Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2024
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«30» հուլիսի 2024 թ.
քաղ. Երևան

N 444-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ՝

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 3-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« III. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

14. Կառավարիչների վերապատրաստումն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը՝ 45 րոպե: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով վերապատրաստման դասընթացների` առկա կամ հեռավար ուսուցման ձևով կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը կամ անցկացումը կարող է հետաձգվել կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ` համաձայնեցնելով նախարարության հետ: Սույն դեպքում վերապատրաստման դասընթացները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո:

15. Այն դեպքում, երբ տվյալ տարվա համար նախատեսված վերապատրաստման դասընթացները սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դեպքում անցկացվել (շարունակվել) և ավարտվել են հաջորդ տարվա ընթացքում, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված պահանջներին համապատասխան վերապատրաստված կառավարիչները համարվում են նախորդ տարվա համար նախատեսված պարտադիր վերապատրաստումներն անցած:

16. Վերապատրաստման դասընթացներին մասնակցող կառավարիչների խմբերում անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը նախարարության հետ համաձայնեցմամբ կարող է կատարել փոփոխություններ, եթե կառավարչի կողմից ներկայացվել է գրավոր պատճառաբանված միջնորդություն՝ նախապես սահմանված խմբում վերջինիս կողմից վերապատրաստումն անցնելը բացառող հարգելի հանգամանքների մատնանշմամբ:

17. Կազմակերպությունը պատասխանատու է վերապատրաստման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ կառավարիչների ծանուցումն ապահովելու համար:

18. Վերապատրաստումն իրականացվում է առկա կամ հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման ձևով: Վերապատրաստման դասընթացի անցկացման ձևը որոշում է կազմակերպության դիտորդ խորհուրդը՝ համաձայնեցնելով նախարարության հետ: Դասընթացի առկա և հեռավար ձևերը կարող են զուգակցվել: Վերապատրաստումները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:

19. Սույն կարգի իմաստով առկա ձևով կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում) կառավարիչների խմբով՝ կառավարիչների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:

20. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է կառավարիչների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:

21. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցմամբ անցկացնելու մասին որոշումը դիտորդ խորհրդի կողմից, որպես կանոն, կայացվում է վերապատրաստման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ` այն նախապես համաձայնեցնելով նախարարության հետ: Դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին վերապատրաստում անցնող կառավարիչները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

21.1. Վերապատրաստման դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացվելու մասին որոշում կարող է ընդունվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում: Այդ դեպքում կազմակերպության դիտորդ խորհուրդը պարտավոր է մինչև որոշում ընդունելը նախապես տեղեկացնել նախարարությանը դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու անհրաժեշտության հիմքերի և ժամկետների վերաբերյալ և ստանալ նախարարության համաձայնությունը:

21.2. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացները անցկացվում են նախապես սահմանված վերապատրաստման ծրագրին համապատասխան։ Սույն հավելվածով նախատեսված առկա դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները կիրառվում են հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ, եթե դրանք չեն հակասում սույն հավելվածով նախատեսված հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման առանձնահատկություններին:

21.3. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, կառավարիչներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է կառավարիչների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:

21.4. Այն դեպքում, երբ դասընթացը հնարավոր է անցկացնել առկա և հեռավար ձևերի զուգակցմամբ, ապա վերապատրաստման դասընթացին կառավարիչները կարող են հեռավար եղանակով միանալ նախապես գրանցվելուց հետո: Դասընթացին հեռավար ձևով մասնակցելու (գրանցվելու) համար կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան դասընթացը սկսելուց երկու օր առաջ այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնել կազմակերպությանը։

21.5. Հեռավար ուսուցմամբ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար դասընթացավարը կառավարիչների ներկայության ստուգումն իրականացնում է ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում վերապատրաստվող կառավարիչների ներկայությունը տեսախցիկի առջև պարտադիր է, կառավարիչները պարտավոր են դասընթացի ժամանակ բացառել կողմնակի ձայները (աղմուկը), դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով: Սույն կետով սահմանված պարտականությունները կամ պայմանները չկատարելու կամ չպահպանելու դեպքում, կառավարչի կողմից հեռավար վերապատրաստման դասընթացին մասնակցությունը չի հաշվարկվի որպես պարտադիր վերապատրաստման ժամ։

21.6. Կազմակերպությունը վարում է վերապատրաստում անցնող կառավարիչների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում կառավարիչների ներկայության կամ բացակայության մասին: Հաճախելիության մատյանները (պատճենները) կամ դրանց քաղվածքները կազմակերպությունը նախարարության պահանջով տրամադրում է նաև վերջինիս:

21.7. Վերապատրաստման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նաև նախարարության կամ կազմակերպության ներկայացուցիչը: Հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար էլեկտրոնային հարթակին միանալու էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն:

21.8. Վերապատրաստման դասընթացներն առկա ուսուցմամբ անցկացվելու դեպքում կառավարիչը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում՝ նշելով դասընթացին հաճախելու ամսաթիվը: Մատյանի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար մատյանում ստորագրում է նաև դասընթացավարը, իսկ ներկա գտնվելու դեպքում՝ նաև կազմակերպության կամ նախարարության ներկայացուցիչը:

21.9. Վերապատրաստման դասընթացներն հեռավար ուսուցմամբ անցկացվելու դեպքում դասընթացի յուրաքանչյուր օրվա ավարտից հետո դասընթացավարի կողմից կազմված և ստորագրված՝ դասընթացին մասնակցած կառավարիչների ցուցակը ոչ ուշ, քան հաջորդ օրը ուղարկվում է կազմակերպություն՝ հաճախելիության մատյանում դրանք լրացնելու համար: Հաճախելիության մատյանները ստորագրում է կազմակերպության ներկայացուցիչը՝ կցելով նաև դասընթացավարների կողմից ուղարկված ցուցակները: ».

2) Հավելվածի 25-րդ կետում «դպրոցում» բառը փոխարինել «ակադեմիայում» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

7/30/2024

Գ. Մինասյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2024 թվական: