Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (10.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.67
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 26.1-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

3. Սնանկության գործով այն կառավարիչները (այսուհետ՝ կառավարիչ), որոնք սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ արդեն իսկ անցել են ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ տևողությամբ, համարվում են 2020 թվականի համար կազմակերպվող վերապատրաստումներն անցած:

4. Այն կառավարիչները, որոնք 2020 թվականի ընթացքում չեն մասնակցել վերապատրաստումների որևէ դասընթացի, կամ սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չեն անցել նվազագույնը 24 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումներ (չեն լրացրել նվազագույն ակադեմիական ժամերը), ամբողջությամբ կամ համապատասխան ժամերի մասով մասնակցում են 2020 թվականի ընթացքում կազմակերպվող վերապատրաստումներին:

5. 2020 թվականի ընթացքում վերապատրաստումները կազմակերպվում և իրականացվում են հետևյալ ժամկետներում և կարգով.

1) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) մինչև 2020 թվականի մայիսի 10-ը կազմում է այն կառավարիչների ցուցակը, որոնք սույն հրամանի 4-րդ կետի ուժով պետք է անցնեն ամենամյա պարտադիր վերապատրաստումներ, ինչպես նաև մինչև 2020 թվականի մայիսի 31-ը սույն հրամանի հավելվածով նախատեսված ընթացակարգերի կիրառմամբ կազմում է հնարավոր դասընթացների ընդհանուր ցանկը՝ նշելով յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի տևողությունը, և ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի հունիսի 10-ը այն ներկայացնում է կառավարիչներին.

2) կառավարիչները երեք աշխատանքային օրվա ընթացքում դասընթացի ծրագրից ընտրում են ընդհանուր առմամբ այնքան դասընթացներ, որքան անհրաժեշտ է նվազագույն 24 ակադեմիական ժամերը լրացնելու համար.

3) կազմակերպությունը մինչև 2020 թվականի հուլիսի 5-ը կազմում է նախատեսվող դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի և ըստ ընտրված դասընթացների և ներկայացնում նախարարություն՝ դասընթացավարների թեկնածուներ առաջարկելու համար: Թեկնածուներն առաջարկվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը.

4) 2020 թվականի համար վերապատրաստման դասընթացները սկսվում են 2020 թ. սեպտեմբեր ամսից.

5) 2020 թվականի վերապատրաստման դասընթացների ավարտից հետո ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն 2020 թվականի ընթացքում վերապատրաստված կառավարիչների մասին` նշելով կառավարչի տվյալները, վերապատրաստված ժամերի քանակը, վերապատրաստման դասընթացները և դասընթացավարների տվյալները:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 104-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սնանկության գործով կառավարիչների (այսուհետ՝ կառավարիչ) վերապատրաստում անցկացնելու, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացների անցկացման պարբերականության և ընթացակարգի, ժամկետների, ինչպես նաև կառավարիչների վերապատրաստման գործընթացին վերաբերող այլ հարաբերություններ:

2. Վերապատրաստման նպատակը կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելն է՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, գործնական հմտությունների և պատրաստվածության կատարելագործման և բարձրացման միջոցով:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) կազմակերպում և իրականացնում է իր անդամ հանդիսացող կառավարիչների վերապատրաստումը:

4. Սույն կարգով սահմանված պահանջները պարտադիր են կազմակերպության համար միայն իր անդամ հանդիսացող կառավարիչների հետ հարաբերություններում:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

(գլուխը խմբ. 08.10.24 N 608-Ն)

 

5. Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմելու և հաստատելու նպատակով կազմակերպությունը հարցումներ է ուղարկում իր անդամ կառավարիչներին՝ նրանց կողմից դասընթացների մասին առաջարկներ ստանալու համար: Կազմակերպությունը կարող է հարցումներ ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն), ինչպես նաև սնանկության ոլորտին առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին: Կազմակերպությունը դասընթացների ծրագիրը կազմելիս հաշվի է առնում նաև սնանկության կամ հարակից ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող՝ կառավարիչների կողմից թույլ տրված պարբերական խախտումների վերաբերյալ տեղեկությունները:

6. Կազմակերպությունը, ներկայացված առաջարկների ամփոփման արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ կազմում, հաստատում և նախարարություն է ներկայացնում նախատեսվող դասընթացի ծրագիրը, ժամանակացույցը և վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի՝ միաժամանակ առաջարկելով ներկայացնել դասընթացավարների թեկնածուներ: Տվյալ տարվա ընթացքում դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել դիտորդ խորհրդի որոշմամբ՝ նախարարության նախնական համաձայնության դեպքում:

7. Նախարարությունը դասընթացավարների թեկնածուների առաջարկները ներկայացնում է մինչև դեկտեմբերի 25-ը: Այն դեպքում, երբ որևէ դասընթացի համար առաջարկվում է երկու կամ ավելի դասընթացավարների թեկնածություն, կազմակերպությունը ընտրում է նրանցից ցանկացածին: Դասընթացավարների փոփոխությունը տվյալ տարվա ընթացքում կատարվում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

8. Դասընթացավարները կազմակերպության հետ կնքում են պայմանագիր՝ աշխատանքային պարտականությունների կատարման մասին, որի ձևը սահմանում է կազմակերպությունը:

9. Դասընթացավարների վարձատրությունը կատարվում է ժամավճարով՝ յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար, որի արժեքը կազմակերպությունը հաստատում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

10. Կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 1 ամիս առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ դասընթացի շրջանակներում վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը, դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը՝ միաժամանակ ծանուցելով դասընթացավարներին և վերապատրաստման ենթակա կառավարիչներին։

11. Կազմակերպությունը կարող է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև այլ կազմակերպությունների կամ հաստատությունների (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություններ) ներգրավմամբ: Սույն կետում նշված դեպքում, կազմակերպությունը կարող է վերապատրաստման ծառայություներ մատուցելու նպատակով պայմանագիր կնքել վերապատրաստող կազմակերպությունների հետ, որի պարագայում վերապատրաստող կազմակերպությունների կողմից դասընթացավարների ներգրավումը և վարձատրությունը իրականացվում է կազմակերպության հետ համաձայնությամբ:

12. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել, որպեսզի վերապատրաստող կազմակերպությունները.

1) վերապատրաստումն իրականացնեն դիտորդ խորհրդի հաստատած ծրագրի և ժամանակացույցի շրջանակում,

2) իրենց նախընտրած դասընթացավարներին վերապատրաստման դասընթացներին ներգրավեն նախարարության համաձայնության դեպքում,

3) ապահովեն կազմակերպության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, այդ թվում՝ հեռավար եղանակով անցկացվող դասընթացին,

4) դասընթացը անցկացնեն սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, եթե սույն կետով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

13. Վերապատրաստման դասընթացը սույն կարգի 11-12-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպվելու դեպքում նախարարությունը վերապատրաստման ժամերը չի ներառում կառավարչի համար սահմանված պարտադիր վերապատրաստման ժամերի մեջ:

 

III. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

(գլուխը խմբ. 30.07.24 N 444-Ն)

 

14. Կառավարիչների վերապատրաստումն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը՝ 45 րոպե: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով վերապատրաստման դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ: Սույն դեպքում վերապատրաստման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո:

15. Այն դեպքում, երբ տվյալ տարվա համար նախատեսված վերապատրաստման դասընթացները սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դեպքում անցկացվել (շարունակվել) և ավարտվել են հաջորդ տարվա ընթացքում, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված պահանջներին համապատասխան վերապատրաստված կառավարիչները համարվում են նախորդ տարվա համար նախատեսված պարտադիր վերապատրաստումներն անցած:

16. Վերապատրաստման դասընթացներին մասնակցող կառավարիչների խմբերում անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը նախարարության հետ համաձայնեցմամբ կարող է կատարել փոփոխություններ, եթե կառավարչի կողմից ներկայացվել է գրավոր պատճառաբանված միջնորդություն՝ նախապես սահմանված խմբում վերջինիս կողմից վերապատրաստումն անցնելը բացառող հարգելի հանգամանքների մատնանշմամբ:

17. Կազմակերպությունը պատասխանատու է վերապատրաստման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ կառավարիչների ծանուցումն ապահովելու համար:

18. Վերապատրաստումն իրականացվում է առկա կամ հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման ձևով: Վերապատրաստման դասընթացի անցկացման ձևը որոշում է կազմակերպության դիտորդ խորհուրդը՝ համաձայնեցնելով նախարարության հետ: Դասընթացի առկա և հեռավար ձևերը կարող են զուգակցվել: Վերապատրաստումները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:

19. Սույն կարգի իմաստով առկա ձևով կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում) կառավարիչների խմբով՝ կառավարիչների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:

20. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է կառավարիչների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:

21. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ անցկացնելու մասին որոշումը դիտորդ խորհրդի կողմից, որպես կանոն, կայացվում է վերապատրաստման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ` այն նախապես համաձայնեցնելով նախարարության հետ: Դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին վերապատրաստում անցնող կառավարիչները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

21.1. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացվելու մասին որոշում կարող է ընդունվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում: Այդ դեպքում կազմակերպության դիտորդ խորհուրդը պարտավոր է մինչև որոշում ընդունելը նախապես տեղեկացնել նախարարությանը դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու անհրաժեշտության հիմքերի և ժամկետների վերաբերյալ և ստանալ նախարարության համաձայնությունը:

21.2. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացները անցկացվում են նախապես սահմանված վերապատրաստման ծրագրին համապատասխան։ Սույն հավելվածով նախատեսված առկա դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները կիրառվում են հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ, եթե դրանք չեն հակասում սույն հավելվածով նախատեսված հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման առանձնահատկություններին:

21.3. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, կառավարիչներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է կառավարիչների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:

21.4. Այն դեպքում, երբ դասընթացը հնարավոր է անցկացնել առկա և հեռավար ձևերի զուգակցմամբ, ապա վերապատրաստման դասընթացին կառավարիչները կարող են հեռավար եղանակով միանալ նախապես գրանցվելուց հետո: Դասընթացին հեռավար ձևով մասնակցելու (գրանցվելու) համար կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան դասընթացը սկսելուց երկու օր առաջ այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնել կազմակերպությանը։

21.5. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար դասընթացավարը կառավարիչների ներկայության ստուգումն իրականացնում է ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում վերապատրաստվող կառավարիչների ներկայությունը տեսախցիկի առջև պարտադիր է, կառավարիչները պարտավոր են դասընթացի ժամանակ բացառել կողմնակի ձայները (աղմուկը), դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով: Սույն կետով սահմանված պարտականությունները կամ պայմանները չկատարելու կամ չպահպանելու դեպքում, կառավարչի կողմից հեռավար վերապատրաստման դասընթացին մասնակցությունը չի հաշվարկվի որպես պարտադիր վերապատրաստման ժամ։

21.6. Կազմակերպությունը վարում է վերապատրաստում անցնող կառավարիչների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում կառավարիչների ներկայության կամ բացակայության մասին: Հաճախելիության մատյանները (պատճենները) կամ դրանց քաղվածքները կազմակերպությունը նախարարության պահանջով տրամադրում է նաև վերջինիս:

21.7. Վերապատրաստման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նաև նախարարության կամ կազմակերպության ներկայացուցիչը: Հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար էլեկտրոնային հարթակին միանալու էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն:

21.8. Վերապատրաստման դասընթացներն առկա ուսուցմամբ անցկացվելու դեպքում կառավարիչը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում՝ նշելով դասընթացին հաճախելու ամսաթիվը: Մատյանի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար մատյանում ստորագրում է նաև դասընթացավարը, իսկ ներկա գտնվելու դեպքում՝ նաև կազմակերպության կամ նախարարության ներկայացուցիչը:

21.9. Վերապատրաստման դասընթացներն հեռավար ուսուցմամբ անցկացվելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դասընթացավարի կողմից կազմված և ստորագրված՝ դասընթացին մասնակցած կառավարիչների ցուցակը ոչ ուշ, քան հաջորդ օրը ուղարկվում է կազմակերպություն՝ հաճախելիության մատյանում դրանք լրացնելու համար: Հաճախելիության մատյանները ստորագրում է կազմակերպության ներկայացուցիչը՝ կցելով նաև դասընթացավարների կողմից ուղարկված ցուցակները:

 

 IV. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

 

22. Կառավարիչը կարող է համապատասխան ակադեմիական ժամերի մասով համարվել պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների: Սույն կարգի իմաստով դասընթացը, կուրսը կամ վերապատրաստումը համարժեք է համարվում, եթե այն անցկացվել է տեղական կամ միջազգային կազմակերպության կողմից, և դասընթացի, կուրսի կամ վերապատրաստման ծրագիրը վերաբերում է կառավարչի գործունեությանը վերաբերելի և իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեսական և (կամ) գործնական գիտելիքների ձեռքբերմանը:

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հնարավորության կիրառման նպատակով կառավարիչը դիմում է ներկայացնում կազմակերպություն՝ նշելով այն կազմակերպությունը կամ ընկերությունը, որտեղ անցկացվելու են դասընթացները, ինչպես նաև դասընթացների ծրագիրը: Համարժեքության և ակադեմիական ժամի տևողության հարցը որոշելիս կազմակերպությունը հիմք է ընդունում նաև այլ կազմակերպությունում դասընթացի, կուրսի կամ վերապատրաստման ընդհանուր տևողությունը:

24. Կազմակերպության կողմից սույն կարգի 23-րդ կետով ներկայացված դիմումը մերժելու դեպքում կառավարիչը պարտավորվում է սահմանված կարգով համապատասխան ակադեմիական ժամերը լրացնելու համար մասնակցել վերապատրաստման դասընթացներին:

25. Պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում, Արդարադատության ակադեմիայում, Փաստաբանական ակադեմիայում, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց ուսուցման դասընթացների ընթացքում դասավանդող անձանց (դասախոսների)՝ սնանկության ոլորտին առնչվող իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական բնագավառում կարդացվող դասընթացները (դասախոսությունները) կարող են հավասարեցվել նվազագույն ժամաքանակով վերապատրաստման դասընթացների մասնակցությանը: Տվյալ դեպքում դասավանդած յուրաքանչյուր ակադեմիական ժամը հավասարեցվում է վերապատրաստման նվազագույն ժամաքանակի մեջ հաշվարկվող մեկ ակադեմիական ժամին:

(25-րդ կետը փոփ. 30.07.24 N 444-Ն)

 

V. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

26. Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ամփոփում և նախարարություն է ներկայացնում տեղեկանք վերապատրաստված կառավարիչների մասին` նշելով կառավարչի տվյալները, վերապատրաստված ժամերի քանակը և դասընթացավարների տվյալները: Վերապատրաստող կազմակերպությունների ներգրավմամբ վերապատրաստման դասընթացների անցկացման դեպքում կազմակերպությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել նաև վերապատրաստող կազմակերպությունների վերաբերյալ:

(26-րդ կետը փոփ. 01.06.21 N 220-Ն, լրաց. 08.10.24 N 608-Ն)

 

VI. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑՆԵԼԸ

 

27. Եթե կառավարիչը հաշվետու տարվա ընթացքում չի անցնում (այդ թվում՝ սույն կարգի 11-13-րդ կետերով նախատեսված՝ վերակազմակերպող կազմակերպությունների միջոցով անցկացվող և 4-րդ գլխով սահմանված համարժեք դասընթացները հաշվի առնելով) 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ վերապատրաստումներ, ապա վերջինս համարվում է ամենամյա պարտադիր վերապատրաստումները չանցած: Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ չանցնելը հիմք է կառավարչին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:

(27-րդ կետը լրաց. 08.10.24 N 608-Ն)

28. Կառավարիչը կարող է դիմել կազմակերպությանը՝ տարվա ընթացքում չլրացրած (չհաճախած) դասընթացների ժամաքանակը լրացնելու և լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար՝ կազմակերպության կողմից սահմանված լրացուցիչ վճարում կատարելու պայմանով:

(հավելվածը լրաց. 10.08.20 N 311-Ն, 10.11.20 N 459-Ն, խմբ., փոփ. 01.06.21 N 220-Ն, 30.07.24 N 444-Ն, խմբ., լրաց. 08.10.24 N 608-Ն)