Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (31.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» հունիս 2024 թ.

N 193-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» N 3.1.1-004-24 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության կանխարգելում» N 3.1.1-004-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

 

19.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2024 թվականի հունիս «20»-ի

N 193-Ն հրամանի

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» N 3.1.1-004-24 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություններ), անասնաբուժական գործունեություն իրականացնող և տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, անասնապահական ֆերմաների և տնտեսությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են սիբիրյան խոց հիվանդության դեպքերի հայտնաբերմանը, հաղորդմանը, հաշվառմանը, ախտահանման և հակահամաճարակային միջոցառումներին, հիվանդությունից մահացած մարդկանց հուղարկավորությանը ներկայացվող պահանջներ:

 

ԳԼՈՒԽ 2. ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Սիբիրյան խոցով հիվանդ պացիենտների հայտնաբերումը իրականացվում է բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ կլինիկական վիճակի, համաճարակաբանական իրավիճակի և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա:

4. Սիբիրյան խոցով հիվանդ պացիենտների հայտնաբերումը իրականացվում է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի N 31-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հունվարի 11-ի N 02-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի N 258-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 301-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի N 325-Ն համատեղ հրամանով սահմանված ստանդարտ բնորոշումների համաձայն:

5. Սիբիրյան խոց հիվանդության ախտորոշման նպատակով հիվանդ կամ հիվանդության կասկածով մարդկանցից վեզիկուլների, կարբունկուլների, խոցերի, կեղևների, խորխի, արյան, ողնուղեղային հեղուկի, մեզի կամ կղանքի նմուշի տեղափոխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի համաձայն:

6. Սիբիրյան խոցով հիվանդ կամ հիվանդության կասկածով մարդկանցից նյութի նմուշառումն իրականացվում է մինչև հատուկ բուժման մեկնարկը` բժշկական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 18-ի N 2234-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի օգոստոսի 1-ի N 189-Ա համատեղ հրամանի համաձայն:

7. Սիբիրյան խոց հիվանդության, այդ թվում՝ նաև հիվանդության կասկածով դեպքերը, անհատապես հաշվառվում և հաղորդվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 35-Ն հրամանի:

8. Սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշը (անամնեզը), գրանցվում են բժշկական փաստաթղթերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի N 02-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանների:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ

 

9. Սիբիրյան խոցով հիվանդ և հիվանդության կասկածով կենդանիների խնամքով զբաղվողները պետք է կրեն անհատական պաշտպանիչ միջոցներ, որոնք պետք է լվացվեն և ախտահանվեն ախտահանիչ միջոցներով, ապահոված լինեն անձնական հիգիենայի պարագաներով։

10. Սիբիրյան խոցով հիվանդ և հիվանդության կասկածով կենդանիների խնամքով, հումքի վերամշակմամբ զբաղվող անձանց, ովքեր ունեն քերծվածքներ, վերքեր կամ վնասված է ձեռքերի, դեմքի և մարմնի այլ բաց հատվածների մաշկը, չի թույլատրվում աշխատել հիվանդ կենդանիների, դիակների հետ, ինչպես նաև իրականացնել տարածքների և բաղարկված այլ առարկաների մաքրման և ախտահանման աշխատանքներ:

 

ԳԼՈՒԽ 4. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՄԲ, ՊԱՀՊԱՆՄԱՄԲ, ՓՈԽԱԴՐՄԱՄԲ, ԱՌԵՎՏՐՈՎ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

11. Կենդանիների սեփականատերերը կամ տնտեսությունները և համայնքները սպասարկող անասնաբույժները, արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ, պահպանմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողները պարտավոր են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին անհապաղ տեղեկացնել ֆերմայում կենդանիների հանկարծակի, առանց ակնհայտ պատճառների անկման կամ հիվանդացության դեպքերի մասին:

12. Սիբիրյան խոցի հիվանդության կասկածի դեպքում անկած կենդանու դիակի դիահերձումն արգելվում է:

13. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանիչ միջոցների լրակազմով, ախտահանիչ նյութերով:

14. Սիբիրյան խոց հիվանդության լաբորատոր հաստատմամբ (նախնական դրական պատասխան) վարակված կենդանիների դիակները, ներքին օրգանները, մաշկը կենդանական ծագման հումքը և մթերքը, ինչպես նաև սննդի համար ոչ պիտանի ճանաչված ապրանքները հեռացվում են՝ այրվում և թաղվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 16-ի N 416-Ն հրամանի պահանջների համաձայն:

15. Լաբորատոր փորձաքննության արդյունքում սիբիրյան խոց հիվանդության հաստատման դեպքում կենդանիների դիակները, կենդանիներից ստացված մսեղիքը, ենթամթերքը և հումքը կամ դրանց հետ շփված մսեղիքը, սպանդային ենթամթերքը ենթակա են ոչնչացման՝ այրման միջոցով:

16. Տնտեսությունները, արտադրամասերը, փոխադրմամբ, պահպանմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողները պարտավոր են սարքավորումները, տրանսպորտային միջոցները ախտահանել:

17. Կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

 

ԳԼՈՒԽ 5. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

18. Սիբիրյան խոց հիվանդություն արձանագրվելու դեպքում ախտահանման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 18-ի N 2234-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի օգոստոսի 1-ի N 189-Ա համատեղ հրամանի համաձայն: Սիբիրյան խոցի հարուցչով բաղարկված առարկաների ախտահանման նպատակով օգտագործվում են ախտահանիչներ, որոնք թույլատրված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից՝ համաձայն դրանց կից մեթոդական ուղեցույցների, որոնք վերացնում են նաև սպորները:

19. Սիբիրյան խոցի օջախում ընթացիկ ախտահանում իրականացվում է հիվանդի տնային օջախում՝ մինչև հոսպիտալացումը և բժշկական կազմակերպությունում, որտեղ հոսպիտալացվել է պացիենտը: Եզրափակիչ ախտահանում իրականացվում է պացիենտի հոսպիտալացումից հետո՝ տնային օջախում և պացիենտի բժշկական կազմակերպությունից դուրս գրումից, իսկ մահվան դեպքում՝ դիակի տեղափոխումից հետո՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանի պահանջների:

20. Բժշկական կազմակերպությունում սիբիրյան խոցով պացիենտի կամ սիբիրյան խոց հիվանդության կասկածով մարդկանց հետ շփված բժշկական նշանակության բոլոր գործիքները, իրերը ենթարկվում են ախտահանման և վարակազերծման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանների պահանջների:

 

ԳԼՈՒԽ 6. ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Լաբորատոր հաստատմամբ սիբիրյան խոց հիվանդությունից մահացած մարդկանց դիակները դիահերձվում են` ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով, շրջապատի համար վտանգ ներկայացնող հատուկ վտանգավոր հիվանդություններից մահացածների դիակների հետ աշխատանքի համար վերապատրաստված ախտաբանաանատոմի կողմից, հատուկ վտանգավոր վարակների համաճարակաբանի մասնակցությամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի N 15-Ն հրամանի պահանջների:

22. Սիբիրյան խոց հիվանդությունից մահացած մարդկանց դիակի դիակիզումն ու հուղարկավորությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման պահանջների համաձայն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան