Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2024
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2024
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 «14» հոկտեմբերի 2024 թ․

ԹԻՎ 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Սահմանել փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Վահե Ղազարյան

 

«14» հոկտեմբերի 2024 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2024 թվականի հոկտեմբերի 14-ի

N 14-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման և դրանց ղեկավարման կարգն ու առանձնահատկությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) փրկարարական աշխատանքներ - մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.

2) փլատակ - քանդված, ավերված, փլուզված շենք-շինությունների, բնակավայրերի մնացորդների կուտակումներ:

 

2. ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Փրկարարական աշխատանքների ղեկավարումը` փլատակներում փրկարարական աշխատանքների կազմակերպմանն, համակարգմանն, կառավարմանն և իրականացմանն ուղղված միջոցառումների համալիր է:

4. Փրկարարական աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի կողմից լիազորված պաշտոնատար անձը։

5. Փրկարարական աշխատանքների ղեկավարումն ուժերի և միջոցների արդյունավետ գործունեության համար ժամանակին անհրաժեշտ ուժերի ներգրավումն է, փրկարարական աշխատանքների անցկացումն առավելագույն սեղմ ժամկետներում և նվազագույն կորուստներով:

6. Փլատակներում փրկարարական աշխատանքների հիմնական խնդիրներն են`

1) տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, ստեղծված իրավիճակի գնահատումը, որոշումների ընդունումը.

2) իրավիճակի մշտական համակարգումը, կանխատեսման հնարավոր տարբերակների մշակումը.

3) ծավալի, բնութագրի և արդյունավետ տարբերակների որոշումը փրկարարական աշխատանքների ժամանակ, փոփոխությունների օպերատիվ ներդրումը` աշխատանքների սկզբնական փուլում.

4) երկրորդական խոցման գործոնների որոշումը, վտանգավոր տարածքի սահմանազատումը.

5) փրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների հաշվարկը.

6) փրկարարական աշխատանքների մասնակիցների միջև փոխգործողության ապահովումը և համակարգումը.

7) ընթացիկ աշխատանքների արդյունքների քննարկումը.

8) առաջադրանքների կատարման ստուգումը.

9) փրկարարական աշխատանքների վերջնական փուլի կազմակերպումը.

10) մարդկանց կյանքի և նյութական արժեքների փրկությունը.

11) փրկարարական աշխատանքների ղեկավարման կայունությունը և անընդհատությունը:

7. Փրկարարական աշխատանքների ղեկավարումը սկսվում է արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման պահից և շարունակվում է մինչև աշխատանքների լրիվ ավարտը:

8. Փրկարարական աշխատանքները ղեկավարող լիազորված պաշտոնատար անձի գործունեությունը հիմնվում է արտակարգ իրավիճակների վերաբերյալ մշտական ստացվող տեղեկատվության, փրկարարական աշխատանքների կատարման ընթացքի և արտակարգ իրավիճակների տարածքում տիրող պայմանների վրա:

9. Փրկարարական աշխատանքները ղեկավարող լիազորված պաշտոնատար անձի կողմից որոշումներն ընդունվում են քննարկման, մեծ ծավալով ստացված տեղեկատվության ընդհանրացման հիման վրա` հաշվի առնելով մարտավարական առաջադրանքները:

10. Փրկարարական աշխատանքները ղեկավարող լիազորված պաշտոնատար անձի կողմից որոշումներ մշակելուց և ընդունելուց հետո փրկարարների առջև դրվում է առաջադրանք, ցույց է տրվում փրկարարական աշխատանքներ անցկացնելու տարածքը, աշխատանքային խմբերը, մասնակիցների կազմը, փոխգործակցության պայմանները:

 

3. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ

 

11. Փլատակներում փրկարարական աշխատանքները սկսվում են օբյեկտի հետախուզումով, որի համար անհրաժեշտ է.

1) առանձնացնել արտակարգ իրավիճակի գոտին և որոշել նրա բնույթը.

2) որոշել տուժածների մոտավոր տեղը և նրանց ֆիզիկական վիճակը.

3) գնահատել շինությունների և կոնստրուկցիաների վիճակը արտակարգ իրավիճակի գոտում.

4) որոշել հրդեհավտանգ, պայթյունավտանգ, ռադիոակտիվ ու քիմիական վտանգ պարունակող հնարավոր հատվածները և օբյեկտները.

5) որոշել տուժածներին հասնելու և նրանց տարահանման համար միջանցիկ անցքերի բացման, ինչպես նաև տեխնիկական միջոցների տեղադրման ու օգտագործման հնարավոր հատվածները:

12. Նախօրոք իրականացվում է իրավիճակի ռիսկայնության և փրկարարական աշխատանքների նպաստավոր պայմանների վերլուծություն, բժշկական օգնության ցուցաբերման համար ծավալվում է ժամանակավոր բուժկետ, ապահովվում է փրկարարական աշխատանքներում ներգրավված փրկարարական ուժերի (այդ թվում և կամավորների) միջև հաղորդակցությունն (ռադիո և բջջային կապի միջոցով) ու անվտանգությունը (շնչադիմակ, հակագազ, ձեռնոց, սաղավարտ)։

13. Ժամանող փրկարարական ուժերը փլուզումներում փրկարարական աշխատանքներ սկսելուց առաջ պարտավոր են՝

1) դադարեցնել էլեկտրասնուցումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը.

2) ստուգել մնացած կոնստրուկցիաների, կախված տարրերի, պատերի վիճակը.

3) ստուգել ներքին շինությունները.

4) ստեղծել անվտանգ պայմաններ աշխատանքի համար.

5) որոշել տարահանման ուղիները։

14. Փլատակներում փրկարարական աշխատանքների անցկացման տեխնիկան իր մեջ ներառում է հետևյալ հիմնական փուլերը՝

1) Փուլ 1. իրավիճակի ուսումնասիրում և վերլուծություն: Շինությունների և կոնստրուկցիաների կայունության գնահատում: Փրկարարների աշխատանքի համար անվտանգ պայմանների կազմակերպում.

2) Փուլ 2. փլատակների մակերեսին գտնվող տուժածներին օպերատիվ կերպով առաջին օգնության ցուցաբերում.

3) Փուլ 3. տուժածների լիարժեք որոնում` օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները.

4) Փուլ 4. կառույցի մասնակի քանդում` օգտագործելով ծանր տեխնիկա, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար.

5) Փուլ 5. կառույցի ընդհանուր քանդում` բոլոր տուժածներին տարահանելուց հետո:

15. Փլատակներում փրկարարական աշխատանքների կազմակերպման ժամանակ կիրառվում են հետևյալ պայմանական նշանները`

1) ☐- շինությունն անվտանգ է որոնողափրկարարական աշխատանքներ անցկացնելու համար: Վնասվածքներն աննշան են: Հետագա քանդման հավանականությունը քիչ է.

2) - շինությունն ունի զգալի վնասվածքներ, որոշ գոտիներ անվտանգ են, մյուսները պահանջում են ամրացում կամ քանդում.

3) ☒- շինությունը վտանգավոր է որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար.

4) ← սլաքը քառակուսու կողքին ցույց է տալիս դեպի շինություն անվտանգ մուտքի ուղղությունը:

16. Փլատակներում տուժածների որոնումը իրականացվում է հետևյալ հիմնական միջոցներով` ականատեսների ցուցումներով, փնտրող շների միջոցով, հատուկ որոնող սարքերի միջոցով (անօդաչու թռչող կամ ռոբոտացված սարքեր, ջերմատեսիլ և ինֆրակարմիր տեսախցիկներ և այլ սարքեր):

17. Փրկարարական աշխատանքներ անցկացնելիս տուժածների կողմից տրված ձայնային նշաններ ստանալու համար փլատակներում կազմակերպվում է «լռության ժամ», փրկարարական աշխատանքները ղեկավարող լիազորված պաշտոնատար անձի հրամանով արտակարգ իրավիճակի տարածքում դադարեցվում են բոլոր աշխատանքները, կանգնեցվում է ճանապարհային երթևեկությունը, անջատվում են բոլոր աշխատող մեքենաներն ու մեխանիզմները: «Լռության ժամ»-ի տևողությունը պետք է կազմի 15-20 րոպե: Օրվա ընթացքում «լռության ժամ» կարող է հայտարարվել մի քանի անգամ: «Լռության ժամը» հայտարարվում է տեղում առկա վտանգների մանրակրկիտ գնահատման հիման վրա՝ փրկարարական աշխատանքների անցկացման տարածքում նոր փլուզումների սպառնալիքը չեզոքացնելուց հետո։

18. Հետախուզական և որոնողական աշխատանքների ընթացքում հեռացվում են փլատակները, որի համար կիրառվում է երկու մեթոդ` փլատակների հեռացում վերևից և միջանցքների փորում փլատակների մեջ: Միաժամանակ իրականացվում են տուժածների առաջին օգնության և տարահանման աշխատանքները:

19. Փլատակի հեռացումը վերևից իրականացվում է տուժածներին օգնելու համար, որոնք գտնվում են փլատակների վերին մասերում և դեպի նրանց կա ազատ թույլտվություն: Մեծ կամ ծանր առարկաներ բարձրացնելու կամ տեղաշարժելու համար օգտագործվում է փոքր մեխանիզացիա, բարձրացնող, ձգող, կտրող լայնացնող միջոցներ (հիդրավլիկ և մեխանիկական վերամբարձիչներ, ամբարձիչներ, ճախարակներ): Այս աշխատանքներում ներգրավվում են նաև պատկան մարմինների ուժերն ու միջոցները։ Անհրաժեշտ է բացառել փլատակների հանկարծակի տեղաշարժը, որը կարող է լրացուցիչ վնաս պատճառել տուժածներին: Ազատելուց հետո տուժածներին ցուցաբերվում է առաջին օգնություն և տեղափոխում անվտանգ վայր:

20. Միջանցքների փորումը փլատակների մեջ իրականացվում է տուժածներին օգնելու համար, որոնք գտնվում են փլատակների ներքին մասերում: Այդ նպատակով անհրաժեշտ է`

1) բացել հատուկ նեղ միջանցք՝ հաշվի առնելով դեպի տուժողը տանող ամենակարճ ճանապարհը.

2) միջանցքը բացել հորիզոնական, թեք և ուղղահայաց ուղղություններով՝ օպտիմալ լայնությունը` 0,8-0,9 մ, բարձրությունը` 0,9-1,0 մ.

3) միջանցքի բացելու գործընթացը կատարել մի քանի խմբերով (3-4 մարդ)` ձեռքով կամ գործիքներով.

4) քանդել փլատակը, պատրաստել և տեղադրել ամրացնող տարրերը, հեռացնել կրկին առաջացած բեկորները, ապաարգելափակել և փոխադրել տուժածներին.

5) միջանցքով փրկարարների տեղաշարժը կատարել չորեքթաթ, մեջքի վրա պառկած, փորի վրա պառկած կամ կողքանց.

6) խոշոր երկաթբետոնե, մետաղական, փայտյա, աղյուսային կոնստրուկցիաները շրջանցել, իսկ հնարավորության բացակայության դեպքում քանդել կամ անցք բացել դրանց մեջ.

7) միջանցքի պատերը հուսալի ամրացնել` օգտագործելով նախօրոք պատրաստված գործիքներ և նյութեր, բացառելու փլատակների հետագա փլուզումը, միջանցքների փորման և օգտագործման ընթացքում արգելել մարդկանց և տեխնիկայի շարժումը փլատակների վերին մասում.

8) կայունացնել անկայուն կոնստրուկցիաները ամրակապման միջոցով:

21. Փրկարարը տուժածին հայտնաբերելով`

1) որոշում է տուժածի վիճակը և նրա վնասվածքի աստիճանը.

2) ցուցաբերում է համապատասխան օգնություն.

3) մաքրում է բերանը և քիթը.

4) ընտրում է տուժածին ազատելու ձևը և փոխադրումը:

22. Տուժածին պետք է դուրս քաշել ձեռքերից, վերին ուսագոտուց կամ ձեռքերը անցկացնել ուսագոտու և իրանի տակից:

23. Փլատակի մեծ և ծանր կոնստրուկցիայի տակ գտնվող տուժածին պետք է ազատել ընդարձակիչ, ամբարձիչ, վերամբարձիչ տեխնիկայի միջոցով: Գետնին սեղմված տուժածին ազատել թունել փորելով:

24. Պետք է իմանալ սեղմումը սկսվելու ճիշտ ժամանակը՝ երկու ժամվա ընթացքում այդ վնասվածքի հետևանքները վտանգավոր չեն մարդու համար:

25. Մասնակի քանդված շենք-շինությունները պետք է ամրացնել հատուկ հարմարանքներով կամ քանդել: Քանդումը իրականացվում է 3 հիմնական միջոցներով` օգտագործելով.

1) գունդ-մուրճեր.

2) քաշող սարքեր (ճախարակ, տրակտոր, մեքենաներ).

3) պայթյուն.

4) փոքր մեխանիզացիայի միջոցներ:

26. Պայթեցման աշխատանքներն իրականացվում են սակրավորական խմբերի միջոցով: Պայթեցման համապատասխան աշխատանքներն իրականացվում են Կառավարության 2008 թվականի մարտի 6-ի թիվ 291-Ն որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան։

27. Մարդկանց թաքստոցներից դուրս բերելու համար փրկարարների խնդիրն է հանդիսանում՝

1) ստուգել և գնահատել թաքստոցի կառուցվածքային կայունությունը․

2) փնտրել փլված թաքստոցներ.

3) պարզաբանել իրավիճակը թաքստոցի ներսում՝ մարդկանց քանակը, վիճակը, թաքստոցի վնասվածության աստիճանը, ջրի, սննդի և դեղորայքի քանակությունը.

4) կազմակերպել դեպի թաքստոց օդի, ջրի, սննդի, դեղորայքի, պաշտպանիչ միջոցների մատակարարումը.

5) բացել թաքստոցները, տուժածներին տարհանել և ցուցաբերել օգնություն.

6) տուժածների հետ հաստատել կապ (ձայնով, թակելով, ռադիո կամ հեռախոսային կապով).

7) հեռացնել և ազատել դռների, դիտահորերի, օդապարիսպային խողովակների գտնվելու տեղերը.

8) բացվածքներ անել պատի կամ թաքստոցի վրա օդ, ջուր, սնունդ, դեղորայք տալու համար.

9) բացվածքները ընդարձակելուց հետո տարհանել մարդկանց:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան