Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2024
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2024
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» սեպտեմբեր 2024 թ.

N 125-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝ կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

9/23/2024

Ն. Մկրտչյան
 
 

 

Հավելված

Աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

«23» սեպտեմբեր 2024 թ.

N 125-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-ին հոդվածով նախատեսված՝ կենսաթոշակային խնայողությունների՝ Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու հետ կապված հարաբերությունները։

2. Անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը) Օրենքի 8.1-ին հոդվածով նախատեսված ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ այլ ներդրումային ֆոնդ) առկա՝ իր կուտակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու (այլ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարելու և դրա արդյունքում ձևավորված գումարը իր ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու) համար գրավոր դիմում է այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողին։ Այս դեպքում սույն հավելվածով սահմանված ձևի դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում գործող հաշվի օպերատորների միջոցով, թղթային եղանակով։

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դիմումին (այսուհետ՝ դիմում) կից անձը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով սահմանված ձևերի ֆոնդի ընտրության դիմում, եթե նա չունի Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում բացված կենսաթոշակային հաշիվ կամ իր կողմից (համար) ընտրված կենսաթոշակային ֆոնդ կամ ցանկանում է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար ընտրել նախկինում իր կողմից (համար) ընտրված ֆոնդից տարբեր այլ կենսաթոշակային ֆոնդ։

4. Դիմումը ներկայացվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Սույն ժամկետից հետո ներկայացված դիմումներին ընթացք չի տրվում, իսկ անձը համարվում է դիմում չներկայացրած։

5. Դիմումը ստանալուց հետո դիմող անձի համար 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմում չներկայացրած՝ այլ ներդրումային ֆոնդում կուտակային խնայողություններ ունեցող անձանց (այսուհետ՝ դիմում չներկայացրած անձ) համար՝ սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվներ։

6. Սույն հավելվածի 5-րդ կետի համաձայն անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է յուրաքանչյուր անձի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգում կենսաթոշակային հաշիվ ունեցող անձի)՝ այլ ներդրումային ֆոնդի փայերի մարումը և դրա արդյունքում ձևավորված միջոցների փոխանցումը անձի կողմից (համար) ընտրված` Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդին։ Այս նպատակով այլ ներդրումային ֆոնդի կառավարիչը համագործակցում է տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստր վարողի հետ՝ ապահովելով գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերի կատարումը։ Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր անձի համար կատարված փոխանցման դիմաց տվյալ անձի անվամբ բացված (գործող) կենսաթոշակային հաշվին է փոխանցում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի՝ փոխանցված գումարին համարժեք քանակով փայեր։ Դիմումը չներկայացրած անձի դեպքում միջոցները փոխանցվում են այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին։

7. Այլ ներդրումային ֆոնդի փայերի մարման և Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման համար հիմք է ընդունվում համապատասխան ֆոնդերի փայերի վերջին հայտնի (մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված)՝ համապատասխանաբար մարման և տեղաբաշխման գները:

8. Սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն փայերի մարման դեպքում փայերի մարման վճար չի գանձվում։

9. Մահացած անձի կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխվում են դիմում չներկայացրած անձի համար սույն հավելվածով սահմանված կարգով:

10. Այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սույն հավելվածի 4‑րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո սահմանափակում է, իսկ այդ ժամկետին հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է այլ ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված անձանց կենսաթոշակային հաշիվների սպասարկումը։

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ

1. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

2. անուն

3. ազգանուն

     

4. ծննդյան ամսաթիվ

5. անձը հաստատող փաստաթղթի տեսակ

6. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար

     

2. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

7. երկիր

8. վարչատարածքային միավոր

9. համայնք (վարչական շրջան)

10. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան

       

11. բջջային հեռախոսի համար

12. էլեկտրոնային փոստի հասցե

   

3. ՄԱՍՆԱԿՑԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՄԱՐԵԼ ԻՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ ԻՄ ԿՈՂՄԻՑ (ԻՆՁ ՀԱՄԱՐ) ԸՆՏՐՎԱԾ՝ ՀՀ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

13. ամսաթիվ

14. մասնակցի ստորագրություն

15. լիազորված անձի անուն, ազգանուն

16. լիազորված անձի ստորագրություն

       

Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից

Ներմուծեք նկարագրությունը_23710

 

Կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու դիմումի լրացման ուղեցույց

 

1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,

2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

5. «5. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

6. «6. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը,

7. «7. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

8. «8. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),

9. «9. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

10. «10. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

11. «11. բջջային հեռախոսի համար» վանդակում լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

12. «12. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,

13. «13. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի),

14. «14. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

15. «15. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում

16. «16. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի կողմից, ապա վանդակը չի լրացվում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: