Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 դեկտեմբերի 2016 թվականի N 53
36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 |
հայեցակարգ
Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման
Հայաստանի հանրապետության էներգետիկ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ բնական պաշարների ՆախարարությՈՒՆ
ԵՐԵՎԱՆ - 2016
1.ամփոփ համառոտագիր
1. Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգը (Հայեցակարգ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի № 131-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի:
2. Հայեցակարգում համառոտ կերպով մատնանշվում են հայեցակարգի նպատակը, ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը, զարգացման ընթացքը և որոշ կանխատեսումային արդյունքներ:
3. Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հանդիսանում հիդրոէներգետիկան, ՀՀ կառավարության գերակայություններից է: Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, այդ թվում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցումը և թիրախային այլ ցուցանիշները ամրագրվել են ՀՀ մի շարք իրավական ակտերում: Այդ իսկ պատճառով Հայեցակարգում ներկայացված են ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը:
4. Հիդրոէներգետիկայի զարգացման տեսլականը Հայեցակարգում ներկայացված է նաև Էլեկտրաէներգետիկ համակարգում (ԷԷՀ) կարգավարման առանձնահատկությունների համատեքստում:
5. Սահմանված են հիդրոէներգետիկայի հետագա զարգացման առավելություններն` հիդրոէներգետիկ պաշարները, արդեն գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը և ոլորտում առկա կարգավորումները:
2. Ներածություն
6. Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) գործնականում բացակայում են հանածո ածխաջրածիններ: Ներկայումս ՀՀ-ում էլեկտրական էներգիան արտադրվում է հիմնականում ատոմային, ջերմային և հիդրո էլեկտրակայանների կողմից: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից վերոհիշյալ տարբերակված համակարգային կառուցվածքը համարվում է բավականին կայուն և հավասարակշռված: Այնուամենայնիվ, այս կայունությունը երաշխավորված չէ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածների համար: Քննարկվող զարգացման սցենարները պետք է հնարավորինս հաշվի առնեն երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ռիսկերը և նախատեսեն գործողություններ՝ ուղղված այդ ռիսկերի նվազեցմանը:
7. ՀՀ կառավարության նպատակներից է էներգակիրների մատակարարման ուղիների և արտադրության դիվերսիֆիկացիայի միջոցով ապահովել ՀՀ էներգետիկ անվտանգությունը, նաև տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործմամբ: Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (ԷԲՊՆ) մշակում է էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ապահովման քաղաքականությունն ու ռազմավարությունը:
8. Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կբարձրացնի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանը:
9. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկի կանոնավոր և որակով ապահովման համար անհրաժեշտ է առավելագույնս և արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ պաշարները: Ոլորտում առկա աշխատանքները ներառում են` մասնավոր փոքր ՀԷԿ-երի շարունակական զարգացումը, առկա խոշոր ՀԷԿ-երի վերազինումը և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցումը:
3. նախապատմություն
10. Հիդրոէներգետիկայի զարգացման համար Հայաստանի Հանրապետությունում ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որտեղ ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը, նախանշվել են ռազմավարական ծրագրերը և նորմավորվել է կարգավորող դաշտը:
11. Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերն են.
- «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;
- «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը;
- ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին» NՆԿ-182-Ն կարգադրությունը,
- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը հաստատելու մասին» № 1296-Ն որոշումը;
- ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի <<Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումը ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր ժամանակացույցը հաստատելու մասին>> № 836-Ն որոշումը;
- ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի նիաստի № 24 արձանագրության թիվ 1 կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը;
- ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի նիստի №2 արձանագրության թիվ 9 կետով հավանության արժանացած «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը;
- ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի նիստի № 35 արձանագրության թիվ 12 կետով հավանության արժանացած «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշում:
- ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի նիստի № 54 արձանագրության թիվ 13 կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիներին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը:
4. խնդիրներ, նպատակներ և առաջարկվող լուծումներ
12. Ստորև բերվում են հիդրոէներգետիկայի զարգացման հայտնաբերված խնդիրները, առաջարկվող լուծումները կամ զարգացման ընթացքը և որոշ կանխատեսումային արդյունքները (նպատակները):
ՀԷԿ-երում սարքավորումների ոչ բարվոք վիճակը.
13. Երկու գոյություն ունեցող «Սևան-Հրազդան» և «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրների սարքավորումները երկար տարիների շահագործման արդյունքում ֆիզիկապես և բարոյապես մաշվել են: Դրանք ՀՀ-ում սահմանված կարգով պետք է վերականգնվեն ու վերազինվեն: «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի զարգացման ներդրումային ծրագիրը արդեն հավանության է արժանացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Իսկ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի նոր սեփականատերը պարտավորություն է ստանձնել վերազինել այն:
14. Հայաստանի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումները` հիդրոտուրբինա, գեներատոր, տրանսֆորմատոր և/կամ դրանց կառավարման համակարգերը, ներառյալ ավտոմատ կառավարման համակարգերը (այսուհետ` սարքավորումներ) հիմնականում ներկրվում են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից` որոնց կիրառման համար ՀՀ-ում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ: ՓՀԷԿ-երի զգալի մասը տեղադրում է չարտոնագրված, համեմատաբար էժան սարքավորումներ, այդ թվում հայրենական արտադրության: Վերոգրյալը հանգեցնում է Հանրապետության հիդրոէներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ: 2015 թվականին ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է ԵԱՏՄ «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարել լրացումներ և փոփոխություններ: Առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ: Ակնկալվում է, որ Տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում հասնել ՓՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացմանը ընդհանրապես: Մասնավորապես, զգալիորեն կբարձրանա ՀՀ էներգետիկ համակարգի կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև հայրենական սարքավորումներ արտադրողների իրազեկվածության մակարդակը` հետագա արտահանման հնարավորությամբ, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի կայուն և որակյալ էլեկտրական էներգիա, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ: ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների վերաբերյալ կիրառելի ստանդարտների և տեխնիկական պահանջների սահմանումը կբերի նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող ՓՀԷԿ-երում ջրային ռեսուրսների օգտագործման և էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետության զգալի բարձրացման: Անհրաժեշտ է նաև գործող ՓՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգ/եր` մասնավոր ներդրումների, միջազգային ֆինանսավորող կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
15. Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ռազմավարական մի շարք փաստաթղթերով պայմանավորված միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում հիդրոէներգետիկ հզորությունների ներառման կանխատեսումային արդյունքները (հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) ներուժի ներառումը կդիտարկվի էլեկտրաէներգետիկ համակարգի հզորությունների ներառման ընդհանուր պլանում):
Հզորությունների ներառման պլան, ՄՎտ
Էլեկտրակայան |
2015 |
2018 |
2021 |
2023 |
2027 |
2030 |
2033 |
2037 |
«Լոռիբերդ» ՀԷԿ |
66 |
66 |
66 |
66 |
66 | |||
«Մեղրի» ՀԷԿ |
130 | |||||||
«Շնող» ՀԷԿ |
75 |
75 |
75 |
75 |
75 | |||
ՓՀԷԿ-եր |
311 |
361 |
400 |
400 |
400 |
400 |
400 |
400 |
«Սևան-Հրազդան» ՀԷԿՀ |
560 |
560 |
560 |
560 |
560 |
560 |
560 |
560 |
«Որոտան» ՀԷԿՀ |
404 |
404 |
404 |
404 |
404 |
404 |
404 |
404 |
Ընդամենը |
1275 |
1325 |
1364 |
1505 |
1505 |
1505 |
1505 |
1635 |
16. Հաշվի առնելով մոտ տարիներին հին և ոչ արդյունավետ ջերմային բլոկերի շահագործումից դուրս բերումը (մինչև 2018թ.) և ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման միջպետական համաձայնագրի շրջանակներում պարտավորությունները՝ էլեկտրաէներգետիկ համակարգը ներքին պահանջարկից գրեթե երկու անգամ ավելի մեծ, նոր արտադրող հզորությունների կարիք կունենա: Այս պարտավորություններին պետք է անդրադառնալ վերանայման նպատակով՝ հաշվի առնելով վերջին տարիների տնտեսական զարգացումները և տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման ծրագրերի իրականացման ժամկետները, սակայն սա պետք է անել զարգացման արդեն ձևավորված հստակ տեսլականի շրջանակներում: Այնուամենայնիվ, բոլոր քննարկվող ուղիներում ՀԷԿ-երի կառուցումը համարվում են նվազագույն ծախսերով իրականացվող ծրագրեր:
17. Նվազագույն ծախսերով վերոհիշյալ ծրագրերի իրականացումը ապահովելու համար և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ է «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ծրագրերի վերաբերյալ չկան նշանակալից զարգացումներ, ինչպես նաև ներդրումային դաշտը ավելի գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտ է կիրառել պետություն-մասնավոր համագործակցության տարբերակները և ներդրողների ռիսկերը նվազեցնելու նպատակով օրենսդրորեն ամրագրել որոշակի երաշխիքներ, մասնավորապես արտադրվող էլեկտրական էներգիայի իրացման երաշխիքային ժամկետի սահմանում (որպես նախադեպ հնարավոր է ընդունել փոքր ՀԷԿ-երի համար սահմանված երաշխիքը), հողօգտագործման իրավունքի ապահովում և այլն: ՀՀ կառավարությունը «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցումը դիտարկում է միայն օրվա կարգավորման ջրամբարների առկայությամբ, իսկ դերիվացիայի համար ընտրում է թունելի տարբերակը: Այդ որոշումների համար հաշվի են առնվել բնապահպանական, ֆինանսատնտեսական և համակարգում էլեկտրական էներգիայի մատակարարման ռեժիմային առանձնահատկությունները:
18. Կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիության հետ կապված խնդիրները դիտարկվում և համադրվում են ՀՀ կառավարության կողմից հաստատվող ջրավազանային կառավարման պլանների շրջանակներում:
Հիդրոէներգետիկայի զարգացումը էլեկտրաէներգետիկ համակարգում (ԷԷՀ) կարգավարման առանձնահատկությունների համատեքստում.
19. Հանրապետությունում անցած տասնամյակների ընթացքում իրականացվել էին ՀԱԿ-ին նվիրված որոշակի ուսումնասիրություններ: Մասնավորապես, դիտարկվել էին տարբեր դրվածքային հզորություններով ՀԱԿ-երի տեղակայման մոտ մեկ տասնյակ հնարավոր հարթակներ: Սակայն, բոլոր այդ ուսումնասիրությունների որոշ դրույթներ այլևս արդիական չէին, իսկ ոմանք հիմնված էին հնացած տեխնիկատնտեսական ելակետային տվյալների վրա: Բացի այդ, 2001 թվականից սկսված ամբողջությամբ փոփոխվել էր համակարգի սակագնային և կարգավորման քաղաքականությունը, ի հայտ էին եկել նոր` նախկինում նախադեպը չունեցող խնդիրներ` թե արտադրության և սպառման ոլորտներում, թե էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքերի առումով:
20. 2009 թվականին ԷԲՊՆ-ի նախաձեռնությամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ, «Էնտեխ» ՍՊԸ և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ համագործակցության շրջանակներում պատրաստվել է «Հայաստանի և տարածաշրջանի շուկաների համար պիկային հզորությունների արտադրության, հիդրոներուժի գնահատման համատեքստում ՀԱԿ-ի առկայության անհրաժեշտության հիմնավորում և աշխատանքային ռեժիմների ուսումնասիրում» հաշվետվությունը:
21. Վերոհիշյալ աշխատանքների շրջանակներում համալիր կերպով գնահատվել են Հանրապետությունում ՀԱԿ-ի կառուցման անհրաժեշտությունը, ելնելով Հանրապետության և տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի և էներգետիկական համակարգերի զարգացման միտումներից:
22. Մասնավորապես կատարվել են հետևյալ ուսումնասիրությունները.
1) Հայաստանում ՀԱԿ-ի տեղակայման անհրաժեշտության որոշակիացում, դրա հիմնական հարաչափերի որոշում (դրվածքային հզորություն, աշխատանքային պոմպային և գեներատորային ռեժիմներ);
2) ՀՀ էլեկտրական կայանների և ամբողջական ԷԷՀ-ի աշխատանքային ռեժիմների արդյունավետության վրա ՀԱԿ-ի ազդեցության վերլուծություն;
3) ՀԱԿ-ի առկայությամբ պայմանավորված սակագնային խնդիրների դիտարկում:
23. Այնուհետև կատարվել են հետևյալ եզրակացությունները.
24. Վերջին տասնամյակի զարգացումների հետևանքով Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ոլորտը ապրել է էական զարգացում: Շոշափելիորեն փոխվել և էականորեն փոխվելու են սպառման և արտադրության ռեժիմային բնույթները, աճել է, և շարունակում է աճել էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքը: Այս հանգամանքներում հատկապես կարևոր են դառնում Հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի բավարար ճկունության, առավելագույն ու նվազագույն բեռի հուսալի և արդյունավետ ծածկման ապահովման խնդիրները: Հաշվի առնելով առկա էլեկտրական էներգիայի տարածաշրջանային փոխհոսքերի, սպառման զգալի ավելացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և այլ միտումները` կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում հզորությունների անհրաժեշտ կարգավարման տիրույթը կգերազանցի ներկայումս առկա հնարավորությունները: Ուստի, միջնաժամկետ հեռանկարում Հանրապետությունում պիկային արտադրող լրացուցիչ այնպիսի հզորությունների անհրաժեշտություն կառաջանա, որոնք կունենան կարգավարման համար անհրաժեշտ առանձնահատկություններ:
25. Այս առումով իր դերակատարումը կարող է ունենալ հիդրոռեսուրս օգտագործող ՀԱԿ-ի առկայությունը: ՀԱԿ-ի առկայության պայմաններում նոր ԱԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի ու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի բեռնումը ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի բնական գազի պահանջարկի լիովին բավարարումը Իրանից ներմուծվող բնական գազի հաշվին և առաջացնում է իրանական գազի ավելցուկ, որը կարող է օգտագործվել այլ ոլորտներում` գազի պահանջարկի բավարարման համար: ՀԱԿ-ի առկայությունը կարող է զգալի նպաստել Հայաստանի էներգահամակարգի ստատիկ և դինամիկ կայունության ապահովմանը վթարային ռեժիմներում, ինչպես նաև նվազագույն բացասական ազդեցությամբ կարգավարել էլեկտրաէներգետիկ համակարգում ռեժիմային առանձնահատկությունները` վերականգնվող էներգետիկայի սրընթաց զարգացման պարագայում, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ` միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի խափանման դեպքում, ՀԱԿ-ի դերը և նշանակությունը լինելու է բացառիկ:
26. Հաշվարկվել է ՀԱԿ-ի հաշվարկային հզորությունը, որը պոմպային (հզորության սպառման) ռեժիմում կազմում է 200 ՄՎտ և տուրբինային (հզորության արտադրության) ռեժիմում` 150 ՄՎտ:
27. ՀԱԿ-ի կառուցվածքների տեղադրման սխեմայի ընտրության և հիմնական ցուցանիշների որոշման ժամանակ հաշվի են առնվել տեղանքի տեղագրական և երկրաբանական պայմանների նպատակահարմարությունը և ներքին ջրավազանի առկայությունը` ժամանակակից շրջադարձային ագրեգատների մոնտաժման համատեքստում:
28. Խորհրդատուների կողմից առաջարկվել են հետևյալ երեք տարբերակները.
Աղբյուրակ ՀԱԿ |
Տոլորս ՀԱԿ |
Շամբ ՀԱԿ | ||
Ստատիկ ճնշում |
մ |
355,0 |
383,5 |
416,6 |
Հաշվարկային ճնշում` |
|
|
|
406,5 |
Հաշվարկային ելք` |
|
|
|
|
Հաշվարկային հզորություն` |
|
|
|
|
5. առավելություններ
29. Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի հետագա զարգացման համար առավելություններն են` հիդրոէներգետիկ պաշարները, արդեն գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը և ոլորտում առկա կարգավորումները:
Գնահատված պոտենցիալը
30. ՀՀ-ում առկա հոսող ջրային ռեսուրսների զգալի մասը ձևավորվում են Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Ախուրյան, Որոտան, Հրազդան, Արփա, Սևանա լիճ լցվող գետերի և ևս մոտ 9.5 հազար միջին և փոքր գետերի և գետակների հիմքի վրա: Մեր երկրի լեռնային արագահոս գետերը բնութագրվում են սեզոնային խիստ փոփոխականությամբ և հիմնականում ջրառատ չեն: Հայաստանի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են մոտ 21,8 մլրդ.կվտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության համարժեքով, այդ թվում խոշոր և միջին գետեր՝ 18,6 մլրդ.կվտժ և փոքր գետեր՝ 3,2 մլրդ.կվտժ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն հիդրոէներգետիկայի զարգացման համար տեխնիկապես հասանելի և տնտեսապես հիմնավորված հիդրոէներգետիկ տարեկան ներուժը գնահատվել է 6.5 մլրդ. կվտժ (հաշվի առնված չի հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) ներուժը):
31. Տեխնիկապես հասանելի և տնտեսապես հիմնավորված ամբողջ հիդրոէներգետիկ ներուժի իրացումը հնարավոր է ապահովել օգտագործելով երկու գոյություն ունեցող «Սևան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրները, կառուցելով երեք նոր միջին հզորության ՀԷԿ-եր և յուրացնել փոքր ՀԷԿ-երի ամբողջ ներուժը:
Գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը
Հայաստանի խոշոր ՀԷԿ-երը.
32. Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից առավել օգտագործվում են հիդրոպաշարները:
33. 2016 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի ՀԷԿ-երի ընդհանուր տեղակայված հզորությունը կազմել է մոտ 1275 ՄՎտ:
34. Հայաստանում գործող հիմնական ՀԷԿ-երը`
«Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրը. «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի (34 ՄՎտ), Հրազդանի (81 ՄՎտ), Արգելի (224 ՄՎտ), Արզնիի (70 ՄՎտ), Քանաքեռի (100 ՄՎտ), Երևան-1-ի (44 ՄՎտ) և Երևան-3-ի (5 ՄՎտ) ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է շուրջ 560 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ.կվտժ, իսկ 2003-2015թթ. միջին փաստացի արտադրանքը՝ 0,5 մլրդ.կվտժ: ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից հոսող ոռոգման և Հրազդան գետի վտակների ջրերը: «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի համալիրի ռեժիմները հիմնականում պարտադրված են, և արտադրության հիմնական մասնաբաժինն ընկնում է ոռոգման սեզոնին:
«Որոտան» ՀԷԿ-երի համալիրը. «Որոտան» հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է 3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում եւ օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Հիդրոէլեկտրակայանների համալիրը կազմված է` Սպանդարյան (76 ՄՎտ), Շամբ ( 171 ՄՎտ) և Տաթև ( 157 ՄՎտ) ՀԷԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է շուրջ 404 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ.կվտժ, իսկ 2003-2015թթ. միջին փաստացի արտադրանքը՝ 1,1 մլրդ.կվտժ:
Հայաստանի փոքր ՀԷԿ-երը.
35. Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:
36. Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ: ՓՀԷԿ-եր են համարվում մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանները:
37. ՀՀ-ում ՓՀԷԿ-երի զարգացման համար ՀՀ կառավարությունը տարբեր տարիներին ընդունել է թիրախային համապատասխան ցուցանիշներ: ՀՀ կառավարության 2009 թվական. հունվարի 22-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային» հավանություն տալու մասին թիվ 3 արձանագրային որոշման կետ 3-ի համաձայն նախատեսվել է կառուցել 126 փոքր ՀԷԿ մոտ 147 ՄՎտ նախագծային գումարային դրվածքային հզորությամբ, տարեկան արտադրանքը՝ 540 մլն.կվտժ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայում» ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ-երը կարող են կառուցվել, նաև բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքերի համար սահմանվող ավելի խիստ պահանջները ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաև այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորության ընդհանուր ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ, իսկ տարեկան արտադրանքը գնահատել` շուրջ 1,0 մլրդ. կվտժ:
38. 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 173 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 312 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի գնահատված միջին տարեկան օգտակար առաքումը՝ 830 մլն.կվտժ: 2015 թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ 837 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7798 մլն.կՎտժ) մոտ 11% է:
39. Ըստ տրամադրված լիցենզիաների 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 47 ՓՀԷԿ, նախագծային մոտ 94 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ և 320 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:
40. Այսպիսով, կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երը նախանշված ցուցանիշներով շահագործման հանձնելուց հետո, ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կհասնի մոտ 401 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ շուրջ 1,2 մլրդ. կվտժ:
41. Վերջին տարիներին ընդունվել է ՓՀԷԿ-երից գնվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման նոր մեթոդիկա և դյուրացվել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման գործընթացը:
Նոր միջին հզորության ՀԷԿ-երը.
42. Ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մնում են չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը:
Նախատեսվում է կառուցել`
ՀԷԿ |
Ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն |
Արաքս գետի վրա` |
2010 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարությունը պայմանագիր ստորագրեց իրանական համապատասխան ընկերության հետ` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով իրականացնելու վերաբերյալ: Սակայն պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ բուն շինարարությունը չի սկսվել: |
Դեբետ գետի վրա` |
Շնող ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու տարբերակով` թողարկումը 2023թ.: |
Ձորագետ գետի վրա` |
Եվրամիության կողմից իրականացված ծրագրի շրջանակներում Ֆիխտներ ընկերությունը պատրաստել է տեխնիկա-տնտեսական հիմնավորում: 2007թ. փետրվարին նույն ընկերությունը իրականացրել է գների հաշվարկի նորացում: |
43. Որոշում է կայացվել «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման համար իրանական կողմի հետ համատեղ ներգրավել նաև այլ ներդրողներ:
44. «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երը կառուցվելու են Հայաստանի հյուսիսային մասում, որտեղ առկա չեն նշանակալի արտադրող հզորություններ, և դրանով իսկ ծառայելու են ինչպես Հայաստանի հյուսիսային տարածքների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, այնպես էլ ապագայում Հայաստանի ու Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովմանը:
Ոլորտում կարգավորումները.
45. Փոքր հիդրոէներգետիկան Հայաստանում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկն է ու վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակա ճյուղ: Հիդրոէներգետիկան էկոլոգիապես մաքուր է ու միտված է շրջակա միջավայրի պահպանմանը՝ ապահովում է CՕ2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատում: ՀՀ կառավարությունը հիդրոէներգետիկայի զարգացումը դիտարկում է շրջակա միջավայրին նվազագույն բացասական ազդեցության ենթատեքստում:
46. ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է ջրօգտագործման առաջնայնությունները` բնապահպանական նպատակներով, խմելու-կենցաղային նպատակներով, ոռոգման նպատակներով, այնուհետև էներգետիկ նպատակներով ջրօգտագործումը: Իրավասու մարմինը համապատասխան ծավալների ջրօգտագործման թույլտվությունները տալիս է գնահատելով նաև այդ առաջնայնությունները:
47. ՀՀ-ում կիրառվում են բարենպաստ խթանող մեխանիզմներ` ՓՀԷԿ-երի կառուցման ոլորտում մասնավոր ներդրումները ապահովելու համար: Մասնավորապես անհրաժեշտ է նշել, որ 2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն ամբողջ էլեկտրական էներգիան, որը արտադրվել է ՓՀԷԿ-երի կողմից, ենթակա է պարտադիր գնման շուկայի կանոններով սահմանված կարգով (ինչպես նաև հաստատված սակագներով)` 15 տարվա ընթացքում:
48. Մեծ դեր է խաղացել նաև միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող արտոնյալ վարկերի մատչելիությունը ներդրողների համար:
6. ֆինանսական գնահատական
49. Սույն հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծման համար չեն նախորդել իրականացված քայլեր` ՀՀ պետական բյուջեից դրանց լուծման համար ֆինանսական ռեսուրսների հատկացմամբ:
50. Սույն հայեցակարգով առաջարկվող տարբերակների իրականացման դեպքում բացասական հետևանքներ չկան, իսկ ֆինանսական գնահատականներով արտահայտված ռիսկեր չեն հայտնաբերվել:
51. Սույն հայեցակարգով առաջարկվող լուծումների համար ֆինանսական գնահատականները (ակնկալվող արդյունքը), ծախսերի և օգուտների վերլուծությունը և վերստուգելի չափանիշները (առաջարկվող միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշները) կսահմանվեն Հայեցակարգի ընդունմանը հաջորդող առանձին ծրագրերի և միջոցառումների մշակման ժամանակ:
7. ամփոփ եզրակացություն
52. Սույն հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը: Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է նախ սահմանի գործողությունների և միջոցառումների իրականացման ժամանակացույց` հիդրոէներգետիկայի զարգացման ազգային թիրախների ամրագրման, ներդրումային գրավիչ դաշտի ապահովման և պետություն մասնավոր համագործակցության գործնական քայլերի կիրառման համար: Այդ ժամանակացույցը պետք է ենթադրի նաև ցուցանիշների և գործողությունների պարբերական վերանայում ու ճշգրտում, իրականացման վերահսկում և մոնիթորինգ, ինչպես նաև պատշաճ մակարդակով հանրային իրազեկում:
53. Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2036 թվականը, առկա են լինելու բավարար արտադրական հզորություններ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ծածկման համար: Այս հանգամանքը թույլ է տալիս դիտարկել տարբերակ, որում ՀԱԿ-ը հանդես կգա որպես արտաքին շուկաների բեռնվածքի գրաֆիկի պիկային մասը ծածկող էլեկտրակայան, ինչպես նաև գիշերային մինիմումի բարձրացման գործիք: Էներգետիկայի տնտեսագիտության տեսությունում հիմնավորվում է և միջազգային պրակտիկայում լայն կիրառվում է պիկային հզորության դրույքաչափի բարձր արժեքը: Այսպիսի մոտեցման կիրառումը կարող է էապես նպաստել ներքին շուկայում էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցմանը և/կամ հավասարակշռմանը: