Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» հունիսի 2024 թ. 

N 219-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները և գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների` նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«18» հունիսի 2024 թ.
ք. Երևան

6/18/2024

 

 

 

Հավելված

շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի հունիսի «18»-ի 

N 219-Ն հրամանի

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ՝ ՆԻՏՐԱՏՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ջրային ռեսուրսների նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչներն ու գնահատման ընթացակարգը, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների չափանիշները։

2. Նիտրատների նկատմամբ խոցելի են համարվում այն հողատարածքները, որոնց տարալվացման արդյունքում ջրային մարմիններում դիտվում է նիտրատներով աղտոտվածության աճ։

3. Նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման համար անհրաժեշտ է բացահայտել.

1) խմելու ջրի մատակարարման աղբյուր հանդիսացող այն մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմինները, որոնցում նիտրատի պարունակությունը գերազանցում է 50 մգ/լ (11,3 մգN/լ), կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում նիտրատների պարունակությունը կարող է գերազանցել 50 մգ/լ (11,3 մգN/լ),

2) լճերը, ջրամբարները և գետերը, որոնցում առկա են ջրերի էվտրոֆացման նշաններ կամ աղտոտման կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում առկա է դրանց էվտրոֆացման հավանականություն։

4. Պայմանավորված ջրային մարմինների ջրհավաք ավազանից ազոտային միացությունների տարրալվացումով՝ առանձնացվում է նիտրատներով խոցելի տարածքների 3 տեսակ.

1) ջրերի աղտոտման բարձր հավանականության տարածքներ, որտեղ հողերի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի դրական հաշվեկշիռ,

2) ջրերի կարճատև աղտոտման տարածքներ, որտեղ հողերի չլվացման պայմաններում հողում նկատվում է ազոտի դրական հաշվեկշիռ,

3) ջրերի հնարավոր աղտոտման տարածքներ, որտեղ հողի լվացման և պարբերաբար լվացման պայմաններում նկատվում է հողերում ազոտի հավասարակշռության խախտում։

5. Նիտրատներով խոցելի տարածքները որոշվում են ջրային ռեսուրսների մոնիտորինգի դիտակետերի առկա դիտողական տվյալների վիճակագրական վերլուծության հիման վրա։ Արդյունքների հավաստիությունն ապահովվում է առնվազն 10 տարվա ընթացքում հավաքագրված դիտողական տվյալների վերլուծությամբ:

6. Արդյունքների հիման վրա յուրաքանչյուր գետավազանի համար սահմանվում են նիտրատներով խոցելի տարածքներ, որոնք ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում։

7. Նիտրատներով խոցելի տարածքների վերանայումն իրականացվում է վեց տարին մեկ անգամ ջրավազանային կառավարման պլանների վերանայման ընթացքում` վերջին 5 տարում կուտակված մոնիտորինգային դիտարկումների տվյալների և վիճակագրական վերլուծության հիման վրա: Յուրաքանչյուր վերանայման համար հողում ազոտի մնացորդը հաշվարկվում է վարչական շրջանից ոչ բարձր մակարդակով:

8. Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտումը նվազեցնելու կամ կանխարգելելու նպատակով մշակվում են միջոցառումներ, որոնք պետք է ներառեն ազոտական պարարտանյութերի կիրառման և անասնագոմաղբի պահեստավորման սահմանափակումներ՝ հաշվի առնելով տվյալ խոցելի տարածքի բնութագրերը, մասնավորապես՝ հողի տեսակը և թեքությունը, կլիմայական պայմանները, տեղումները, ոռոգումը, հողօգտագործման և գյուղատնտեսական պրակտիկաները, ներառյալ ցանքաշրջանառությունը։

9. Միջոցառումները տվյալ խոցելի տարածքում պետք է ապահովեն հավասարակշռություն մշակաբույսերի համար ազոտի պարունակության կանխատեսելի պահանջների և հողից, պարարտանյութերից մշակաբույսերին անցնող ազոտի չափերի միջև։

10. Միջոցառումները կապահովեն, որ յուրաքանչյուր գյուղի տնտեսության կամ անասունների ֆերմայի դեպքում, յուրաքանչյուր տարի հողին արհեստական և բնական ճանապարհով խառնվող անասունների գոմաղբի քանակությունը չգերազանցի մեկ հեկտարի համար նախատեսված քանակությունը։ Գոմաղբի քանակությունը հաշվարկվում է անասունների գլխաքանակով՝ հաշվի առնելով միջազգային ընդունված գործակիցները։ Մեկ հեկտարի համար միջազգայնորեն սահմանված քանակությունը 170 կգ ազոտ պարունակող գոմաղբի քանակն է: Սկզբնական փուլում կարող է սահմանվել այլ քանակություն՝ չխոչընդոտելով նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված գործընթացները։

11. Գյուղատնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները սահմանվում են ջրավազանային կառավարման պլաններով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան