ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«09» օգոստոս 2024 թ. |
N 256-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ (ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
09.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի օգոստոս «09»-ի N 256-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ (ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխպատվաստումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունում (այսուհետ` բժշկական հաստատություն) երիկամի դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողությունն ընդգրկում է համապատասխան մասնագետի կողմից բժշկական զննությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` վիրահատությունից հետո դուրսգրման 3-րդ, 6-րդ, 12-րդ և 24-րդ ամիսների վերջին շաբաթը, մասնավորապես.
1) մասնագիտական խորհրդատվություն և բժշկական զննություն.
2) զարկերակային ճնշման չափում՝ զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման նպատակով.
3) արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով.
4) արյան կենսաքիմիական հետազոտություն (կրեատինին, միզանյութ, նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր).
5) մեզի ընդհանուր հետազոտություն` սպիտակուցի որոշմամբ.
6) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն:
3. Բժշկական հաստատությունում երիկամի դոնորին խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո առնվազն 4-6 շաբաթվա ընթացքում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
4. Երիկամի դոնորի հետագա տարեկան հսկողությունն իրականացվում է իրեն սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունում (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)` տարեկան կանխարգելիչ այցի շրջանակներում և ընդգրկում է դոնորի բժշկական զննությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, մասնավորապես.
1) բժշկական զննություն.
2) զարկերակային ճնշման չափում՝ զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման նպատակով.
3) արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով.
4) արյան կենսաքիմիական հետազոտություն (կրեատինին, միզանյութ, նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր).
5) մեզի ընդհանուր հետազոտություն` սպիտակուցի որոշմամբ.
6) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն.
7) գլյուկոզի, լիպիդների, մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում` սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատման, ինչպես նաև քաշի խանգարումների և մետաբոլիկ խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով:
5. Բժշկական հաստատությունում լյարդի բլթի դոնորի շարունակական (դիսպանսերային) հսկողությունն ընդգրկում է համապատասխան մասնագետի կողմից բժշկական զննությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` վիրահատությունից հետո դուրսգրման 3-րդ, 6-րդ, 12-րդ և 24-րդ ամիսների վերջին շաբաթը, մասնավորապես.
1) մասնագիտական խորհրդատվություն և բժշկական զննություն.
2) արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով.
3) արյան կենսաքիմիական հետազոտություն`
ա. ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում.
բ. ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում.
գ. բիլիռուբինի որոշում.
դ. կոագուլոգրամմա.
4) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն:
6. Լյարդի բլթի դոնորի հետագա տարեկան հսկողությունն իրականացվում է իրեն սպասարկող ԱԱՊ հաստատությունում` տարեկան կանխարգելիչ այցի շրջանակներում և ընդգրկում է դոնորի բժշկական զննությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, մասնավորապես.
1) բժշկական զննություն.
2) արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով.
3) արյան կենսաքիմիական հետազոտություն.
ա. ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում.
բ. ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում.
գ. բիլիռուբինի որոշում.
գ. կոագուլոգրամմա.
4) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն:
7. Այն դեպքում, երբ երիկամի կամ լյարդի դոնորը ֆիզիկապես հնարավորություն չունի այցելելու բժշկական հաստատություն, սույն կարգի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված դոնորի մասնագիտական խորհրդատվությունը, բժշկական զննությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են դոնորին սպասարկող ԱԱՊ հաստատությունում, որի արդյունքները կցվում են դոնորի բժշկական փաստաթղթերին:
8. Սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դոնորի տարեկան կանխարգելիչ այցի շրջանակներում իրականացվում է նաև Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 13-ի N 40-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչի 20-րդ կետով նախատեսված առողջապահական հարցերով կրթում (առաջնային կանխարգելում):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2024 թվական: