Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0940-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1993-31.03.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/19
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետության բանկերի և բանկային գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 6-րդ կետի «ե» ենթակետի և 8-րդ կետի «գ» ենթակետի պահանջներից,

հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» օրենքի 10 հոդվածի 4-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 16 հոդվածների պահանջները,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական սեփականություն կարող են ներդնել.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմնի` բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին.

բ) պետական ձեռնարկությունները` բացառապես պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով շահույթի բաշխումից հետո մնացած ազատ միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բանկերում պետական սեփականությունը ներդրվում է բացառապես դրամական միջոցներով:

3. Սահմանել, որ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բանկերում ոչ դրամական միջոցներով նախկինում իրականացված պետական սեփականության ներդրումները վերաձևակերպվում են որպես դրամական ներդրումներ, իսկ տրամադրված ոչ դրամական միջոցները վերադարձվում են ներդրողներին:

4. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառությունը կարգավորելու, ներքին շուկան պաշտպանելու, արժութային ինտերվենցիաների բացասական ազդեցությունը կանխարգելելու և դրա հետ կապված հարցերը օպերատիվ լուծելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով նախատեսված ֆունկցիաների և դրամաշրջանառության կազմակերպման ու կոորդինացման աշխատանքների իրականացման լիազորությունները մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը վերապահել Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին:

6. Իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի որոշումների և հանձնարարականների  կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարների, պետական վարչությունների, գերատեսչությունների, բանկային համակարգի կազմակերպությունների, բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար:

7. Հայաստանի Հանրապետության`

ա) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Բանկերի և ֆինանսական կազմակերպությունների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) մեկամյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության գործող նորմատիվային ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

8. Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի անդամներին և աշխատանքային խմբերում ներգրավված մասնագետներին բացառության կարգով թույլատրել հանձնաժողովում և աշխատանքային խմբերում աշխատանքները համատեղել իրենց հիմնական աշխատանքի հետ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


13 հոկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 335, կետ 1
հ.ն-0940-1