուջեի կատարման մասին տեղեկանքներ` յուրաքանչյուր կիսամյակ Ազգային ժողով դրանք ներկայացնելու համար.

- հաստատում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը.

- իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» օրենքով Վերահսկիչ պալատին վերապահված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ և ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Վերահսկիչ պալատի նախագահը`

- իրականացնում է Վերահսկիչ պալատի գործունեության ընդհանուր ղեկավարումը և կազմակերպում դրա աշխատանքները.

- համակարգում է Վերահսկիչ պալատի բաժինների աշխատանքը և կազմակերպում դրանց գործունեությունը.

- Վերահսկիչ պալատի գործունեությունն ապահովելու նպատակով լուծում է կազմակերպական, տեղեկատվական, նյութատեխնիկական և այլ բնույթի հարցեր.

- կազմակերպում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի նախապատրաստումը և հրավիրումը, նախագահում է այդ նիստերին, ստորագրում է Վերահսկիչ պալատի որոշումները, վերահսկում դրանց կատարումը.

- ներկայացնում է Վերահսկիչ պալատը պետական և ոչ պետական մարմիններում, այլ պետությունների վերահսկիչ պալատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

- Վերահսկիչ պալատի անունից ստորագրում է աուդիտի մասին եզրակացություններ և տեղեկանքներ.

- Վերահսկիչ պալատի հաստատմանն է ներկայացնում Վերահսկիչ պալատի բաժինների գործունեության հիմնական ուղղությունները.

- Վերահսկիչ պալատի աշխատանքների մասին հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողով.

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը կատարում է նախագահի հանձնարարությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում` փոխարինում նրան:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԸ

 

Վերահսկիչ պալատի բաժինների վարիչները`

- կազմակերպում են բաժինների աշխատանքը.

- տարեկան և ընթացիկ գործունեության ծրագրերով սահմանված աուդիտի կատարման ընթացքի մասին զեկուցում են Վերահսկիչ պալատի նախագահին.

- աուդիտի արդյունքների մասին տեղեկանքներ են ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահին.

- Վերահսկիչ պալատի նախագահին առաջարկություններ են ներկայացնում աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Աուդիտ իրականացնելու հիմքը Վերահսկիչ պալատի նախագահի հրամանն է, որում նշվում են ուսումնասիրության օբյեկտը, նպատակը, ժամկետը և այն իրականացնող լիազորված անձինք:

Վերահսկիչ պալատն իր կողմից իրականացվող միջոցառումներին իրավունք ունի ներգրավել պետական մարմինների ներկայացուցիչներին, ինչպես նաև, պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված աուդիտային կազմակերպություններին:

Աուդիտի ենթակա փաստաթղթերում օրենքների կամ այլ իրավական` նորմատիվ ակտերի պահանջների խախտումների, ինչպես նաև պետական միջոցների և պետական սեփականության այլ տարրերի ոչ արդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման փաստեր հայտնաբերելու դեպքում աուդիտորն արձանագրություն է կազմում դրանց մասին:

Արձանագրության տիպային ձևերը հաստատում է Վերահսկիչ պալատը:

Աուդիտ իրականացնելու հանձնարարականը ներկայացնող աուդիտորին աուդիտի ենթակա օբյեկտում իր պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում, վերջինս պարտավոր է այդ մասին կազմել համապատասխան արձանագրություն` նշելով ամսաթիվը, ժամը, վայրը, անօրինական գործողություններ թույլ տված պաշտոնյայի կամ այլ աշխատակցի տվյալները:

Կազմված արձանագրությունը ներկայացնում է Վերահսկիչ պալատի համապատասխան բաժնի վարիչին, որն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում օրենքի պահանջների կատարումը ապահովելու համար և հայտնաբերված անօրինականության մասին զեկուցում է Վերահսկիչ պալատի նախագահին:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՁևԱԿԵՐՊԵԼԻՍ

 

Աուդիտ կատարելուց հետո կազմվում է աուդիտի արդյունքների մասին հաշվետվություն, որն ստորագրում է Վերահսկիչ պալատի համապատասխան բաժնի ղեկավարը: Հաշվետվության մեջ նշվում են`

- անհրաժեշտ ելակետային տվյալները (աուդիտի հիմքը, նպատակը, առարկան, օբյեկտը և աուդիտն իրականացնող անձինք).

- պահանջվող փաստաթղթերի ցանկը.

- պահանջված և չստացված փաստաթղթերի ցանկը` (նշելով մերժման պատճառները).

- ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.

- ուսումնասիրված օբյեկտների ցանկը, որոնց տվյալները համեմատվել են փաստաթղթերի տվյալների հետ.

- աուդիտի ենթարկված պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության մեջ պետական միջոցների օգտագործման մասին օրենքների և նորմատիվ ակտերի պահանջների խախտման հայտնաբերված փաստերը (նշելով օրենքների և նորմատիվ ակտերի կոնկրետ հոդվածները, որոնց պահանջները խախտված են), պետական բյուջեին, պետական գույքին և պետական սեփականության այլ տարրերին հասցված վնասի չափերը, եթե այդպիսիք առկա են.

- պետական միջոցների ոչ նպատակային և (կամ) ոչ արդյունավետ, օգտագործման փաստերը.

- աուդիտի համապատասխան բնագավառում վարչական և գերատեսչական վերահսկողությամբ հայտնաբերված թերությունները և բացթողումները.

- աուդիտի համապատասխան բնագավառում օրենսդրական և նորմատիվ կանոնակարգման մեջ հայտնաբերված թերությունները և բացթողումները.

- առաջարկություններ միջոցների վերադարձման և վնասի հատուցման վերաբերյալ.

- առաջարկություններ աուդիտի առարկայի գծով և աուդիտի բնագավառում օրենքների և նորմատիվ ակտերի մշակման կամ գործող օրենքներում և նորմատիվ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հաշվետվության մեջ նշվում է նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ղեկավարին աուդիտի արձանագրությանը ծանոթացնելու մասին, իսկ վերջինիս կողմից այն չստորագրվելու դեպքում դրա պատճառները:

Հաշվետվության հավելվածում նշվում է այն բոլոր փաստաթղթերի ցանկը (ակտեր, տեղեկանքներ և այլն), որոնք ելակետային տեղեկություններ են պարունակում աուդիտի արդյունքների մասին:

Աուդիտի արդյունքների մասին հաշվետվությունն, արձանագրությունների և զեկուցագրերի հետ միասին Վերահսկիչ պալատ է ներկայացվում աուդիտի ավարտից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Վերահսկիչ պալատն աուդիտի արդյունքների մասին հաշվետվությունը քննարկում է այն ստանալու օրվանից երկու շաբաթվա ընթացքում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացված աուդիտի նյութերի քննարկման ժամանակ դրանց ղեկավարները նախապես տեղյակ են պահվում քննարկման օրվա մասին և հրավիրվում են նիստին:

Աուդիտի գործընթացի ավարտը Վերահսկիչ պալատի կողմից աուդիտի արդյունքների մասին որոշում ընդունելու օրն է:

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Աուդիտի արդյունքներով Վերահսկիչ պալատի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է աուդիտ իրականացրած լիազորված անձի վրա, որը Վերահսկիչ պալատ տեղեկանք է ներկայացնում վերահսկողության տակ գտնվող փաստաթղթի կատարման կամ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: